Արգելե՛լ բանաստեղծությունը

Հատուկ այս համարի համար մենք խնդրել էինք բանաստեղծ Կարեն Անտաշյանին գրել էսսե՝ 21-րդ դարում Հայաստանում բանստեղծ լինելու մասին։ Բայց քանի որ Կարենը լավ բանաստեղծ է, տեքստը վերածվեց մի ամբողջ հակամանիֆեստի։

ԵՐԵՎԱՆ #47, 2018

«Պոեզիան, ինքը, մի քիչ ղզիկ բան ա»
— @anhaytheghinak77, Twitter-ի օգտատեր

Ինչի՞ համար են պետք բանաստեղծությունները: Որպեսզի սպառնալից կտտանքների գնով անգիր անել տանք մեր երեխաներին ու հետո հյուրերի մոտ նրանց ու նրանց միջոցով մեր գենոֆոնդը խելոք և շնորհալի երևացնելու համար կանգնացնենք աթոռակին ու ստիպենք արտասանել ինչ-որ չարի վե՞րջը: Հրաժարվելու և հյուրերի մոտ խայտառակ անելու վտանգի պարագայում սպառնալ WiFi-ն անջատելով կամ գայթակղել շաքարակոխ շոկոլադե ձվիկով: Ժամեր ու օրեր խլել երեխայի խաղային ժամանակից՝ մանկակերության անթաքույց տեսարաններով, հիմարությունը սոցիալական անարդարության երանգներով արդարացնող, բռնի ուժի գերակայությունը հնարամտության ու ստեղծարարության հանդեպ ի ցույց դնել ցանկացող այս պատումն անգիր անել տալու համար: Պետք է արգելե՛լ մանկական բանաստեղծությունը, որովհետև մանկական բանաստեղծություն չի լինում, իսկ այն ուսուցանելու և ներկայացնելու մեր մանիպուլատիվ մեթոդները անմարդկային են ու միանգամից սերմանում են խորքային ատելություն պոեզիայի հանդեպ:

Տեսնենք հետո ինչ է լինում։ Հինգերորդ դասարանում էինք, մեր դասարանի Լուսինեին կանչեցին գրատախտակի մոտ: Բոլորս մի պահ հանգիստ շունչ քաշեցինք՝ մեր հարցվելու հավանականության 1/29-րդով կրճատվելու առիթով, իսկ Ռոմանի սիրտը սկսեց կրկնակի արագ բաբախել, քանի որ նա թաքուն տենչանքներ ուներ դասարանի թվով 3-րդ այդ գեղեցկուհու հանդեպ: Բայց մեր բոլորիս, այդ թվում նաև Ռոմանի, ուրախությունը կարճ տևեց, ավելի ճիշտ կտրուկ ձևափոխվեց խուճապային տագնապի, երբ աղջիկը, հպարտ՝ ասմունքելու իր նոր հմտությամբ և ասմունքի խմբակ գնալու փաստը ընդգծելու ողջ կրքով արտաբերեց «Ծաղկի՛ր, ազա՛տ իմ Հայրենի՜ք» բառերը: Սա սառը քրտինքով ուղղորդվող էքզիստենցիալ սարսափի իմ առաջին ապրումն էր և առաջին գիտակցումն այն բանի, որ հասուն կյանքն այնքան էլ հեշտ չի լինելու, երբ Հայրենիքը փառաբանող Լուսոյի ավելի ու ավելի ահագնացող բամբ ձայնի 125 դեցիբել հզորությունից ծնկներս դող ընկան և ես մանրից վայր սահեցի գրասեղանիս տակ:

Պետք է արգելե՛լ բոլոր ասմունքի խմբակներն ու ասմունքի դասատուներին ստիպել վերապատրաստվել իբրև դեղագործներ, վարսահարդարներ և մսավաճառներ: Ուսուցման թեկուզ նախնական կուրս անցած երեխաներին վերակենդանացնելու համար ուղարկել ելակի և բողկի բերքահավաքի:
Պետք է արգելել ասմունքի երեկոներն ու ասմունքի ձայնագրություններ թողարկող վարպետ-ասմունքողներին աքսորել, օրինակ՝ Լեռնակունք, ուր միակ հեռահար կոմունիկացիայի մեթոդը ձորեձոր էհեհեյն է: Նրանց, որ անկեղծ դերասանության ինտոնացիայով, ֆեյք անմիջականության ա-լյա-բոհեմ կեցվածքով բարձրաձայնում են աշնան գեղեցիկ տխրությունից մեռնելու պատրաստվող բանաստեղծի հուսահատ մտադրությունը: Կամ այն հազարներից մեկին են բարձրաձայնում, որ առանց աչք-իսկ թարթելու գործածել է մահ, աստված, հավերժություն, հայրենիք, մելամաղձոտբառերը, և անգամ այն խորամանկ հարյուրավորներից մեկին, ով օգտագործեց՝ աղքատավարձ, տուրուբերան, սելֆիդայի և անգամ ԱԳԼՃԿբառերն իբրև բանաստեղծելու մեթոդ, Կառլ:

Պետք է ցուցակագրել ու օրենքով սահմանված կարգով արգելել նրանց հանրամատչելի գործունեությունը: Նրանց, որ իրենց փառասիրությունը, դեպրեսիան, ծուլությունը, ձանձրույթը, անձնական կյանքի բացակայությունը և մեսիա լինելու սևեռուն մտքերը շփոթում են բանաստեղծություն գրելու ցանկության հետ: Առաջներում, եթե նրանք միայն հաստաբուն հատորաշարերի տեսքով էին ի վերջո հայտնվում մեր տներում, հիմա հանդիպում են ամեն քայլափոխի՝ տաքսի ես կանչում, բանաստեղծ է գալիս, խանութ ես մտնում, բանաստեղծ է գլուխդ արդուկում, ընդմիջման ես դուրս գալիս՝ բանաստեղծ է եփել քո սնկապուրը, ֆեյսբուք ես մտնում՝ առհասարակ վխտում են ամեն փոստի, անգամ քոմենթի ռիփլեյի տակ:

Ոչ ոք ոչ մի դիպլոմ ու լիցենզիա հո չի՞ հարցնում, ոչ ոք թույլտվություն ու իրավունք հո չի՞ ճշտում, երեք կիսագրագետ լրագրողի բանաստեղծ ներկայացար, երեք իռացիոնալ հայտարարություն արեցիր դեմքի լուրջ արտահայտությամբ՝ տիտրերում անունդ գրվեց, ուրեմն արդեն նաև հանրաճանաչ բանաստեղծ ես դառնում:

Հավելյալ արժեքի ստեղծման զրոյական ցուցանիշի ձգտող մեր հասարակության մեջ ամենապարարտ պայմաններն են բանաստեղծների և այլ ինքնուսների համար:
Եվ ինչու՞ միայն մեր: Վերհիշեք ցանկացած դեպք, երբ բանաստեղծությունը փորձել են կիրառելի դարձնել, փորձել են իջեցնել արտադրություն՝ օրինակ՝ գրելով հանգավորված մի երկտող քաղցրավենիքի վրա, կամ ասեղնագործել դրոշակին՝ այն դարձնելով քաղաքական կուրսի բանաձև, ամեն ինչ միանգամից կորցրել է իր կուռ լրջությունն ու դարձել անհամության չափ զավեշտալի: Միանգամի՛ց: Անգամ սիրախաղի մեջ, փորձիր միլիոնավոր սիրային տողերից ամենա-ամենան ընտրել ու նվիրել սիրելիիդ՝ ձեռագիր նամակի, թաքնագրության, մեսիջի, կամ ականջին տաքուկ շշնջալու տեսքով: Միայն ու միայն, եթե բանաստեղծությունը դու չես գրել, մնացած բոլոր դեպքերում, անգամ եթե քեզ օգնության են հասել Լորկան ու Գինզբերգը, զգայականություն արտահայտելու անկարողության չափով դու միանգամից վեր ես ածվում թատերականը ծանոթով ավարտած հանրապետականի, ում համար քաղաքական պնակալեզությանը միակ այլընտրանքը մանկական կաֆեում դեսպասիտոյի տակ միմոսություններ անելն է:

Արգելե՛լ բանաստեղծությունը և արգելե՛լ բանաստեղծներին: Որովհետև ինչպես ֆիզիկան աշխարհընկալման իր միամիտ փորձարարության արդյունքում գերտերություններին ատոմային ռումբ նվիրեց, այնպես էլ բանաստեղծությունը, մարդու ենթախորքերը սողոսկելու իր հնարքները նվիրեց կղերականներին ու հոգեորսիչներին՝ իրենց քարոզների թափանցելիությունը բարձրացնելու համար, թթվասեր ու նրբերշիկ վաճառողներին գործիք՝ հիշողության մեջ մեխվող կարգախոսներ հորինելու համար: Բռնապետերին՝ իրենց մահվան քայլերթերը հիմներով ոգեպնդելու համար, բարոյախրատական մտրակով չարաճճիների քամակը դաղողներին՝ իրենց պոստուլատները ճշմարտության տակ սղցնելու համար: Էստրադային աշուղներին և շահավետ բարսեղյաններին՝ վաստակելու և բազմանալու շանս տալու չափ ստորացավ բանաստեղծությունը: Արգելե՛լ:

Թացը խառնել չորին, կոշտը խառնել մեղմին, դիպուկը խառնել լղոզվածին ու արգելել բանաստեղծություն անվան տակ իրացվող ցանկացած փորձառություն:

Արգելե՛լ բանաստեղծությունը, այն ինքն իրենից պաշտպանելու և փրկելու համար:

հգ

Այս տեքստը սկսել էի Հուսիկ Արայի «հուսահատ-հայրենադավ» բանաստեղծության և այն քննադատող կամ պաշտպանող, նրան դարձող կամ հակադարձող անձանց բարոյահոգեբանական ցուցանիշների համապարփակ վերլուծություն անելու համար: Բայց հետո մտածեցի, որ չեմ ուզում անկապ վատամարդ դուրս գալ, անկապ փուռը գնալ, ինչ է թե Արտավազդն ընկերս է ու չեմ կարողացել մերժել նրան այս տեքստը գրելու հարցում:

Share Button
Tags from the story

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *