Կանաչ Կանչ

Բնությունը չի ճանաչում այն սահմանները, որով կարկատել է մարդը Երկիրը, այն սահմանները, որոնցով մարդիկ բաժանված են մարդկանցից և որոնց պահպանության համար այնքան միջոցներ են ծախսվում: Ռազմական ծախսերի համար ոչ մի հայրենիք ոչինչ չի խնայում, որովհետև մենք ունենք մեր ունեցածը իրարից պաշտպանեու պատմական պահանջը:

Մեր մեջև դրվող տարբերությունների գլխավոր բնորոշիչը հենց պատմականորեն մեր կուտակածը կամ տանուլ տվածն է: Այսպիսով, կարծես թե, մենք այնքան տարբեր ենք` տարբեր ճակատագրեր, տարբեր կրոններ, տարբեր գեներ, տարբեր կենցաղավարություն, տարբեր ավանդույթներ, հնարավորություններ և այլն… բայց ինչպես ցանկացած պայմանագիր զրոյանում է այսպես ասած անհաղթահարելի ուժի ի հայտ գալու հանգամանքով, այնպես էլ մեր բոլոր տարբերություններն ու միմյանց հանդեպ ունեցած հավակնություններն ի չիք են դառնում, երբ ի հայտ է գալիս մեր բնակեցրած մոլորակին ընդհանուր առմամբ, այսինքն կյանքին` մասնավորապես, այսինքն մեզ, մեր առկա և ապագա երեխաներին, մեր հարազատներին` հատկապես սպառնացող վտանգը…
Մեզ նույնական է դարձնում անհաղթահարելի ուժի սպառնալիքը, մեզ միավորում է մեր անզորության փաստը:
Իսկ ի՞նչ կարող է սպառնալ երկրին այն աստիճան, որ մենք մոռանանք մեզ բաժանող խրամատների գոյության մասին:
Մեր ու մեր երեխաների համար ավելի լավ կյանք կառուցելու պարզ ու ազնիվ, քաղաքական կոչի պես տափակ ու ծեծված այս խիստ մարդկային ճիգը դարձել է ժամանակակից արտադրական ու սպառողական բումի հիմնական խթանը: Մենք խելահեղորեն շտապում ենք ուտել, խմել, հագնել, քշել, վարել, ծամել, ծխել, ճամփորդել, տեսնել, ունենալ… ունենալ… արդյո՞ք հնարավոր է ինքդ քեզնից ու կյանքից բացի որևէ այլ բան ունենալ ընդհանրապես:
Ունենալու բնական քաղցն ու քաղաքակրթության ներշնչած փաստացի անհագությունը բավականին զավեշտալի են նայվում խավարով ու անորոշությամբ առլեցուն այս անծայրածիր ու անկայուն տիեզերքում, ուր կյանքի գոյության անհավանական հավանականությունը ավելին է քան հրաշքը:
Մինչ մենք խելահեղորեն մեր կյանք ներմուծելով ավելի ու ավելի շատ իրեր, այսպես ասած, քաղաքակրթվում ենք, մեր ցանկությունների տեսլական ներմուծելով եվրո, այսինքն բարեկեցիկ կենցաղը, կամ մրցակցության մեջ հաղթելու ամերիկյան կենսակերպը դարձնում մարդկանց խմբերի շահադրդման հիմնական գործիք, քիչ-քիչ վերածվում ենք արտադրողների ու սպառողների պարզունակ համույթի – զուրկ ամեն տեսակ ոգևոր պարունակությունից:
Այս ամենի արդյունքում մենք այնպիսի արագությամբ ենք ձևախեղում Երկիր մոլորակը, որ մեր թելադրած հանգամանքներին չի հասցնում հարմարվել անգամ ամենակար բնությունը, մենք բնության ինքնամաքրման ու ինքնաբժշկման արագությունից առաջ ենք անցել, մենք «առաջ ենք անցել» ինքներս մեզնից՝ հայտնվելով իքնաօտարման ու ինքնմեկուսացման դատապարտված տիրույթում:
Փողը: Միֆ է: Նույնիսկ եթե դու ինքդ վճարում ես այն ամենի համար, ինչ սպառում ես, ապա նյութական և իրական առումով, դրա համար վճարում է ողջ երկիրը` իր ռեսուրսներով ու դրանց վատնումով: Փողը քո կուտակած հավելյալ արժեքի ցանկացած պահի սպառման խոստումն է, որը կարող է մեկ ակնթարթում հավասարեցվել զրոյի, երբ գոյանա համաշխարհային անհաղթահարելի ուժը:
Մենք սպառում ենք հարյուրապատիկ անգամ ավելին, քան պետք է մեր կենսագործունեության համար: Իհարկե հավելյալ արժեքի գոյացումը, կուտակումն ու սպառումն է հենց մարդկային քաղաքակրթության գլխավոր շարժիչ ուժն ու նրա տարբերությունը բնական մնացած բոլոր համակարգերից, և այդ սպառողական ծայրահեղությունն էլ հենց նրա կործանման գլախավոր սպառնալիքն է դարձել:
Ես ինքս երբևէ ոչ մի կենդանի ծառ չեմ վնասել, բայց ասում եմ` մենք, ոչ միայն այն պատճառով, որ ինքս էլ սպառում եմ այն թուղթը, որ պատրաստվել է ուրիշ տեղ հատված ծառերից, վառում եմ այն էլեկտրաէներգիան, որ արտադրվել է ցամաքող գետերի վրա, այլ հատկապես այն, որ երկրագնդի վրա արտադրության և սպառման մեջ առկա ցանկացած կենսաքիմիական ռեակցիա ներգործում է ընդհանուր միջավայրի վրա, որից էլ գոյանում ու որում ապրում ենք մենք բոլորս:
Իհարկե այս իրավիճակի ամենմեծ պատասխանատուներն ու իրավիճակը որևէ կերպ փոխելու ընդունակները գերտնտեսություններն ու գերպետություններն են, որոնք էլ դրել են այս գլոբալ աղետի սկիզբը, բայց ի՞նչ է կատարվում մեր պուճուր ու աղքատ հայրենիքում և ինչ կարող ենք մենք փոխել այստեղ:
Մենք ունենք հարուստ լեռներ – հետն էլ բազում սոված բերաններ ու պարապ ձեռքեր, և հիմա առատորեն շահագործում ու վաճառում ենք մեր լեռներն ու ընդերքը, բայց դա նման է նախնիներից ժառանգություն ստացած ընտանեկան գանձի ուղղակի վաճառքի անճարությանը, դա հավասար է ոչ մի հավելյալ արժեք չստեղծելուն, դա հավասար է մի ամբողջ սերնդի պարտությանը:
Հանքերի արդյունահանումը մեր աղքատ երկրի համար արդարացված կլիներ միայն այն դեպքում, երբ շահագործումից ստացված երկամուտները ներդրվեին` կրթության, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների և այլ անվտանգ` բնությանը չվնասող ոլորտների կայացման համար, հետագայում հանքաարդյունաբերությունից փոխելով տնտեսության վեկտորը: Բայց ցավոք այդ հարստության մեծ մասը դառնում է մի քանի անձանց ու մի քանի կազմակերպությունների մասնավոր ունեցվածքը, որը ամենայն հավանականությամբ կներդրվի կամ կծախսվի Հայաստանից դուրս:
Շատերի համար հասանելի Հայաստանի որ անկյունն ուզում եք գնացեք՝ աղբն ամենուր է: Մենք մեր սեփական տան սահմաններից դուրս որևէ այլ բանի հանդեպ սեփականության զգացողություն՝ ուստի և հոգատարության ու խնամքի ներքին պահանջ չունենք և աղտոտում ու աղբոտում ենք «աչքից հեռու» ցանկացած միջավայր: Ցելոֆանները՝ պոլիէթիլենի տոպրակները արդեն իսկ մահվան հրեշտակների պես զվռնում են մեր երկրով մեկ, մինչ մենք քաղքենի չտեսությամբ խանութներում ամեն ինչ վերցնում ենք յոթ տակ փաթեթավորված:
Հասարակական տրանսպորտի անկատարությունն ու ունեցածով սոցիալական դիրքն ընդգծեու գավառական մտայնությունը շատերին դրդում են սեփական մեքենա ունենալ և երկիրը լիուլի ցվում է մի կողմից հնամաշ ու էժան, մյուս կողմից թանկարժեք ու մեծ ավտոների ահռելի քանակությամբ:
Հատվող անտառներ, որսի և որսագողության հարակայող «ավանդույթ», հէկերի կառուցման համաճարակից ցամաքող գետեր. այս էլ մեր երկիրը:
Մի խոսքով վիճակը ծայրահեղ ծանր է ամենուր:
Ես չեմ ուզում անտեղի հույս հայտնել, որ մենք նույնիսկ շատ ուզենալու դեպքում կարող ենք փրկել Երկիրն ու երկիրը և պահպանել կենսաբանական բազմազանությունը նրա վրա, որ մեզնից կախման մեջ է հայտնվել, նաև չեմ ուզում գուժել, որ կյանքը՝ ներառյալ մենք դատապարտված է բնաջնջման: Միակ արժանահավատ գործողությունը կլինի յուրաքանչյուրիս մեջ զարթնող կյանքի ինքնափրկության այն կոչին ականջալուր լինելը, որով մայր բնությունն ինքն է մեզ հետ խոսում. ես այն պայմանական անվանում եմ «կանաչ կանչ»: Նվազագույնը, որ մենք ունակ ենք և պարտավոր ենք անել` ինքներս մեր անձնական էկոլոգիական հիգիենային հետևելն է – չծախսել ավելին քան պետք է, չսպառել ավելին քան պետք է, չվատնել ավելին քան պետք է: Դողալ մաքուր ջրի ամեն աղբյուրի ու առողջ օդի ամեն ումպի վրա, գուրգուրել մարդկային քաղաքակրթության դեմ մենակ մնացած ամեն մի կենդանի արարածի, որ ապրելու իրավունք ունի ի բնե:
Մենք պարտավոր ենք պաշտպանել վայրի բնությունը մարդուց, և ավելի շատ մենք պարտավոր ենք գնահատել ու պահպանել բնությունը մարդու մեջ:

05.06.2013

Share Button
Tags from the story

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *