Ինչպե՞ս անցկացնել ինքնագիր-սեսիա

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Իհարկե, չի քննարկվում այն հարցը, որ Դուք ծնվել եք մարդկությանը լուսավոր գաղափարներով սնելու, ճշմարիտ ուղին մատնացույց անելու և անգիտության խավարի մեջ խարխափող ամբոխին աստվածայինը հասցնելու, միգուցե նաև աշխարհը փրկելու համար:
Քանի որ արդեն սեռահասուն եք և հասկացել եք, որ վեհ աստվածային գիր ստեղծելուց զատ պետք է նաև շատ սովորական ու ճղճիմ-մարդկային ինքնաքարոզչական գործունեությամբ զբաղվել, ապա շատ չկրճատեմ Ձեր աշխարհիկ կյանքի ժամանակն ու միանգամից անցնենք գործի:
Առաջին դասը նվիրված է ինքնագիր բաժանելու, կամ որ ընդունված է հիմա ասել` ինքնագիր-սեսիայի կազմակերպման և իրականացման մութ ծակուծուկերն ուսումնասիրելուն:
Ինքնագիր-սեսիան սովորաբար անց է կացվում գրախանութներում: Որպես կանոն, խանութի ղեկավարությունն ընդառաջում է հեղինակներին, եթե նրանք ինքնագրեր բաժանելու առաջարկությամբ են հանդես գալիս, քանի որ դա նորաձև է և մի քանի գիրք ավել ծախելու հույս է ներշնչում:
Խոսեք խանութի տնօրենի հետ, իմացեք, թե ո՞ր օրերին ու ժամերին է այցելուների մեծ հոսք լինում և միջոցառումն այդ ժամին նշանակեք: Խնդրեք գանձապահներին, որպեսզի նրանք ամեն մի հաճախորդի ասեն, որ այսինչ օրն այսինչ ժամին գրախանութում կայանալու է հանդիպում այսինչ հեղինակի հետ: Ավելի լավ կլինի, եթե նրանք փոքրիկ, այցեքարտի չափ թռուցիկներ բաժանեն այդ տեղեկատվությամբ: Թռուցիկներ կարելի է պատվիրել մոտակա տպագրատանը, կամ տպել ինքնուրույն` printer մակնիշի տնական տպիչով: Մի երկու օր առաջ խանութի մուտքի մոտ պետք է կախել մեծ հայտարարություն Ձեր միջոցառման մասին: Ավելի լավ է ճաշակով ձևավորված պաստառ օգտագործել այդ նպատակի համար, բայց եթե միջոցները սուղ են, սովորական համակարգչային շարվածքն էլ յոլա կտանի:
Հրաշալի միտք է ճաշակով էջանիշեր պատրաստելը: Տեղադրեք նրանց վրա գրքի անվանումը, հեղինակի(Ձեր) անունը, կայքի հղումը և գրքի համառոտ մեկ–երկու նախադասությամբ նկարագրությունը: Նախապես մի քանի հարյուր էջանիշեր տպագրեք և խնդրեք վաճառողներին խցկել դրանք հաճախորդների գնումներով տոպրակ:
Ի դեպ, մայրաքաղաքային գրախանութներով մի սահմանափակվեք: Եթե նույնը կազմակերպեք մարզկենտրոններում, ապա հնարավոր է նույնպես հաջողություն ունենաք: Մարզերում այնքան էլ հաճախակի չեն մշակությային իրադարձությունները և այնտեղ Դուք շատ ավելի մեծ ուշադրության կարժանանք:
Նախապես ճշտեք, թե արդյոք գրախանութում պատշաճ վիճակի ազատ սեղան և աթոռներ կա՞ն:
Եկեք միջոցառումից մի կես ժամ շուտ, որպեսզի ամեն ինչ ինչպես հարկն է նախապատրաստեք:
Միջոցառումից առաջ խնդրեք տնօրինությանը, որպեսզի Ձեզ ներկայացնեն խանութի աշխատակիցներին և նրանց համառոտ ներկայացրեք գիրքը:
Եթե որոշեք գովազդային թռուցիկներ (ֆլայերներ) պատրաստել, ապա միայն խանութով մի սահմանափակվեք, տարեք դրանք հանրային գրադարաններ և այլ վայրեր, ուր կարող են հավաքվել ձեր հնարավոր գնորդները:
Եթե հաջողվի համաձայնության գալ գրախանութի տնօրինության հետ, ապա միջոցառման օրը Ձեր գրքերը թող տեղավորեն դրամարկղի մոտ: Հրաշալի կլինի, եթե հաջողվի նաև գրքերի մոտ հայտարարություն փակցնել, օրինակ. «Այսօր, ժամը 16:00-18:00 գրախանութում կկայան բանաստեղծուհի Տաթև Արծրունու նոր «Գնա մեռի, արի սիրեմ» գրքի ներկայացումն ու ինքնագիր-սեսիան»:
Ձեր միջոցառմանը հրավիրեք հնարավորինս շատ հարևան-բարեկամների, որպեսզի նրանք ամբոխ ձևավորեն ձեր սեղանի մոտ: Մարդիկ սենսացիայի մեռած են և շատ հաճախ գիրքը կարող են գնել հենց միայն «բոլորն առնում էին` ես էլ առա» պատճառով:
Խոսեք մարդկանց հետ: Պատմեք նրանց Ձեր գրքի մասին, հրավիրեք նրանց շփվելու: Եթե սուսիկ-փուսիկ նստեք Ձեր սեղանի մոտ, ոչ մեկ Ձեզ չի մոտենա:
Նախապես պատրաստվեք, թե ինչ եք պատասխանելու. «Իսկ ինչի՞ մասին է Ձեր գիրքը» հարցին: Պատասխանը պետք է հստակ, կարճ ու տպավորիչ լինի, բայց ոչ խուսափուկ, ինչպես ասենք` «Գիտեք, ես երբեք չեմ պատմում իմ գրածների մասին»` սա ամենահեշտ ու անարդյունավետ պատասխանը կլինի:
Եթե մարդը կանգնել է ձեր սեղանի մոտ, ներկայացեք ու գիրք մեկնեք նրան: Մարդիկ սովորաբար (հաճախ` էշ-էշ) վերցնում են այն, ինչ նրանց մեկնում են, ու քանի որ վերցրել են` թերթում են, ուսումնասիրում: Եթե մարդը սկսեց կարդալ, մի շեղեք նրան:
Եթե գրախանութում ինտերնետ չկա, ապա ձեռք բերեք անլար ինտերնետի սարք ու նոութբուք, տեղավորեք այն ձեր սեղանիկի վրա, և մինչ Դուք գիրք եք մակագրում, հաճախորդները թող քչփորեն ձեր կայքը (կամ բլոգը):
Ամեն դեպքում մեծ վաճառքների հույսեր մի փայփայեք, միջինը սկսնակ հանճարը 4-7 գիրք է վաճառում մի երեկոյի ընթացքում: Ինքնագիր-սեսիայի նպատակը ձեր անխուսափելի գոյության մասին ընթերցողներին տեղեկացնելն է ու որ ամենակարևորն է` գրախանութի աշխատակիցների հետ ծանոթությունը: Եթե նրանց դուր եկաք, նրանք հավեսով կվաճառեն Ձեր գրքերը:
Այնպես որ, նույնիսկ եթե ամեն ինչ ահավոր է անցել, Ձեր դժգոհությունն ու «ադրբեջանի դեմքը» ի ցույց մի դրեք գրախանութի վաճառողներին ու տնօրինությանը` դա նրանց համար կարող է սովորական դառնել:
Գրքերը մակագրելուց անպայման հարցրեք, ուզո՞ւմ է, արդյոք, ընթերցողը, որ ինքնագիրն անվանական լինի: Եթե վստահ չեք, թե ինչպես է գրվում գնորդի անուն ազգանունը` ճշտեք:
Ֆոտոխցիկ բերեք Ձեզ հետ և նկարվեք խանութի տնօրինության հետ: Ջանացեք, որ կադրում նաև Ձեր գիրքը լինի: Ոչ թանկ շրջանակ առեք, լուսանկարը դրեք շրջանակի մեջ և ուղարկեք խանութի ղեկավարությանը: Կարելի է նրանց առաջարկել «Պատվո պատ» ստեղծել, որտեղ գրողների լուսանկարներ կլինեն:
Կարելի է նաև նկարվել գնորդների հետ, նրանցից վերցնել էլ-փոստի հասցեներն ու ուղարկել էլեկտրոնային նամակով: Ի դեպ, այդպիսով հնարավոր է էլեկտրոնային հասցեների ցանկ ստեղծել հետագա առաքումների համար: Սեղանին դրեք նաև ընթերցողական տպավորութ­յուն­ների հավաքածու: Լավ կլինի, եթե այնտեղ առաջին էջում կլինեն հեղինակավոր (օրինակ` Կարեն Անտաշյանի) կարծիքներ: Առաջարկեք կարդալ այն յուրաքանչյուրին, ով ինչ-որ հետաքրքրություն կցուցաբերի գրքի հանդեպ: Ամեն դեպքում մի քանի օրինակ տպեք, որովհետև այցելուներից ոմանք միգուցե ուզենան այն վերցնել իրենց հետ:
Ջանացեք, որ Ձեր ինքնագիրն անդեմ ու անկապ չլինի: Ֆիրմային արտահայտություն հորինեք` բարեմաղթանք, կամ շնորհակալական խոսք: Ամսաթվի մոտ գրեք նաև Ձեր կայքի հասցեն, եթե այն գրքի վրա նշված չէ:
Շնորհակալություն հայտնեք նրանցից, ովքեր օգնեցին իրականացնել Ձեր ինքնագիր-սեսիան (այդ թվում նաև Գրանիշի խմբագրությանը այս մեթոդական ցուցումի համար): Վաճառողուհիներին մեկական ծաղիկ կամ շոկոլադ նվիրեք, բայց անպայման բոլորին, որ Ձեզ սխալ չհասկանան:
Այցելեք այլ գրողների ինքնագիր-սեսիաներին: Հարմար պահի ներկայացեք: Հետևեք, թե ինչն է նրանց մոտ լավ ստացվում, իսկ ինչը` ոչ: Սովորեք և կիսվեք փորձով:

Ձեզ հետ անպայման վերցրեք

› Սփռոց (հնարավոր է Ձեզ տան պահեստանոցից հանված Նոյի թվի փոշոտ կամ անբարետես սեղան և հարկ լինի արագ այն մարդաշնորհքի բերել)
› A4 չափի սպիտակ թղթեր
› Նախապես տպագրված հայտարարություն, այն մասին, որ հիմա խանութում տեղի է ունենում ինքնագիր-սեսիա
› Սկոթչ (հայտարարությունները փակցնելու համար)
› Գրքի մասին տպավորությունների հավաքածու և մի քանի պատճեներ
› Այցեքարտեր
› Մկրատ
› Մի քանի գրիչ
› Մի քանի շիշ ջուր
› Թարմ շնչառության համար հաբեր կամ կոնֆետ
› Գովազդային նյութեր` էջանիշեր, բրոշյուրներ և այլն (եթե կան)
› Վահանակով կամ կախիչով պաստառ (եթե կա)
› Ֆոտոխցիկ

հգ
Եթե Ձեզ լայն ժպիտով մոտեցել է անծանոթ մեկն ու հիշեցնում է, որ Դուք Ֆեյսբուքի ընկերներ եք, մի ասեք նրան, որ Ձեր ընկերների ցանկում կա առվազն 3500 մարդ և Դուք, բնականաբար, բոլորին չեք կարող իմանալ, ժպտացեք, խոսեք անսեռ բաներից, մինչ կփորձեք մտաբերել մոլորյալին, իսկ եթե դա էլ չհաջողվի, մակագրելիս ուղղակի հարցրեք նրա ազգանունը, նա անպայման անունը նույնպես կասի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *