Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Ներբողական. շարքային Մարտիրոսյանին

Բանաստեղծություն
Posted on 2017-04-27

Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
ես այսօր գործից, ընտանեկան ընթրիքից,
տղերքիս քնացնելուց, սերիալս նայելուց հետո
մեծահոգաբար փորձեցի ժամանակ գտնել,
վորդի նոր դոկ բացել, ընտրել իմ սիրած տառատեսակը
ու գրել քո մահվան առիթով
այս մետամոդեռնիստական հավակնություններով ներբողն անսեթևեթ:

Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
մեկ անգամ որ գրեցի անունդ,
արդեն հեշտորեն կարող եմ քոփիփեյսթել
ամեն հնգոտնյակը մեկ, ամեն տոնացույցը մեկ,
ամեն ռազմաշքերթը, ամեն մահազդը մեկ
մեր մյուս ախպերների, ամեն…
Չձգելու համար միանգամից ասեմ,
որ քեզ պատշաճ սգալու լիքը հեշթեգեր կան հերթապահ.
խոսքի՝ #հայրենիք #զինվոր #մատաղ #հերոս
փառապանծ #խոնարհվում_եմ
խոսքի՝ #նրանքընկանորմենք #նրանքչկանորմենք
նրանցանունըմենք, միանգամից ասեմ,
որ քեզ սգալու համար հստակ կանոնակարգ կա մշակված
և ժամանակավոր հանձնաժողով,
որը ստեղծվելուց ի վեր չի ցրվել,
հաստիքային աշխատող կա, որ ճիշտ պահին
հանդիսավոր կլռի ու կարտասվի անգամ:

Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
քո մահն արդարացնելու համար
էպիկական նախադեպեր կան
դեռ քո մշուշոտ նախնիների ձեռքով այս քարերին ծեծված
ու այս լռագրողների չեչոտ լեզուներին թույն լիզելու
մի դավադիր հաճույք
ու այս ցինիկ լրահոսում թսիկ սնոբներիս համար
հա վա՛ր, հա վա՛ր սքրոլ անելով քեզ ջնջելու,
մոռանալու լռին դավադրությունը կա:

Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
դու անտեղյակ ես, բայց քո փոքրիկ մահը թաղային ժեկից մինչև ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակ շարժման պոտենցիալ է ստեղծում այս ահռելի աշխարհի համար՝ մե՛կն ասում է՝ չի կարող չլինել երկնային արքայությունը, այլապես ո՞ւր պիտի մեր թագավոր ախպերը գնա, մեկն ասում է՝ ինձ հանգիստ չկա, քանի չեմ խմել էդ բոզի տղա թուրքի արյունը, մեկն ասում է՝ ընտրեք ի՛նձ, և ես էականորեն կկրճատեմ մահացության դեպքերը նորակոչիկների շրջանում, մեկն ասում է՝ առ այս փողն ու մխտռի քաղաքիդ պատերը խաղաղություն և հանդուրժողականություն խրախուսող արտ-պռոեկտներով, մեկն ասում է՝ սա հայու գենի հաղթանակն է, մենք այսպիսի անձնազոհությունների գնով ենք գոյատևել հազարամյակներով, էն մեկն էլ չի ասում, բայց հասկացնում է՝ հեյ, դուք էդտեղ շատ մի խլվլացեք իմ կայսրության գավառում, թե չէ ձեր տղերքին էլ, տո ձեզ էլ… ու մենք չենք խլվլում:

Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
կներես, բայց ես ու կինս քնելուց առաջ և ընթացքում հա ստուգում ենք Արարատին բացվող մեր դռներն ու Արարատին նայող լուսամուտները և ամեն դեպքում մեր տղերքի ապագան լռելյայն պատկերացնում մի անշառ, ծովամերձ քաղաքում, ուր չի կարող հասնել քեզ խոցած գնդակը, թեպետ այն հա շարունակում է թռչել ու հա շարունակում է խոցել տարածության ու ժամանակի միջով խոնարհ հեռացող մարտիրոսների ձեր գունդը:

Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս,
քո մահվան առթիվ ամենաազնիվը թախիծն է այս կույս ծիտիկների, որ անծաղիկ թոշնելու են առանց քո սիրո, իրենց երազներում իսկ չեն ճաշակելու քո ազդրերի մեղրն ու չեն ընկնելու խոցված քո փառապանծ տեգից, դեղձենու ծաղկագույնն այլևս մեռնում է նրանց շուրթերին քո անունը տալիս, նրանք կյանք են ուզում, զավակներ են ուզում, հիփոթեքով տուն են ուզում, Եգիպտոսի ուղեգիր ու ուզում են զզված լինել քեզանից, տառապած քո ձեռը, քո անճարությունից հոգնած, բայց… չեն ուզում քեզ թաղել, ախպերս:

Շարքային Մարտիրոսյան, Մռդո,
ամենածանրը մորդ կոտրված սիրտն է, նրա հայացքի ավերակներում էլ գնարբուկներ չեն ծաղկելու, ինչքան էլ հետմահու մեդալներ տանեն ձեր տուն, ինչքան էլ դրամահավաքներ անեն քո անունից, անշուք դասարաններ անվանակոչեն, ինչքան էլ քարոզարշավներով քարշ տան նրան ու օպեռաներում համերգներ հնչեցնեն՝ ստիպելով հա՛ լինել որդեկորույս, հա՛ սգավոր, հա՛ սևավոր, հա՛ հերոսական…

Մենք էլի սքրոլ կանենք ու կմոռանանք, բայց քո ճակատի սառնությունը հա այրելու է իր շուրթերը՝ այնկողմնային ամայության սարսափելի ակնարկով, սարսափելի ակնարկով, որ քեզ հավերժ մենակ է թողել:

Share Button

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme