«Բարդ-Մարդ» հաղորդաշարի շրջանակներում հոգեբան, հասարակագետ Սոնա Մանուսյանը, բանաստեղծ Կարեն Անտաշյանը և տարբեր ոլորտների փորձագետներ քննարկում են նոր աշխարհի ձևավորվող երևույթները։ Սա զրույցների շարք է նրանց համար, ովքեր փորձում են գտնել իրենց ինքնությունը քանդվող ու վերակառուցվող իրականության մշուշում։
Էպիզոդ 1. Բնաբան
Շարքի մեկնարկային թողարկումը, որտեղ հեղինակները ներկայացնում են նախագծի փիլիսոփայությունը։ Ինչո՞ւ է ժամանակակից մարդը «բարդ», և ինչպե՞ս ենք պատրաստվում քննարկել այն երևույթները, որոնք կողմնորոշիչ կդառնան քանդվող ու վերակառուցվող նոր աշխարհի անորոշության մեջ։
Էպիզոդ 2. Պատմության մեջ ենք
Հյուր՝ Դավիթ Մոսինյան (փիլիսոփա) Այս զրույցը ժամանակի պատմականության և պատմական բեկումնային փուլերում մարդու ինքնատեղորոշման մասին է։ Ինչպե՞ս հասկանալ, որ մենք «պատմության մեջ ենք», և ինչպիսի՞ն է պատմական ժամանակի ազդեցությունը մեր առօրյա ընկալումների ու ինքնության վրա։
Էպիզոդ 3. Գենաքանդություն
Հյուր՝ Լիլիթ Ներսիսյան (բիոինֆորմատիկ) Որքանո՞վ է մարդու ճակատագիրը կանխորոշված գեներով։ Գոյություն ունի՞ արդյոք «Հայու գեն»։ Զրույցը ծավալվում է ժամանակակից գենոմիկայի, մարդու և իր միկրոբիոմի կապի և հայկական կենսաինֆորմատիկայի վերջին բացահայտումների շուրջ։
Էպիզոդ 4. Կրթության ապագան և ապագայի կրթությունը
Հյուր՝ Սոնա Բալասանյան (սոցիոլոգ) Ինչպե՞ս են ձևավորվում կրթված լինելու չափանիշները ժամանակակից աշխարհում։ Քննարկում ենք կրթական համակարգի հանդեպ վստահությունը, միջսերնդային տարբերությունները, ինքնակրթությունը և այն, թե ինչ ապագայի սպասումով ենք կառուցում մեր կրթական մոդելները։
Էպիզոդ 5. Ինքնության թվանշայնացում
Հյուր՝ Մերուժան Կարապետյան (մատենագետ) Թվային դարաշրջանում գոյություն ունենալու գլխավոր կերպը թվանշայնացվելն է։ Խոսում ենք հայկական մշակութային ժառանգության թվայնացման, առցանց միջավայրում ձևավորվող նոր ինքնության և որպես թվային դարաշրջանի մարդ գոյություն ունենալու մարտահրավերների մասին։
Էպիզոդ 6. Հիշելով ապագան
Հյուր՝ Անի Գրիգորյան (հոգեբան-հետազոտող) Ինչպե՞ս են կապված անցյալի հիշողությունն ու ապագայի երևակայությունը մեր ուղեղում։ Անդրադառնում ենք ինքնության և հիշողության փոխառնչություններին և այն հարցին, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխում մարդու անհատական հիշողությունն ու վարքը։
Էպիզոդ 7. Մարդկանց մոլորակն ապագայից
Հյուր՝ Լիլիթ Սահակյան (էկոլոգ) Մարդու և բնության հարաբերությունների ճգնաժամը. ինչո՞ւ է առաջընթացի ձգտումը հանգեցրել սպառողականության և էկոհամակարգերի քայքայման։ Փնտրում ենք մոլորակի և մարդու խելամիտ համակեցության մոդելներ՝ ապագայի հեռանկարով։
Էպիզոդ 8. Բարդ խնդիրներ լուծելով
Հյուր՝ Խաչիկ Նազարյան (Broadcom-ի ինժեներական թիմի ղեկավար) Ինչպե՞ս են տեխնոլոգիան, տնտեսությունն ու քաղաքականությունը միահյուսվում մեկ ցանցային իրականության մեջ։ Զրույցը վերաբերում է համալիր մտածողությանը՝ որպես նոր դարաշրջանի կարևորագույն կարողության, և այն հարցին, թե ինչպես են լուծվում բարդ, փոխկապակցված խնդիրները։
Էպիզոդ 9. Լեզու․ իրականության հայելին և ճարտարապետը
Հյուր՝ Հասմիկ Ջիվանյան (լեզվաբան, հետազոտող) Լեզուն ոչ միայն նկարագրում, այլև ձևավորում է աշխարհը։ Քննարկում ենք լեզվի և մտածողության կապը, լեզվական իշխանությունը և լեզվական մոդելների վրա հիմնված արհեստական բանականության հետ հարաբերվելու մարտահրավերները։ Ո՞վ է խոսում՝ մե՞նք, թե՞ լեզուն մեր միջոցով։
Էպիզոդ 10. Բանականության նոր սահմանները ԱԲ-ի դարաշրջանում
Հյուր՝ Հրանտ Խաչատրյան (ԵՊՀ մեքենայական ուսուցման խմբի ղեկավար) Ինչո՞վ է տարբերվում արհեստական բանականությունը մարդկայինից և կարո՞ղ է այն ձեռք բերել գիտակցություն ու «կամք»։ Քննարկում ենք ալգորիթմներով կառավարվող ապագան և Հայաստանի տեղը գլոբալ ԱԲ քարտեզի վրա։
Էպիզոդ 11. Նոր տնտեսակարգը և Հայաստանը
Հյուր՝ Կարեն Զաքարյան (տնտեսագետ, ֆինանսիստ) Ի՞նչ տնտեսական կարգ է ձևավորվում պատերազմների և տեխնոլոգիական հեղափոխության պայմաններում։ Խոսում ենք դոլարի ապագայի, փողի նոր ձևերի և Հայաստանի տնտեսական մոդելի մասին՝ համաշխարհային ցնցումների համատեքստում։
Էպիզոդ 12. Ժամանակակից և անժամանակ արվեստ
Հյուր՝ Վիգեն Գալստյան (արվեստաբան, արվեստի համադրող) Ի՞նչն է արվեստը դարձնում «ժամանակակից»։ Զրույց արվեստի էվոլյուցիայի, հեղինակի դերի փոփոխության և AI-ի ստեղծարարության մասին։ Ինչպե՞ս է հայ իրականությունը հարաբերվում գլոբալ արվեստային միտումների հետ։




