Զրույցը վարեց Գոհար Մխիթարյանը
– Ասում են մարդու խառնվածքն ու վարքը գոյացնող շատ ազդակներ նրա մանկությունից են գալիս:
Ընդհանրապես վատ հիշողություն ունեմ, ավելի շատ հիշում եմ զգացողություններս, վերաբերմունքս, երազում տեսածս, քան փաստերն ինքնին, թվեր` ընդհանրապես չեմ հիշում: Շատ վաղ մանկությունից մի քանի դրվագ է տպավորվել, որոնք այնքան վառ են, որ երբեմն թվում է` ավելի շուտ երազում եմ տեսել, քան եղել են իրականում, կամ մերոնց պատմածներն ու հին լուսանկարներն այնպես եմ երևակայել, որ որոշ ժամանակ անց ինձ թվացել է, թե այդ հենց իմ սեփական հիշողությունն է: Այսինքն շատ կասկածելի նստվածք է ձեռքբերովի հիշողությունը, որովհետև երբեք չգիտես, թե որքանով է այն քոնը և որքանով է իրական:
-Ի՞նչ ես հիշում մանկությունից և ի՞նչ չես հիշում:
Հայրական պապս վարպետ շինարար էր, բանավոր գիտելիքի մեծ շտեմարան: Փոքր հասակում մի քանի ամառ ես, պապս ու տատս գնացքով գնացել ենք ծով. գնացքով գնալը չեմ հիշում, բայց հիշում եմ փայլաթիթեղի մեջ փաթաթած եփած հավը, որ տատը ճաշին դնում էր վագոնի սեղանին, ծովը չեմ հիշում, հիշում եմ ծովում մի անգամ խեղդվելս, հիշում եմ խխունջների մնացորդները, որ խելագարվելով հավաքում էի թաց ավազների միջից ու կուտակում պապի ծխախոտի տուփերում, քաղաքն ու արևը չեմ հիշում, բայց հիշում եմ ոտքերիս այրոցը, երբ ինձ իջեցնում են ծովափին շիկացած հսկա կերամիկական խխունջի մեջ` ընտանեկան լուսանկարի համար, նավով ճամփորդելը չեմ հիշում, բայց հիշում եմ թղթե տոպրակները, որ ճերմակ նավի վրա բաժանում էին սրտխառնոցի համար: Պապիս պատմած անթիվ հեքիաթներից ու առակներից գրեթե ոչ մի պատառ չի մնացել մտքիս, բայց հիշում եմ ալիքների մեջ ժայռացած նրա փրչոտ սև լանջը, նրա թութունահոտ շունչը ու ծակծկան պաչերը: Վերջերս ինչքան իրեն այցի եմ գնացել` հասկացել եմ, որ նա իրականում Օձունում թաղված չէ, նա այնտեղից իջել է Ալավերդի, Ալավերդուց` Վանաձոր, Վանաձորից հասել է Երևան, ավարտել ճարտարագիտական մենեջմենթի մագիստրատուրան, ծանր ֆիզիկական աշխատանքի համար նախատեսված իր լեռնացու պինդ կմախքին սերտաճած ճիլոպ մկանային համակարգը կրում է նստակյաց էլեկտրոնային գործերում, բանաստեղծություններ է գրում, ֆեյսբուքի ստատուսներ հորինում, փորձում է առաջադեմ ու ազատամիտ երևալ` զուգահեռ փող կուտակում հող առնելու և գյուղ վերադառնալու համար և տանջվում արդեն մի քանի հազար տարի ձգվող գլխացավից:
– Գլխացավն իրակա՞ն է, թե փոխաբերական:
Շաբաթական մեկ-երկու անգամ ինձ տապալող այս գլխացավը արդեն գեների հիշողությունն է՝ իմ, պապիս, նրա պապի գլուխներն ու դրանց ընթացիկ պարունակությունը փոխվում են, իսկ գլխացավը շարունակում է հա պլստալ ու պլստալ՝ գլխից գլուխ անցնելով հաջորդ փուլ: Երբեմն ինձ թվում է, որ եթե այս գլխացավը ինձ չնեղի՝ ես ապրելու թեթևության հաճույքից կմեռեմ: Բնությունը գենետիկ հիշողությանն է վստահում՝ անվերջանալի պատճենումներին ու աննշան փոփոխություններին, որոնք թերևս, անսխալական են, բայց չափազանց դանդաղկոտ` մի առանձնյակի կյանքի համեմատ: Մարդկանց քաղաքակրթությունը գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ, հիմա սոցիալական հիշողությունն ու ձևերի պատմությունը ավելի արագ են փոխում աշխարհը, որովհետև միջավայրը փորձում են հարմարացնել մեզ, մինչդեռ գեները մեզ էին փոխում՝ միջավայրի համեմատ: Օպերատիվ հիշողությունը գնալով ծավալվում է ու մանրամասնվում, գնալով չափազանց շատ տեղեկատվական աղմուկ է արձանագրվում արտաքին կրիչներում և մենք ավելի ու ավելի քիչ բովանդակություն ենք ստիպված պահել ներսում, քանի որ Ֆեյսբուքն ու Գուգլն ամեն ինչ հիշում են մեր մասին, քիչ-քիչ նաև մեր փոխարեն, բայց դա արդեն փաստերի հիշողություն է, ոչ թե զգացողությունների:
-Իսկ եթե մոռանանք գենետիկ հիշողությունն ու վաղ մանկական անեմիան, որտեղի՞ց է սկսվում Կարեն Անտաշյանի կենսագրությունը:
Ինչպես ամեն պատմություն` սկսվում է փաստից: Առաջին քիչ թե շատ ամբողջական փաստը, որ հիշում եմ` 1988 դեկտեմբերի 7-ին է եղել: Ես հինգ տարեկան եմ, այն աթոռակը, որի համար մանկապարտեզում ես ու խմբից մեկ այլ տղա անընդհատ պայքարում ենք` այդ օրն ինձ է հասել: Մենք ամեն օր շտապում ենք վայրկյան առաջ հասնել պարտեզ, որ տիրանանք բաղձալի ավարին, որի հենակը կիսակլոր է ու մի քիչ բարձր, մինչ մնացածինը` տափակ, վերևում երկու մատնաչափ ծակերով, չէ` հաջողակ օր է, հպարտորեն նստած եմ երեխաների երկար, ուղիղ շարքի գրեթե կենտրոնում, աշխատում եմ չնայել մյուս տղայի կողմը, չմտածի, թե հաղթել եմ մրցակցության մեջ, ես` արժանացել եմ ԻՄ աթոռին իբրև դրա համար նախատեսված, իսկ ինքը թող իր տեղը ճանաչի: Հանկարծ` աղմուկ, դղրդոց, հարկը ցնցվում է մի քանի վայրկյան, անկյունում` սեղանիկի վրա դասավորված խաղալիքների բլուրը քանդվում է գետնին, շարքից ոչ ոք դուրս չի գալիս, բայց երկու աղջիկ վախից սկսում են բարձրաձայն լացել: Մի քանի վայրկյան լռությունից հետո` նորից դղրդոց ու հարկը երերում է օղակաձև պտույտներով, այս անգամ բոլոր երեխաները ծղրտոցով այս ու այն կողմ են վազում, դաստիարակչուհին երեխաներին արագ-արագ սկսում է ցած իջեցնել աստիճաններով, որը հենց մեր առջևում է, իսկ ես ամուր կպած եմ աթոռիս, համոզված եմ, որ այս սքանչելի օրը չի կարող հենց այսպես անկապ ավարտվել, ես կվայելեմ աթոռակին տիրելու հաճույքը մինչև վերջ, բոլորն իջել են արդեն, դաստիարակչուհին թևիցս քաշելով ինձ էլ է տանում դեպի աստիճանները, սրահում էլ ոչ ոք չկա, մի քանի քայլից ես փայլուն միտք եմ հղանում` աթոռը կվերցնեմ հետս, պոկվում եմ կնոջ ձեռքից ու վազում դեպի այն, պանելների արանքից շիթերով փոշի է թափվում ու լցվում աչքերս, ոչինչ չեմ տեսնում, մտքափոխվում եմ ու հետ վազում դեպի աստիճանները, այդ պահին պանելներից մեկի հենարանը քանդվում է ու այն մի եզրով ուղղակի կախվում է աթոռակների վրա` փշրելով դրանք:
-Մեծացա՞ր այդ օրը:
Մեծացա ինքս իմ հանդեպ: Թեպետ մեծանալը սովորաբար բնորոշվում է նրանով, որ բազմաթիվ սահմանումների ես ընտելանում և շատ բաների անուններ սովորում, որոնք եթե դու անվանակոչեիր, բոլորովին ուրիշ հնչողություն կունենար աշխարհը: Մի պահ պատկերացրու, որ քո իմացած բաների մեծ մասը ժամանակավոր նշանակված ու այդպես էլ չվերանայված պայմանականություններ են. ես իմ… օրինակ մեծացանք ու իմացանք, որ մեր կյանքի մի մասը ապրել ենք սովետական միությունում, իսկ մյուսը` անկախ Հայաստանում, իմացանք, որ մեր մանկության մեծ մասը ժողովրդական բանահյուսության մեջ հայտնի են իբրև մութ և ցուրտ տարիներ, իսկ դոմիկ բառի մեջ իրականում շեշտը դրվում է ոչ թե վերջին, այլ առաջին ձայնավորի վրա, ու այն ընդհանրապես դոմիկ էլ չէ, այլ` ժամանակավոր բնակության համար նախատեսված ինքնաշեն տնակ, որում մենք մի ամբող տաս տարի մաշեցինք:
-Այդ ժամանակներից պատմիր. մեր սերունդն ի վերջո հաղթահարե՞ց սովետի փլատակներն ու անկախության մութուցուրտը, թե այդպես էլ չկայացավ, չգտավ ինքն իրեն:
Երկրաշարժից հետո Կիրովական-Վանաձորը շատ արագ սկսեց տնակապատվել, այն տնակը, որ հայրիկն էր սարքել, գտնվում էր ֆուտբոլի դաշտում գոյացած տնակային ավանում` հենց ֆուտբոլի դարպասների մեջ: Իմ ու եղբորս համար դա առանձնահատուկ զվարճալի էր: Միջտնակային ծուռտիկ-մուռտիկ անցումների լաբիրինթոսում, կիսավեր գործարանների ու շենքերի խորհրդավոր փլվածքներում ինչպիսի գայթակղիչ դևեր ու գաղտնիքներ էին ապրում, մանկությունս արկածներով լի եմ հիշում` ինչպիսին որ այն պետք է լինի իսկական` քերծված ծնկներով, համարձակ հետազոտական արշավներով, կռիվներով, հրաշալի բացահայտումներով: Հիշում եմ մի անգամ ես ու եղբայրս գործարաններից մեկում մի մեծ պարկ կարմիր ներկ էինք գտել ու մի գիշերվա մեջ շաղ տվել մեր ամբողջ ձյունածածկ ավանում: Պատկերացնում եք առավոտյան ձյունաճերմակի վրա համատարած կարմիրի մեջ արթնացած ժաղովրդի սարսափը: Ամառային արձակուրդներս գյուղում էին անցնում առաջին օրից մինչ վերջինը` Հաղպատում: Գյուղի պապիս ու տատիս օգնում էի տնտեսության մեջ, մինչ այծերի հոտը սար էր գնում, ուլիկներն ինձ էին վստահված. քշում էի սարերով, արածեցնում, հետո տանում աղբյուրի մոտ, թողնում որ ջուր խմեն ու հանգստանան, հետո պապիս նվիրած փոքրիկ կացինով հյութեղ տերևներով ճյուղեր էի կտրատում, դարսում մի մեծ կապի մեջ ու շալակով բերում տուն: Սիրում էի անտառում իմ մենակությունը և հովիվ-առաջնորդ լինելու իմ կարգավիճակը: Ուլիկներն այնպես էին սովորել ձայնիս, որ երբ նույնիսկ շատ հեռվից կանչում էի` խելապատառ վազում էին մոտս: Ատում էի Երևանից եկող հյուրերին, որոնց համար առատաձեռն ու հյուրասեր պապս անպայման մորթում էր ուլիկներիցս մեկին, որոնք ի դեպ ամեն մեկն իր անունն ուներ, որ ես ու տատս ընտրում էինք ընթացիկ մեքսիկական սերիալի հերոսների անուններից` Գավիոտա, Կասանդրա, Խոսե: Շուն էլ ունեի, լրիվ սև, անունը` Ագաթ, ահագին երկար ապրեց – կենսախինդ, անորոշ ցեղատեսակի բայց պահակ-շան ու հովվաշան խառնվածքով շուն էր: Հիմա անցյալից ամենից շատ իմ ամառային արձակուրդներն եմ կարոտում գյուղում: Շատ կուզենայի, որ իմ երեխաներն էլ հողի վրա մեծանան:
Դասարանցիներիս մեծ մասը պարսկահայ հայրենադարձների երեխաներ էին տարօրինակ անուններով` Լինեթ, Անեթ, Ալեն, Մարսել, Հիլմա… Մեր դպրոցն ավարտելուն պես` տնակային դպրոցը քանդեցին ու տեղափոխեցին շենք, դասընկերներիցս էլ հատուկենտ մարդիկ են Հայաստանում մնացել, մեծ մասը կյանքի տարբեր փուլերում գնացին ԱՄՆ ու Եվրոպա: Այնպես որ պատանեկությունս նյութական ոչ մի հաստատում չունի` բացի մի քանի հին լուսանկարները, որոնք նույնպես թվում են ուրիշինը կամ անցյալ կյանքից:
– Գրականությու՞նը երբ սկսվեց:
Դպրոցական տարիքում գժվում էի արկածային, ճամփորդական, ծովային գրքերի համար` Ռոբինզոն Կրուզոն իմ կարդացած առաջին հաստափոր գիրքն էր, հետո խժռեցի պապիս ողջ գրադարանը` Դյումա, Սթիվենսոն, Մայն Ռիդ, Ժյուլ Վեռն, Անդերսեն:
Չնայած 5-րդ դասարանից արդեն ակտիվ սկսել եմ գրական փորձեր անել, իրականում երազում էի կինոյի մասին` սցենարներ էի գրում նաև ու տետրակներում նկարազարդում տեսարանները, Չապլինի, Փելեշյանի ու Ֆելինիի գրքերն էի ճարել ու որոճում էի ամեն մի տողը, ես ու եղբայրս կիսավեր գործարաններից մեկում կլոր երկաթե տուփերի մեջ հին կինոժապավենների մի մեծ արկղ էինք գտել` ժապավենը լույսի տակ պահելով նշմարում էի Լենին պապի քաչալը: Ժապավենները դիտելու համար փորձեցի կինոխցիկ սարքել. իմ պատկերոցումով դա շատ պարզ մի բան պիտի լիներ` արկղ, փոքր էլեկտրաշարժիչ, երկու սռնի, մի լիքը ժապավեն` մի դատարկ, լույսի աղբյուր ու ոսպնյակ, անջատում ես լույսն ու միացնում հոսանքին – ինչոր բան դուրս եկավ խցիկից իհարկե, բայց դա հեռու էր կինո լինելուց: Քանդել-հավաքելով էությունը հասկանալու տենդը միշտ ինձ հետ է, ցանկացած իրավիճակում ինձ գործընթացի էությունն է հետաքրքրում, քան այն ինքնին և առհասարակ, շատ բաներ իմ համար կարևոր են` քանի դեռ հետաքրքիր են:
Կինոյի թեման ընտանեկան խորհրդում տապալվեց բնականաբար և ես գնացի պոլիտեխնիկի տնտեսագիտականը` այդպես էր կոչվում Վանաձորի ամենաերանելի ֆակուլտետը, որտեղ ոչ այն է ինժեներ էին պատրաստում, ոչ այն է` տնտեսագետ, բայց այդ նոր մասնագիտությունը կամ նոր մասնագիտության հորինելու փորձը` բարեկեցիկ էր հնչում:
Համալսարանի երկրորդ կուրսից սկսեցի շատ ակտիվ նկարել, գրել և հետաքրքրվել փիլիսոփայությամբ: Հոգևոր և փիլիսոփայական տեքստեր շատ էի կարդում, առհասարակ շատ էի կարդում: Սկզբից գրածս իհարկե շատ չէր տարբերվում կարդացածիցս` վատ իմաստով: Ահագին ժամանակ պետք եկավ, որ ինձ գտնեմ, բանաստեղծությունս էլ ինքնադրսևորման պարզ ձևից դառնա բան ստեղծել, նաև վարպետանալու և հմտանալու տիրույթ, նոր խոսքի փորձարարության և արտադրության գործընթաց, ինքնորոշում: Ցանկացած փաստ, որ ունի քաղաքական, տնտեսական ու սոցիալական փոխադրություն, անպայման նաև պոետիկ դիտանկյուն ունի, որը տեսնելու համար պետք է մարզվել շատ երկար: Ես գոհ եմ իրերի այսպիսի դասավորվածությունից, պոեզիայի հաղթահարման վրա մաշած իմ տարիներից, դա ինձ տվել է շատ կարևոր մի բան` լեզվի զգացողություն, իսկ լեզուն սինթետիկ աշխարհում նույնքան հզոր հիշողության ամբար է, որքան գեները` բնականում: Հայերենը փառահեղ լեզու է, ինձ համար իսկական պաշտանմունքի առարկա, պետք է լեզվին տիրապետել այն աստիճան, որ դու խոսես քեզ և ոչ թե ինքը` իրեն:
– Իսկ հոգևոր ժառանգականության մասին ինչ կասես:
Մի ուսուցիչ ունեմ ու մի վարպետ և փառք աստծո երկուսն էլ ներկա ժամանակով: Ուսուցիչս` ընկեր Լեռնուհին կամ Նանին, ինչպես մենք նրա այսպես կոչված «մասրիկներս» ենք կոչում, Վանաձորում գործող Մասրենի մշակութային խմբակի ղեկավարն է: Զբաղվում է պատանիների ու երիտասարդների մշակութային դաստիարակությամբ: Հետաքրքիր պատմութուն կա մեր ծանոթության հետ կապված: Պոեզիայի համաքաղաքային մրցույթի հայտարարությամբ գնացի գտա նրա սենյակը, որ գործերս հանձնեմ, ասաց` կարդա: Հուզված, շունչս կտրվելով մի քանի գործ կարդացի ու մինչ գրվածքներիս գնահատականին էի սպասում, նա ասաց` լսիր տղա, հետաքրքիր ձայն ունես, չե±ս գա մեր պոեզիայի փառատոնները վարես: Ես ապշած էի` անհասկանալի զգացոզություններով համակված: Գնացի, ու ինձ համար մի հսկայական աշխարհ բացվեց, բանավոր խոսքի հմտություններ, քաղաքի հայտնի արտիստների հետ շփվելու առիթներ, հրաշալի ընկերներ, գրականություն, գրականություն: Իմ ձևավորման համար կարևոր այդ ժամանակաշրջանում ընկեր Լեռնուհին ինձ շատ բան սովորեցրեց` վերլուծել, հասկանալ, տեսնել մարդուն, գտնել աշխարհայացքի սթափ դատողության և մարդկայնության դիտանկյունը:
Իմ հոգեվոր դաստիարակության համար խիստ կարևոր մյուս անձը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է, ում համարում եմ իմ վարպետը նաև քնքշաբար անվանում` իմ մաեստրո պապիկ: Երբևէ չէի էլ կարող երազել, որ ինձ բախտ կվիճակվի նրա հետ ծանոթ լինել, առավել ևս` մտերմություն ունենալ: Չնայած մենք տարբեր ժանրերում ենք, բայց ընդհանրապես ստեղծագործական գործընթացի և արվեստի մեջ հայկականության խորքային ընկալումը, համաշխարհային մշակույթի անցյալ, ներկա և հեռահայաց զարգացումների նրա մեկնությունները, ազնվականության ու ինտելեկտուալի նրա անձնական օրինակը ինձ ամեն պահի նրա մեծության առաջ խոնարհվելու ու նրանից ագահաբար գիտելիք ու փորձառութուն կլանելու առիթ են տալիս:
-Կյանքումդ եղե՞լ են մինչ և հետո ժամանակներ:
Այդ էապես շոշափելի, անցումային բաժանարարը կյանքումս Նարեի հետ ծանոթությունն ու ամուսնութունն էր: Մանավանդ տղայիս` Լեոյի ծնվելուց հետո ընտանեկան կարգավիճակս հիմնովին փոխեց և´ կենցաղս և´ պատկերացումներս կյանքի մասին և´ ստեղծագործական հիգիենաս և´ արտադրողականությունս – ամեն ինչ: Երջանկութունը միանշանակ ընտանեկան կատեգորիա է ինձ համար` փող աշխատելու առօրյա անհրաժեշտություն, գերզբաղվածութուն, գերհոգնածություն, աղմկոտ խառնաշփոթ, միմյանց ճակատագրերում անդառնալի սերտաճածություն, անքնություն, տալու և ստանալու անընդհատական գործընթաց: Երջանկությունը երևի հենց բոլոր տեսակի զգայարանների չափավոր բայց ամբողջական շահագործումն է, որ միայն ընտանիքում է հնարավոր:
2013թ
Երևան