Aliqmedia.am / Ես ստեղծում եմ

Հարցազրույցը՝ Վիկտորիա Սամուելի

Ժամանակակից բանաստեղծ, էսսեիստ Կարեն Անտաշյանի հետ, ով արդեն 4 բանաստեղծական գրքի հեղինակ է, խոսել ենք սիրտն ամրապնդելու, սերը կիսելու ձեւից, մետամոդեռնիզմից, ցավերի հետ մեր հարաբերություններից, եւ ստացվում է՝ հենց այս մարդուց, ով ասում է․

«Մեղվի մի տարվա աշխատածը
հալալ ախպերափայ արինք իրար մեջ,
իրար, ոչ՝ մեր ու մեղվի, որովհետեւ
մարդուն ամենից շատ տառապանքն է տրված
բոլոր արարածներից —
պետք է քաղցրով ամրապնդել
թախծող սրտի թուլությունը»։

Էլ ինչպե՞ս ես ամրապնդում թախծող սիրտը։
Ծանր, մաշող աշխատանքով, հենց ֆիզիկական, ոչ մի ինտելեկտուալ խուսանավում՝ քարքարոտ հողի մեջ 75 × 75 × 60 փոս փորել ծառատունկի համար, 35 այդպիսի փոս: Ճռճռացող ոսկորների, թելատվող մկանների ու տնքացող ողերի գվվոցը մեռցնում է ցանկացած էքզիստենցիալ թախիծ, գոյություն ունենալու հավաստի նշաններ է ստեղծում եւ մի տեսակ բնական արդարացում այդ գոյության համար։ Հավատարմություն ռամիկի ինքնորոշմանը։

Ինչպե՞ս ես կիսում սերը։
Սերը սահմանափակ ռեսուրս է, որի հիմնական մասը սպառվում է տանը, մի քիչ էլ բաժին է հասնում ընկերներին, վայրի արարածներին եւ հազվադեպ՝ անծանոթ մարդկանց, ում հետ հոգեւոր արյունակցական կապ եմ զգում․ թեպետ ծեծված «հոգեւոր» բառից խուսափելու համար ավելի ճիշտ կլինի ասել՝ կյանքի հետազոտության գործում գաղափարակից ընկերներին։

Չեմ հավատում անսպառ, համախառն, տիեզերական, ունիվերսալ սիրո ջատագովներին, չեմ հավատում հանդուրժողականությանը՝ այն համարելով իրական ապրումները բարեկիրթ ու պոլիտկոռեկտ վարքի տակ թաքցնելու պրակտիկա։ Քանի որ սերը, ինչպես ասեցի, քիչ է, աշխարհը տանելի դարձնելու համար պետք է սովորել այլը, անիմանալին, անորսալին, անհասկանալին, ուրիշը ընդունել որպես այդպիսին, հետո ճշգրտել քո ով լինելու սահմաններն այնպես, որ այդ բաները նույնպես տեղավորվեն ինքնությանդ մեջ։ Դու կռիվ չունես նրա դեմ, ինչն անվերապահորեն քո ինքնության մասն է։

Ի՞նչ խնդիրներ է հիմա լուծում քո ուղեղը։
Ընթացիկ թասքլիստս ահռելի մեծ է եւ ժամանակ առ ժամանակ բովանդակային իմաստով փոխվում է տրամագծորեն, բայց եթե ընդհանրացնելու լինեմ երկար ժամանակի համար, ապա ամեն ինչ հիմնականում հանգում է հարակայուն ձանձրույթը հաղթահարելու նպատակով նոր փարձառություններ փնտրելուն։ Սա ինձ համար բուրժուական վերամբարձ հոգս չէ, այն չափազանց իրական է, եւ ես ինչ փորձի ու փորձանքի մեջ ասես, որ չեմ գցի ինձ՝ ապատիայի հերթական այցից պլստալու համար։

Karen Antashyan

Ո՞վ է քո մեջ ապրող դեւը։
Ձանձրացկոտը։

Ո՞ր սիմֆոնիայի ռիթմով ես ապրում։
Քարերի:

Ինչի՞ց կարող ես անսպասելի փշաքաղվել։
Երբ երեկոյան միանգամից սկսում է ցրտել, իսկ ես թեթեւ եմ հագնված, անսպասելի դող է անցնում մարմնովս, եւ ես փշաքաղվում եմ։ Սա փաստն է, թեեւ ձեր հարցը փոխաբերական իմաստով պատասխան է ակնկալում։ Ա՛յ դրա շուրջ եկեք մտածենք, թե ինչու մարդը հաճույք չի ստանում ուղիղ եւ ակնհայտ բաներից, նրան ավելի շատ հուզում են փղի նման ժայռը, դեմքի նման ամպը, բզեզի նման մեքենան. իմաստների կրկնակի կոդավորումն ինձ անհայտ պատճառներով խթանում է հաճույքի հորմոնների արտադրությունը, երեւի բանը բանին կապելու մեր իբր հմտությունը վարժեցնելու համար մեր ուղեղը մեզ խրախուսական մրցանակ է տալիս այդպիսով։

Karen Antashyan

Չաք Փոլանիքը, ումից մեջբերումներ ես արել եւ թարգմանել, կարծում էր, որ ամենամաքուր խնդությունը չարախնդությունն է։ Դու ի՞նչ ես կարծում։ Ո՞րն է ամենամաքուր խնդությունը։
Փոլանիքը կծու, էպատաժային հումորի վարպետ է, չգիտեմ՝ իրական կյանքում ինչպիսին է։ Ես էլ եմ սիրում կեղտոտ անեկդոտներ ու չար կատակներ, բայց կյանքում ամենաանհիշաչար ու իմ ատելության մեջ ամենաանհետեւողական մարդն եմ, այն աստիճանի, որ հաճախ գիտեմ, որ էսինչին չեմ սիրում, կայուն՝ տանել չեմ կարողանում ինչ-որ պատճառով, բայց եթե հարցնես պատճառը, դիպվածը, առիթը, որ ինձ ստիպել է մնայուն վատ կարծիք կազմել, երբեք չեմ հիշի։

Որտե՞ղ են մեռնում երազանքները։
Երազանքներ ունենալը կուսության նման մի բան է, վաղ թե ուշ պետք է հրաժարվել իրականությանը վերաբերվելու քո այդ միամիտ կանխակալությունից հանուն իրականի փորձառության։ Իրականությունը տեսնելու եւ ընդունելու կարողությունը անհամեմատ ավելի թանկ արժե, քան երազելու կարողությունն է։ Ես երազում էի Արարատին նայող մեծ լուսամուտներով տուն ունենալ, իսկ երբ ունեցա, պարզվեց, որ Արարատը իրականում տարվա մեջ հաշված օրեր է երեւում, իսկ մնացած ժամանակ դու նայում ես մշուշով փակված հորիզոնին։ Հիմա եթե ատես այդ մշուշը, կյանքդ գեշ թունավորած կլինես, պետք է ընդունել, որ հորիզոնի վրա ավելի շատ մշուշն է գերիշխում, քան Արարատը։

Ինչի՞ց ես դժվար գլուխ հանում։
Երաժշտությունից, եթե երկու երաժիշտ կամ երաժշտասեր սկսեն խոսել մասնագիտական տերմիններով, ես ոչինչ չեմ հասկանա, ուրիշ այդպիսի ոլորտ չկա թերեւս։ Ընդհանրապես ես ինձ առհասարակագետ մոտավորական եմ համարում, այսինքն՝ առհասարակ ամեն ինչից իբր մոտավոր պատկերացում ունեցող անձ։

Ի՞նչ անել մեր ցավերի հետ։
Դու եւ քո ցավը նույն բանը չեք։ Երբ դու քեզ նույնականացնում ես բաների հետ, որոնք դու չես, բնական ձեւով առաջանում է խզման ու դիմադրության ահռելի էներգիա կամ ցավ։ Այն, ինչ ցավում է, դու չես, պետք է ընդունել սա։

Դու թարգմանել ես նաեւ Լյուկ Թըրների «Մետամոդեռնիստի մանիֆեստը» գործը, եւ ես ուզում եմ հարցնել՝ ընդունե՞լ ես, որ տատանումն աշխարհի բնականոն կարգն է։
Այո՛, թերեւս, իսկ ինչո՞ւ ոչ։

Karen AntashyanԵ՞րբ եւ ինչի՞ց հետո։

Մետամոդեռնիզմը եվրոռեմոնտ է պոստմոդեռնիզմի փակուղում, բայց այն դատապարտվածությունը ծաղկեցնելու արժանահավատ պատրանք է ստեղծում։ Մոտավո

րական եմ համարում, այսինքն՝ առհասարակ ամեն ինչից իբր մոտավոր պատկերացում ունեցող անձ։

Ի՞նչ անել մեր ցավերի հետ։
Դու եւ քո ցավը նույն բանը չեք։ Երբ դու քեզ նույնականացնում ես բաների հետ, որոնք դու չես, բնական ձեւով առաջանում է խզման ու դիմադրության ահռելի էներգիա կամ ցավ։ Այն, ինչ ցավում է, դու չես, պետք է ընդունել սա։

Դու թարգմանել ես նաեւ Լյուկ Թըրների «Մետամոդեռնիստի մանիֆեստը» գործը, եւ ես ուզում եմ հարցնել՝ ընդունե՞լ ես, որ տատանումն աշխարհի բնականոն կարգն է։
Այո՛, թերեւս, իսկ ինչո՞ւ ոչ։

Karen AntashyanԵ՞րբ եւ ինչի՞ց հետո։

Մետամոդեռնիզմը եվրոռեմոնտ է պոստմոդեռնիզմի փակուղում, բայց այն դատապարտվածությունը ծաղկեցնելու արժանահավատ պատրանք է ստեղծում։ Մոտավորապես այսպես. դու անվանում ես անորոշությունը անորոշություն, եւ արդեն այն էդքան էլ սարսափելի չի թվում։

Իսկ ընդունե՞լ ես ցանկացած շարժմանն ու փորձառությանը բնորոշ սահմանափակությունը։ Եվ հե՞շտ է շարունակել աշխատել, ապրել, երազել այդ գիտակցումով։

Այո՛, ես ընդունել եմ Արարատին թաքցնող մշուշն իբրեւ գերակայություն եւ Արարատի հայտնվելուն սպասելու իմ երազկոտ թուլությունը՝ իբրեւ երազկոտ թուլություն։

Որտե՞ղ ես կարգի բերում ներսդ։

Անկողնում, արթնանալուց հետո, օրը կես ժամ։ Իհարկե կողքի աչքով դժվար է այնկողմնայինը տարբերել անկողնայինից, քանի որ ամեն ինչ ներսում է կատարվում։ Կարող ենք նաեւ ներարթնության պրակտիկա անվանել, որ յոգայով հետաքրքրվող տիկնայք ավելի շատ սիրեն ինձ, բայց կարող ենք նաեւ անվանել ծույլ անգործությամբ աշխատանքային օրվանից կես ժամ խլելու բացառիկ հմտություն։

Ի՞նչը կարող է վերածնել քեզ։
Բանաստեղծությունը․ ուզում էիր՝ չստացվեց, գրում ես բանաստեղծություն ուզենալ-չստացվելու մասին, եւ առնվազն շանս կա լավ բանաստեղծություն հետ գցելու ուզենալ-չստացվելու արատավոր շղթայից, որի մեջ անվերջ մեզ ներգրավում եւ շահագործում են մեր հույսերը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *