Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Քաղցր կյանք

Էսսե
Posted on 2022-02-05

Հին ընտանեկան ֆոտոներն էի սքանավորում ու մտքովս անցավ, որ եթե մի օր մեր խելոք ծոռներն էլ որոշեն մեր թողած թվային հետքի հիման վրա վերարտադրել մեզ, մեր ինքնությունը, կենսակերպը, կյանքը ու նվիրել մետավերսի հավերժությանը, ապա շատ կասկածելի կյանք կսպասի մեզ այնտեղ։ Ինչ-որ սիրուններ ստիպված կլինեն անվերջ նայել սելֆի հայելում իրենք իրենց ու անվերջ հիանալ ֆիլտրերով ուռցրած իրենց շուրթերի վարդագույնով, մաշկի բլուր-հարթությամբ, աչքերի մեգախոշորությամբ ու հոնքերի ֆեյք-թավությամբ՝ վայ ես էս ինչ կյանքն եմ, վայ ես էս ինչ ծիտն եմ՝ անվերջ, անվերջ, ես, ես։ Ինչ-որ ախպերներ ստիպված կլինեն անվերջ լռվել ջիմում ու տրինաժոռ աշխատացնել՝ հաստացնել բիցեպսներն ու տրիցեպսները, ամրապնդել փորի պռեսն ու տուտուզամկանները, բառիս բուն իմաստով որպես մետասիզիփոսներ հավերժորեն աշխատացնել մարմինն իբրև անհիմն տրվածություն, քրտնեցնել այն ու հիանալ սեփական ծավալներով, հիանալ, անվերջ հիանալ՝ չհասկանալով ինչի համար է այդ ամենը։ Ամենաքիչը կբերի ինչ-որ քրոջ տալի դասարանցու վերևի հարևանի հարսանիքին պատահաբար հայտնված Ռամզեսի մեյքափով, Աթենասի ինքնավստահությամբ ու Հադեսի հանդերձանքով մորքուրների բախտը, որ ստիպված են լինելու անվերջ տժժալ հայոց քավորին նվիրված հիմների ներքո, խմել ջերմուկ և տաշել սառած խորոված, ուտել, խմել, տռճկի տալ, հռհռալ, ուտել, խմել, տռճկի տալ, հռհալ՝ հավերժորեն, երբ խելոք ծոռնիկը սեղմի սիմուլյացիայի կոճակը։ Ինչ-որ ճշտի փառաբանությանն իրենց համեստ կյանքը նվիրված ծանդր, սևավոր ախպերներ ստիպված կլինեն հավերժորեն պպզած մնալ ինչ-որ ուրիշ լավ ախպոր սև գելենտվագենի ֆոնին՝ շուրթերի արանքում հավերժորեն մլլացող ծխախոտը։ Ինչ-որ գեղուհիներից կպահպանվի միայն բդերի դետալիզացիան, ինչ-որ նկարվել չսիրող խոպանչի հոպարներից՝ միայն տանջված դիմագծերով բիոմետրիկ բյուստը։ Ինչ-որ յանի կայֆարիկ ձյաձ հավերժորեն կլռվի ծղոտներ սաունայի ջակուզիում՝ փորակից ու կայֆակից փռչոտ ախպերների հետ, գարեջրի սեղանին մատաղ։ Ինչ-որ գեշոների դեմքը չի պահպանվի առհասարակ, քանի որ արհեստական բանականությանը կերակրած բոլոր իբր միստիկ շղարշով նկարներում նրանց դեմքը փակված կլինի մազափնջով կամ, կլինի անճեղքելի մթության մեջ, կամ ուղղակի չի լինի կադրում։ Գեղեցիկ ու հաջողակ կյանքի նախանձելի օրինակ հանդիսացող ինչ-որ զույգեր կամ ընտանիքներ հավերժորեն, ամենայն մանրամասներով լռված կլինեն ինչ-որ ափամերձ հինգաստղանի հյուրանոցում, միգուցե ծղոտե բունգալոներում, սպիտակ ավազների վրա, կոկոսի պալմաների տակ, լազուրե լողավազաններում, մոխիտոն կամ մարգարիտան միշտ մոտակայքում, լոբստեռն ու տռոպիկական մրգերից սալատը ձեռք մեկնելու հեռավորության վրա։ Նրանք ամեն օր կարթնանան բնական մեյքափով՝ սպիտակ փափուկ անկողնու մեջ, որի վրա վարդի թերթեր կան, կնախաճաշեն ծուլորեն՝ հենց անկողնում, պատուհանից կբացվի պայմանական ծովի սի-վյուն, հետո պատերազմ և խաղաղության հատորը պլպլան բուդիկների վրա կլռվեն լողավազանի մոտ, հետո՝ պալմաների տակ երանելի կճոճվեն ֆոտոֆռենդլի հսկա ճոճանակին, հետո կսուզվեն գույնզգույն ձկներով ու կորալներով ծանծաղուտը, հետո կթախծեն հյութեղ գույներով մայրամուտի ֆոնին, հետո կվայելեն մոմերի լույսերով ընթրիքը հավանաբար բրազիլական խոհանոցից, հետո կարթնանան, կլռվեն, կուտեն, կլողան, կքնեն, կուտեն, կլողան, կքնեն, կուտեն, կլողան, կքնեն, հետո կուզենան մեռնել ձանձրույթից, բայց մետավերսում մահ չի լինի նրանց անհեթեթ վայելքի ու անպայքար ձանձրույթի ծուղակից ազատելու համար։
Եվ միթե մեր խելոք ծոռներն ու նրանց քվանտային ալգորիթմը կգիտակցեն, որ իրական կյանքը չգիտես ինչպես միշտ մի ձև հաջողացնում է պլստալ կամերայի աչքից ու ծոր տալ անգամ ամենատես տեքստի անգամ անեմամանր մաղից դեպի իր անորսալիությունը։

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme