Դզոն սովին
Չի հերիքում, չի կշտացնում, չի լիացնում –
էս մարմինն էս հոգուն, էս արևն էս հողին,
էս արյունն էս մսին, էս լեզուն էս տեքստին:
էն որ փող չկա՝ սոված մնացիր, կորար,
փող կա՝ հոգնում ես կորցնելու վախից,
բան չկա անելու՝ մեռնում ես պարապ,
մեծ գործեր բռնելու ձև կա՝ հավեսը
չի գտնվում, իմաստը կոտորվելու,
մենակ ես՝ անբախտ ես, տանը մնացիր,
տնտեսություն, յար, երեխեք ունես՝
գժվում ես էդքանի սերը սպասարկելուց,
փախչելու տեղ ես փնտրում՝
մենակ ու անտեր լինելու առիթ։
Չի հերիքում, կյանքը միշտ չի հերիքում
և ստվերի պես այնկողմնայինի գոյության
կանխազգացումը, բացարձակ
ազատության պատրանքը սահում է,
անցնել, դուրս պլստալ, կոտրել
վերարտադրության շղթայում
տոհմական սերմնացուի կարգավիճակը,
որ պատվաբեր է, կենսական է, բայց՝ քիչ,
միշտ քիչ է, նվազ, չի հերիքում:
Մի ընկեր սպասում է ուրբաթներին,
որ հետո՝ զզվի ուրբաթներից,
մի ընկեր պատվիրում է, նկարում և ուտում,
պատվիրելն ու ուտելն էլ է նկարում,
լսարանի համար, ում էդ էլ չի հերիքում,
մի ընկեր ջանում է մոտենալ մահվանը՝
անընդհատ իր մարմինն անարգելով,
պնդելով, որ պետք է մաշեցվի էս կյանքը,
մի ընկեր կարդում է, կրծում է գրքերը –
արդեն տոննա ու կես, բայց ոչինչ՝
հին գրքերում իմաստության տնազ,
նորերում տնազ հին գրքերի,
մի ընկեր ուռամիցին աճեցրեց պատուհանագոգին,
բայց էդքանը որ՞ մեկիս հերիքի,
մի ընկեր երկրի ամենամեծ խաչը ցցեց
իր հայրենի քաղաքի դոշերին,
բայց ոչ հայտնություն եղավ, ոչ քամի,
մի ընկեր փոխեց քաղաքական ճամբարը,
հետո էլի փոխեց, չէ, չհատեց սահմանը,
չհասավ էությանն ամենայնի,
մի ընկեր բռնվեց լեզվի ճիրաններում –
գրեց, ջնջեց, գրեց, ջնջեց, թքեց –
դուրս եկավ բալկոն ծխելու,
մի ընկեր հագավ լրահոսին, փոստեց,
քոմենթեց, կարդաց, վերլուծեց, լայքեց,
սրտիկեց, ներգրավվեց, վերջում
ինքն իրեն բլոկեց իր էջում,
մի ընկեր հասավ իշխանության
ու փաստեց, որ լիազորությունները չեն հերիքում,
մի ընկեր բոլորիս հետ կիսեց մեր
սեփականության իրավունքը –
էդ մեկից լուր չունեմ, ճիշտն ասած,
մի ընկեր հիմնեց գլոբալ ցանց
վեգանական շաուրմայանոցների –
լիքը բան սովորեց մեծ բաների
արդյունավետ կառավարման մասին,
բայց մեծ բան չդարձավ, մնաց
միջազգային մակարդակի հաց տվող,
մի ընկեր էլ ջնջվեց ամեն տեղից,
փակվեց ամեն ինչի առաջ, ամենքի,
հիմա մեկ-մեկ գրում է ֆեյք ըքաունթից,
ասում է… չի հերիքում։