PanARMENIAN.Net – «Սելֆիդայի», «շպարազինություն»․ ինչպե՞ս են ծնվում ու ապրում այլերեն բառերը
Առօրյա խոսքում, Ֆեյսբուքում կամ հանրային դեմքերի ելույթներում երբեմն լսում ու կարդում ենք նորահնար բառեր, որոնք իհարկե հայերեն են, սակայն բառարաններում (դեռևս) չկան, սովորական նորաբանություններ էլ չեն, հասկանալի են ոչ բոլորին և մեկնաբանվում են շատ կոնկրետ համատեքստում միայն․ դրանք այսպես կոչված այլերեն բառերն են։ Բանաստեղծ, գրական գործիչ Կարեն Անտաշյանը տարբեր աղբյուրներից հավաքում է նման բառերը և ակադեմիական մեկնաբանություններով հանդերձ ներկայացնում իր «այլերեն» նախագծում։
«Այլերենը», ըստ նախագծի նկարագրության, լեզվական սայթաքումների և նորաբանությունների հայերեն առցանց համալրվող բառարան է։ Այստեղ հավաքվում են լեզվի բառակազմական ընդունված կանոնների ակնհայտ խախտմամբ ստեղծված կամ այլընտրանքային իմաստ ստացած բառերը, որոնք կոչված են սահմանել, մեկնաբանել, հեգնել որևէ ժամանակակից սոցիալական խումբ, դիպված, հասկացություն, երևույթ և այլն:
«Այլերեն» նախագծի և այլերեն բառերի ստեղծման ու դրանց հասարակական ազդեցության մասին PanARMENIAN.Net ը զրուցել է նախագծի հեղինակ Կարեն Անտաշյանի հետ։
– Ե՞րբ և ինչպե՞ս մեկնարկեց նախագիծը․միանգամի՞ց ծնվեց, թե երկար ժամանակ է խմորվել «այլերենի» գաղափարը։
– Ես վաղուց էի հավաքում ու արձանագրում սոցցանցերում, մեդիայում ու բանավոր խոսքում ինձ հանդիպող նոր բառերն ու հին բառերի վերաիմաստավորումները՝ բանաստեղծության մեջ դրանք օգտագործելու համար: Նախ այդպիսի բառերը ներկա շարունակական ժամանակի գերիրատեսական զգացողություն են տալիս, ճշգրտորեն փաստագրում են ժամանակը, հետո, ասենք «լոքշ» և «խզարել» բառերի համադրությունը «կաթնոտել» և «ներհոսել» բառերի հետ հետաքրքիր զգայական էֆեկտ է ստեղծում: Հետո նկատեցի, որ սոցիալական ցանցերում, հատկապես հեգնական բնույթի ստատուսներում, լեզվական խաղարկումներով նորաբանությունների նկատելի միտում կա, սա ինքնին շատ հետաքրքիր ուսումնասիրության նյութ է, բայց խնդիրն այդ պահին ստեղծվող «նորալեզուն» լրահոսում կորչելու վտանգից փրկելն էր: Այդ բանահավաքչության որոշակի փուլում, երբ նկատեցի, որ որոշ բառերի նորիմաստը շատ արագ կարող է մոռացվել՝ անհասկանալի դարձնելով այդ բառերը բանից անտեղյակ ընթերցողին, նաև անհրաժեշտություն առաջացավ դրանց վերաբերյալ մեկնաբանություններ գրելու: Այսպես ծնվեց «այլերեն» նախագիծը:
– Լեզվական սայթաքումնե՞ր, թե լավ մտածված նորարարական բնորոշումներ։
– Թեև նախագծի նկարագրության մեջ «այլերենը» բնորոշվում է որպես հայերեն սայթաքումների բառարան, ըստ էության դրանք իրենց կազմությամբ ոչ միայն լեզվական սայթաքումներ են, այլև առհասարակ նորաբանություններ են, որոնք կարող են գոյանալ հայերեն բառակազմությանը բնորոշ բոլոր կանոններով, այդ թվում նաև օտար բառերի «հայերենացումով» և առկա գրական բառի վերաիմաստավորումով: Սայթաքումներ եզրն ավելի փիլիսոփայական ենթատեքստ ունի: Այսինքն այն վերաբերում է լեզվի սողանքների միջոցով մեր մտածողության մեջ տեղի ունեցող փոփոխութունները ակամա արտահայտելուն:
– Ինչպե՞ս են ծնվում այլերեն բառերը, օրինակ, հենց նույն «հանրապետականք» բառը։
– Երբ նախագիծը սկսեց քիչ թե շատ հանրայնանալ, միանգամից անհատական նամակներով մեծ քանակությամբ նոր բառերի առաջարկներ սկսեցի ստանալ, և կարծեմ թե «հանրապետականք» բառը տարբեր վարիացիաներով ամենաշրջանառվողներից մեկն էր։ Այսպիսի բառի գոյության պատճառների մասին չեմ ուզում նշել, բուն հոդվածը կայքում հրաշալիորեն բացատրում է, բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ այլերեն բառեր կան բոլոր քաղաքական թևերի մասին, ինչպես օրինակ՝ «Լևոնի վկաներ», «ներքին դաշնակ», «հորինած երկիր», «դոդացում» և այլն:
Ընդհանրապես, այլերենի բառապաշարի առաջացման ու համալրման երեք հոսք կա․ մեկը բանավորում արդեն լեգիտիմություն ստացած և մեր կյանքի անխախտելի մաս դարձած բառերն են, որոնց այլերեն լինելը շատերը չեն էլ նկատում: Երկրորդը ոչ ֆորմալ գրավոր խոսքում, սոցիալական ցանցերում, երբեմն էլ մեդիայում խոսքը սրելու, հեգնական էֆեկտը մեծացնելու համար հեղինակների կողմից արվող բառախաղերն են, որոնցից ոչ բոլորն են լայն ժողովրդականություն ստանում հետո: Եվ երրորդն ու ամենահետաքրքիրը, որը հենց արտահայտում է այլերենի էությունը, հանրային դիսկուրսի կիզակետում եղող որևէ սուր հարցի, երևույթի, իրադարձության համար նոր բառի ստեղծումն է, օրինակ՝ «սելֆիդայի», «խորենացույց», «սառնամանյակ» բառերը:
-Սովորաբար ովքե՞ր են նոր ստեղծվող այլերեն բառերի հեղինակները։
-Նախ բառացանկի մեծ մասը բանավոր խոսքի լայն շրջանառության մեջ արդեն գոյություն ունեցող լեզվական սայթաքումներն են, որոնց հեղինակներն անհայտ են, ծագման սկզբնաղբյուրները՝ մշուշոտ. մենք ուղղակի արձանագրում ենք: Կան բառեր, որոնց հեղինակները հայտնի են, թեև մենք սկզբունք ունենք, որ նրանց ով լինելը չենք հրապարակում, կան նաև այնպիսի բառեր, որոնց կոնկրետ հեղինակ լինելուն մի քանի հոգի է հավակնում, օրինակ՝ «ֆեյսբուքահայ» և նույն «սելֆիդայի» բառերի դեպքում։ Այսինքն, սա այն դեպքերից է, երբ բառի ստեղծման կարիքը հանրային դիսկուրսում առկա է, և կարող էր շատ հանգիստ իրարից անկախ, տարբեր անձանց կողմից ստեղծվել։
Այլերեն բառերը՝ որպես լեզվական սայթաքումներ, նախագծում մեկնաբանվում են նաև որպես հանրային լեզվամտածողության ցուցիչ, բացահայտում են հանրային տրամադրությունները, տարբեր խնդիրների նկատմամբ քննադատությունն ու ծաղրը։ Իսկ ընդհանրապես, արդյո՞ք այդ բառերը կատարում են որևէ հանրային ֆունկցիա՝ այդ բառերի նշած երևույթների նկատմամբ հանրային վերաբերմունք ձևավորելու իմաստով։
Ինչպես նշեցի, այլերեն բառերի մի մասն առաջանում է հանրային ուշադրության կիզակետում առկա որևէ երևույթ անվանելու և դրա նկատմամբ հանրային դոմինանտ վերաբերմունքն արտահայտելու համար։ Նման օրինակ է, ասենք, «պարսատիկ» բառը, որը ստեղծվեց Նովրուզի օրերին, երբ իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքի ժամանակ Ֆեյսբուքում սկսեցին շրջանառվել մի կողմից նրանց հանդեպ անհանդուրժողականության, և մյուս կողմից՝ այդ անհանդուրժողականությունը քննադատելու թեմաները։ Արդյունքում ծնվեց մի բառ, որը բնորոշեց հենց այդ պահին գոյություն ունեցող մի երևույթ, և նաև հեգնեց այդ անառողջ ազգայնականությունը՝ նպաստելով, որ հետագայում այդ բառին և իր մեկնաբանությանը ծանոթացողները իմանան թե երևույթի մասին, թե ադեկվատ կարծիք ձևավորեն խնդրի շուրջ:
Ի վերջո, այլերեն բառերն ի՞նչ կյանքով են ապրում, դառնու՞մ են հասարակության սեփականությունը։
Ինձ համար զարմանալիորեն դեռ սկսնակ նախագիծը հրապարակվելուց անմիջապես հետո մեծ հանրայնացում ստացավ, իհարկե, որքանով որ դա հնարավոր է համացանցի հայալեզու հատվածում: Բայց սա դեռ միայն սկիզբն է: Շատ կարևոր է տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ ընկալելը, և այդ առումով այլերեն բառերը շատ են օգնում ճիշտ պատկերացում ձևավորել նոր ստեղծվող իմաստների մասին: Շատերից եմ ստանում տարբեր արձագանքներ, որոնք արտահայտում են բառարանն ընթերցողների զարմանքը, հիացմունքը, նաև նոր բան սովորած լինելու ուրախությունը։ Խորքային իմաստով այլերենի շարժառիթները զուտ մարդկային են՝ անվանել իրերը, երևույթները դրանք հասկանալու համար, այդ առումով բառաստեղծությունը կարևոր է մարդու ինքնաճանաչողության և աշխարհընկալման համար:
Ճիշտ է, այլերեն բառերի մի զգալի մասի աղբյուրը խոսակցական լեզուն է, մյուս կողմից կա նաև հակառակ գործընթացը, երբ սոցիալական ցանցերում ստեղծվող, մեր կողմից արձանագրվող և մեկնաբանվող բառերը քիչ-քիչ լուծվում են բանավոր խոսքում, ինչպես նաև մեդիադաշտի կողմից։
Քննադատություն լինու՞մ է լեզվի մաքրամոլների կողմից։
Այո, նման արձագանքներ էլ են եղել, և դա շատ բնական է, որովհետև կա պահպանողականների մի խումբ, որը վատ է վերաբերվում լեզվական ցանկացած «արկածախնդրության»։ Սակայն միայն առաջին հայացքից է այլերենը ծաղր պարունակում մեր լեզվի հանդեպ, շատ կարևոր է հասկանալ, որ իրականում գոյություն ունեցող երևույթների անվանումն ու փաստագրումն է հիմքում: Սա վկայում է, որ մեր լեզուն կենդանի, ապրող, զարգացող, ինքն իր հումքը վերաիմաստավորող կենդանի գործընթացի մեջ է: Նման բառերը լեզվի բողբոջներն են, ոչ թե մետաստազները։ Եվ ինձ չի հետաքրքրում, թե այլերեն բառերը բառարանային դասակարգում երբևէ կստանան, թե ոչ, կարևորն այն է, որ կան իմաստներ, և կան այդ իմաստների անվանումները, որոնք չի կարելի չտեսնելու տալ: Լիրիկական զեղում անեմ, որ մեր երկրին հետամուտ չարիքների մի զգալի մասն էլ հենց այդ չտեսնելու տալու արդյունքն է:
-Նախագծում բառերը շատ համառոտ, բառարանային նկարագրություն ունեն, կա՞ արդյոք մտահոգություն, որ ժամանակի ընթացքում, երբ բնորոշվող երևույթները արդիական չեն լինի, հաջորդ սերունդների համար այդ բառերը հասկանալի չեն լինի, ներկա իմաստները կհնանան։
– Բառերի մեծ մասին հենց այդ ճակատագիրն է սպասվում: Ըստ էության բոլոր բառերին է երկարաժամկետ հեռանկարում այդ ճակատագիրը սպասվում: Հայերենը, ամենահին կենդանի լեզուներից մեկը լինելով, իր պատմության ընթացքում անընդհատ փոփոխվել, բառապաշարի վերաիմաստավորումներ է կրել, բայց դա հենց լեզվի կենդանության նշանն է, և դրանից պետք չի խուսափել։ Նախագիծն արվում է ոչ այնքան հետագա սերունդների բառապաշարը հարստացնելու համար, որքան փաստագրում և արխիվացնում է մեր ժամանակը, ինչն ինքնին օգտակար կլինի նաև հետագայի համար։
– Նախկինում եղե՞լ է նման երևույթ, օրինակ, խորհրդային ժամանակաշրջանում ստեղծվու՞մ էին այլերեն բառեր։
– Իհարկե, հայտնի օրինակներից մեկը տոտալիտար համակարգերի կողմից սեփական լեզվամտածողության ստեղծումն է քարոզչության նպատակով, ինչպես ասենք խորհրդային գաղափարախոսության հիմնադիր հայրերի անվանատառերով ստեղծված անուններն են՝ Մելս, Լենդրոշ և այլն։ Դրանք ևս այլերեն բառեր են, պարզապես ինստիտուցիոնալ ծագում ունեն: Ու թեև արդեն կորցրել են իրենց իմաստները, բայց մեծ տեղեկություն են տալիս իրենց ժամանակի մասին։
– Արդյո՞ք այլերեն բառերի ստեղծումը, փաստորեն, ավելի շատ ներկա ժամանակներին բնորոշ ֆենոմեն է և, այսպես ասած, պրոտեստային, բացասական երևույթների դեմ բողոքի արտահայտման ձև է, ասենք նույն «հանրապետականք» բառի օրինակով։
– Այո, իհարկե, ընդհանրապես քաղաքական անեկդոտները, իշխանության ներկայացուցիչներին բնորոշող կանխամտածված լեզվական սայթաքումները հենց հանրային համապատասխան վերաբերմունք են արտահայտում։ Օրինակ, «դեգեներալ», «դեպուտանկա», «օլիգարլախ», «գողստիկան» և այլ նմանատիպ բառերը բացասական երևույթների դեմ բողոք արտահայտելու, այսպես ասած, ամենաանշառ ձևերից են, և ինչ-որ տեղ նաև հանրային ընդվզման սուբլիմացիայի մի ձև են:
– Թերևս կարելի է բերել նաև Ջորջ Օրուելի «1984» վեպից հայտնի Նորալեզվի օրինակը՝ այն տարբերությամբ, որ վերջինի դեպքում գործում էր վերևից ներքև՝ ռեժիմի կողմից պարտադրվող հեռանկարը (ինչպես և Ձեր նշած՝ խորհրդային քարոզչության օրինակ հանդիսացող այլերեն բառերի դեպքում), իսկ մեր իրականության պարագայում գործում է այլերեն բառերի տարածման հակառակ՝ ներքևից վերև հեռանկարը։
– Շատ տեղին համեմատություն է, նոր բառեր ու նոր իմաստներ ստեղծելը նոր լեզվամտածողության տարածման կարևոր միջոցներ են, և խորհրդային անցյալից բերված օրինակները դրա վառ վկայությունն են։ Մեր դեպքում նաև սոցիալական ցանցերն են նպաստում նոր բառերի ստեղծման և ստեղծված բառամթերքի հանրայնացման արագացմանը: Ի դեպ վարից վեր կամ հորիզոնական մոդելում ժամանակակից գրականությունը ևս շատ ակտիվ դեր ունի բանավոր խոսքում ստեղծվող նորաբանություններին լեգիտիմություն տալու հարցում, բայց ցավոք գեղարվեստական գրականությունը պատշաճ չափով չի ընթերցվում՝ հանրային դիսկուրսի ձևավորման շատ ակտիվ սուբյեկտ լինելու համար:
– Որո՞նք են ձեր ամենասիրած կամ ըստ Ձեզ ամենայուրօրինակ այլերեն բառերը։
– Կան նման բառեր, և պարտադիր չէ, որ դրանք լինեն հենց ծաղր պարունակող կամ գռեհիկ բառեր, օրինակ՝ «զմայլիկ» բառը, որի հեղինակը կարծեմ Սամվել Մարտիրոսյանն է․ շատ սիրուն հայերեն բառ է, որը թե նորաբանություն է, թե այլերեն բառ է ու արժանի է, որ, որպես «սմայլիկ» բառի հայերեն համարժեք, ճանաչում գտնի։ Շատ եմ սիրում նաև «շպարազինություն», «չարբուխ» և «խրամատ» բառերը:
– Մտադրություն ունե՞ք ընդլայնելու նախագիծը, դարձնելու յուրօրինակ, ոչ ֆորմալ հանրագիտարանային նախագիծ (Lurkmore, Urban dictionary նախագծերի օրինակով)։
– Հնարավոր է, որ հենց այդ ուղղությամբ էլ զարգանա գործը, ուղղակի ես հակված եմ նրան, որ նախագիծը ոչ թե կարճաժամկետ կյանք ունեցող համացանցային մեմերի արձանագրման միջոց լինի, այլ ավելի շատ լինի հայերենի արտահայտչականության զարգացման և լեզվամտածողության ընդլայնման գործիք։ Բուն բառերից բացի դրանց մեկնաբանություններն ու այդ մեկնաբանության ոճը առանցքային դեր ունեն, ինչը կարող է համացանցային համայնքի դեպքում չաշխատել: Բայց հնարավոր է, որ կայքը հետագայում վերածվի սոցիալական ցանցի, որի զարգացմանը մասնակցություն կունենա նաև համայնքը։ Պարզապես խոստովանենք, որ հայալեզու ակտիվ, գրագետ համայնքը փոքր է, ի տարբերություն, ասենք համացանցի անգլալեզու համայնքի, և այդ առումով նման սոցիալական ցանցի կենսունակության հավանականությունը փոքր է։ Թեև, հիմա էլ կան այլերենի զարգացմանը ակտիվորեն նպաստող մարդիկ, որոնք մշտապես նոր բառեր են ուղարկում նախագծի համար. ուզում եմ նշել հատկապես գրականագետ Թագուհի Ղազարյանին։ Ամեն դեպքում, այս նախագծի բովանդակության նկատմամբ կա հանրային մեծ պահանջարկ։ Այլերենը միջդիսցիպլինար նախագիծ է, որտեղ կա և հրապարակախոսություն, և հումոր, և լեզվաբանություն, և մշակութաբանություն և ինքն իրենով սոցիալական փորձարարություն է՝ նոր բովանդակություն է դառնում ու դրանով էլ հետաքրքիր է մարդկանց։