Այն ինչ կարելի է համարել արարչագործություն, մեր դիտարկած տիեզերքում նկատվում է երեք, միգուցե չորս անգամ: Այս նախադեպերը ոնցոր էներգիայի պահպանության օրենքի ակնհայտ խախտումները լրնեն: Առաջինը ոչնչից ինչ-որ բանի և ինչ-որ բանի բացակայության ծնունդն է, մեծ պայթյունից հետո տարածության և ժամանակի ծնունդը մնացուկային էներգիայի հաշվին, երկրորդը կյանքի ծնունդն է, այն կարելի է մեկնաբանել որպես` ի հակադրումն առաջին արարչագործության տրոհումների և սինթեզների բնական օրինաչափության ինքն իրեն վերարտադրող և ինքն իր պաշտպանության համար ամեն գնով պայքարող միավորների միություն: Ինքնապահպանության և վերարտադրության բնազդը ի սպառ օտար միջավայրում` կյանքի ամենազորեղ ուժն է, հենց կյանքն է: Երրորդ արարաչագործությունը գիտակցության ծնունդն է, երբ կենդանի առանձնյակը գիտակցում է ինքն իր գոյությունը և դնում է ներսի տարածության ու դրսի տարածության սահման` առանձնացնելով ինքն իրեն, ինքն իրեն սահմանելով գիտակցում է սեփական մահը իբրև տիեզերքի ամենամեծ ողբերգություն: Սեփական մահվան անխուսափելիությունը հակադրվում է ամեն գնով ինքնապահպանման բնազդին` ստեղծելով որոշակի էքզիստենցյալ էներգիա, հոգևորը: Կենաց և մահու ուժերի՝ սովի, սեռականության ու անդրաշխարհի հնարավոր գոյության հակադրության մեջ ծնվում են մարդկային էության ամենայն չքնաղն ու ստորը, բերկրությունն ու տառապանքը, հասկանալու ճիգն ու հուսահատության կասկածը, այս երկուսի մեջ հավասարակշռության անվերջ փնտրտուքը: Ընկալելիից դուրս հնարավոր այնկողմնայինի գոյության կանխազգացումը և մահին արդարացում ու իմաստ հաղորդելու անելանելիությունը ծնում են միֆերը, հավատամքը, բարոյականությունը, քաղաքակրթությունը, կրոնը, տեխնոլոգիաները, իրավունքը, գիտությունը: Չորրորդ արարչագործությունը, կամ, որ նույնն է տիեզերական օրինազանցությունը եսի միֆականության գիտակցումն է և արթուն գիտակցությամբ ներսի և դրսի սահմանների վերացումը, ամենայնի նույնականության ընկալումը: Ինքն իրեն ոչնչից ծնած մարմինը և նրա մշուշոտ ինքնագիտակցությունը ազատագրվում են իբրև մեկ արարծի հոգսերից մաքուր գիտակցություն՝ դարձած ինքն իր ակունքին և կարծես թե շղթան փակվում է, համենայն դեպս հետոն ընկալելի չէ մեզ համար: Ընկալելի չէ, մաքուր գիտակցության արթնությունը ավարտվում է իբրև տեղական ջանք, թե այն ունի շարունակական գոյություն մեզ համար անհասանելի տեղում և կերպով։ Համենայն դեպս մամուռի և գիտակցությունն ազատագրած արարածի համատեղ ներկայությունը փաստ է։ Այստեղ կարող ենք դնել միայն այլ հիմնարար հարցադրում`որպեսզի այս արարչագործությունները հնարավոր լինեին՝ պետք է որ մեր դիտարկածից դուրս ավելի զորեղ ուժի լիներ, թե ամեն դեպքում արարչագործությունը ինքնաստեղծում և ինքնազատագրում է, այսինքն ամենայնի ներքին հատկությունը: Ես հակված եմ երկրորդին, բայց դա ինտուիտիվ ընտրություն է։