Ինչո՞ւ որոշեցիք գրող դառնալ։
Ես չեմ հավատում ասնագիտական նախախնամությանը, որ ինչ-որ մեկը ծնվում է մեծ ալտահար, միջակ վարորդ, կամ ինքնակոչ պայծառատես դառնալու համար։ Ամեն ինչ որոշում են հանգամաքները, միջավայրը և պատահականությունների երկար շղթան։ Ես ավելի շուտ պատանեկան հասակում երազում էի ռեժիսոր դառնալ կամ զբաղվել տեսական ֆիզիկայով, բայց հետերկրաշարժյան Վանաձորում այնպես ստացվեց, որ ստեղծագործելու համար նավազագույն պայմաններ միայն գրականությունն էր պահանջում՝ թուղթ ու գրիչ։ հետո քիչ-քիչ սկսեցի հավատալ ինքս ինձ համար հորինած սոցիալական դիրքավորմանը՝ բանաստեղծի։ Հիմա գրելու հետ ինչով ասես որ չեմ զբաղվում, բայց գրականությունը իմ վերջին ու ամենահարմար հանգրվանն է, դրա համար ուր էլ ինձ տանեն, մեկ է, վերջում հավատարիմ շան պես հետ եմգալիս ինձ սովոր տեղը՝ գրականության մոտ։
Եթե ոչ գրող, ապա ի՞նչ։
Այգեգործ։
Ձեր կյանքում իրադարձություն, դեպք, որ կցանկանայիք շեշտել։
Ամենադժվար ու կարևոր իրադարձությունը իմ և ցանկացած այլ արարածի կյանքում դա ծնվելն է, աներևակայելի է, թե ոնց ես հարմարացրել ու միլիոնավոր այլ հնարավոր տարբերակներից՝ հենց դու ծնվել։ Գոյատևման, կուտակման ու ինքնահաստատման մեր ամենօրյա վազքի մեջ հաճախ մոռանում ենք, որ ամենհրաշալի բանը, որ կարող էր տեղի ունենալ մեր կյանքում՝ ծնվելը, արդեն եղել է ու դա անհրաժեշտ ու բավարար պայման է շնորհակալ ու խաղաղ լինելու համար։
Կա՞ ինչ-որ մեկը, որ ոգեշնչել է Ձեզ գրական գործունեություն սկսելու համար
Ցանկցած մեկը կամ ցանկացած իրադարձություն, ցանկացած թեմա, ցանկացած զգացմունք կամ գաղափար՝ ընդամենը առիթ է գրելու, գրականության էությունը այդ ամենի տակ է, այն ասելիքի մեջ չէ, երբեք, այն ասելու կարիքի մեջ է ու ասելու ձևի, որոշակի բառերի, արտահայտությունների, պատկերների ու խոսույթների հետաքրքիր, կասկածելի, զզվելի, անսովոր, նեռվայնացնող, հուզիչ, ոգեշնչող համադրություններ գտնելու մեջ է։
Ի՞նչ կամ ով՞ է մոտիվացնում գրել․ երաժշտություն, մարդ։
Առաջներում առիթ էի ման գալիս գրելու, գրել-մրելու, ու որ մի որոշակի ժամանակ չէի գրում՝ այդ ժամանակս համարում էի վատնված, պարապ, հիմա գրում եմ միայն, երբ չեմ կարող չգրել։ Աշխարհում այնքան շատ տեքստ է ստեղծվում, այնքան աղմուկ է գեներացվում, անգամ արհեստական բանականությամբ ռոբոտներն են սկսել արդեն տեքստ գրել, այնպես որ իմաստ չունի լցնել այդ բզզոցը եթե գրելու կարիքը կոկորդիցդ չի բռնել, ավելի լավ է գնաս վազես, խմես ընկերների հետ, ստատուս գրես կամ սերիալ քաշես նայես՝ մինչև թողի։
Որն՞ է Ձեր կյանքի կարգախոսը։
Առաջ՝ դու ամեն ինչ կարող ես, հիմա՝ պարտությունն անխուսափելի է։
Ունե՞ք նախընտրած ստեղծագործություն։
Ոչ, էդպիսի գրական երկ չկա, որ երկարաժամկետ հեռանկարում չի ձանձրացրել ինձ։ Ամենաշատը հմայված եմ իմ հենց նոր գրած բանաստեղծությամբ, բայց երկու օրից արդեն դրանից էլ եմ ձանձրանում։ Պետք է միշտ հիշել, որ գրականությունը կենսագործունեության արդյունք է, որը ֆետիշացվում է գրականության պատմության ու մշակույթի կողմից։ Ցանկացած գրողի փնտրածը գրականությունից ավելի մի բան է, ինչ է դա, տարբեր մարդկանց համար երևի տարբեր բաներ՝ ինձ համար իրկանաության ընկալման սահմաններից այնկողմ եղածի կանխազգացումը հետազոտելն ու նկարագրելն է։
Ինչը Ձեզ դրդեց գրել «Սպասումը» և «Կանգառը»։
առաջին դեպքում սովորական անձրևոտ պրվա, մյուս դեպքում սովորական ամառային օրվա ամենասովորական հոսքի մեջ իրերի չերևացող կողմը մի միլիվայրկյան տեսնելու կամ միգուցե երևակայելու ապրո՞ւմը, վաղուց թր, հիմա չեմ հիշում, բայց սիիրում եմ երբ իմ հայացքը հետազոտողի հայացք է, տեսնողի հայացք է։
Կխնդրեինք բացատրել հետևյալ հատվածը . «Օրվա գյուտը. մեդիտացիայի համար ամենահարմար տեղը ատամնաբույժի աթոռն է։»
Էդ օրը կարծեմ ատամնաբույժի մոտ էի գնացել մի շատ ցավոտ ու անհարմար գործ անելու և էդ մարմնական անհարմարությունը հաղթահարելու համար փորձեցի յոգայի հնարքը՝ գիտակցության և մարմնի տարբերակումն ու դրանց միջև անխախտելի թվացող նույնականացման խզումը, ստացվեց հետաքրքիր մեդիտատիվ փորձառություն, դրա մասին եմ գրել։
Նկատել ենք, որ շատ եք փակագծեր օգտագործում։ Ինչո՞ւ։
Փակագծերը կետադրական նշան են, տարօրինակ կլիներ եթե հարցնեիք ինչու եք շատ ստորակետներ օգտագործում, բայց հասկանում եմ, որ հենց փակագծերն են ձեզ տարօրինակ թվացել, պատճառը երևի դպրոցական ծրագում հազվադեպ հանդիպելն է։ Դպրոցում ինչ-որ մեզ սովորացնում են շատ համառորեն և ճշմարտություն մատուցելու ինքնավստահությամբ, հետագա կյանքում շարունակում է անընդհատ հերքվել, անընդհատ պարզվում է, որ մեզ սովորացրել են միայն ճշմարտության մի մասնավոր դեպքը, դրա համար դպրոցաան ծրագրերում ամեն ինչ միանշանակ է, գծային, առանց ենթատեքստերի ու համատեքստերի, բայց հետագա կյանքի փորձառությամբ, բացահայտում ես, որ միանշանակ բաներ կամ ճշգրտորեն հայտնի բաներ գրեթե գոյություն չունեն և այս բանը գրելու համար օգնության է գալիս փակագիծը, որ օգնում է ցույց տալ արտահայտվող մտքի ֆոնային թակցվող միտքը, ասվողի ու մտածվողի կամ մտածվողի ու լռվողի, գիտակցվողի ու անգիտակացականի, հաստատ թվացողի ու կասկածելիի զուգահեռ գոյությունը։
«Կանգառում» բանաստեղծության մեջ վերջին հատվածում դեկորատիվ նռան տնկին ինչ խորհրդանիշ ունի։
էդ օրը հանդիպեցի ընկերոջս, ով չնայած շոգ օրվան հոր վերարկուն էր հագել՝ մի երկու շաբաթ առաջ մահացած հոր, ու ես գնում էի դեկորատիվ նռան ծառ առնելու։ Պատկերը դոկումենտալ է, ապրելու մոտիվների դիսոնանսով ցույց է տալիս կյանքի ողբերգականությունն ու թեթևսոլիկ զվարթությունը միաժամանակ։
Կա՞ լրացուցիչ բան, որ կցանկանայիք նշել։
Ուզում եմ ասել, որ եթե հանդիպեքին, այսքան խելոք մտքեր դժվար ասեի, բայց մեր զրույցն ավելի իսկկաան կլիներ, թեպետ և հետո ձեր պատրաստած ռեֆորթը ավելի մակերեսային։ Սա ցույց է տալիս մի ճշմարտություն, որ տեքստի փորձառւոթյունը երբեք կյանքի փորձառություն չի դառնում, կյանքն ու տեքստը շարունակում են ապրել զուգահեռ իրականություններում՝ չապրածը կարդացածով փոխարինել ցանկացողներին մատնելով մոլորության։ էնտեղ մի հարց կար, չկարողացա պատասխանել թե ինչ ոճի գրող եմ համարում ինձ։ Երևի թե իմ գրական չասեմ ոճը, բայց մեթոդը կյանքը տեքստ բերելու հուսահատ և տապալման դատապարտված ճիգի մեջ է կյանում։ Դա ինքն իր անցյալի ու ներկայի տարբեր ձևերի գոյության վրա կենտրոնացած գրականության, կյանքից անհուսոերն հեռացած, իր հեռանալը գիտակցող և ծաղրող գրականության, պոստմոդեռնիզմի հուսահատությունն է։