-Ի՞նչ գործ ունի բանաստեղծը ավագանու կազմում,- հարցնում եմ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Կարեն Անտաշյանին:
Ասում է՝ որպես գրող, գրականությամբ զբաղվող մարդ, եթե հիմա փորձի վերլուծել հեղափոխության հնարավոր պատճառները, դրանք կգտնի հենց տեքստի մեջ: Ապա մեջբերում է Հրանտ Մաթևոսյանի մտքերից մեկը. այն ինչ տեղի է ունենում իրականում, նախ տեղի է ունենում գրականության մեջ: «Այսինքն՝ խոսքն ինչ-որ մոգական ձևով նախորդում է իրականությանը: Եվ այդ ամբողջ ըմբոստությունը, ազատության տենչը, սթափ միտքը լիուլի ներկայացված էր ժամանակակից գրականության մեջ»,- նկատում է գրող Անտաշյանը:
Կարեն Անտաշյան- Մինչ հեղափոխությունը մի տեսակ ներքին պատրաստակամություն ունեի ավելի ակտիվ, որոշակի հասարակական կազմակերպված գործունեության անցնելու, հատկապես՝ անդրադառնալու քաղաքային անտառների վերականգման, կանաչ տարածքների պաշտպանության հարցերին: Մտածում էի հիմնադրամ բացելու մասին, և հեղափոխությունը ճակատագրական ձևով փոխեց մտքերիս ընթացքը: Այնպես ստացվեց, որ քաղաքային իշխանության պաշտոնական կազմում փորձում եմ իրացնել այդ գաղափարները: Մտնելով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակ՝ իմ առջև նպատակ չէի դրել զբաղվել քաղաքականությամբ, կարիերա անել: Գրականությունը միշտ փորձել եմ հակադրել քաղաքականությանը, բայց այստեղ լավ առիթ տեսա իմ փորձառությունը, ժամանակակից մշակումները կյանքի կոչելու համար: Եվ ավագանու կազմում իմ դիրքավորումը հենց այդպիսին է՝ զբաղվել քաղաքային անտառների ուսումնասիրության, զարգացման, պահպանման, կանաչապատման նոր մեթոդների ներդրման, բնության հանդեպ սիրո և հոգատարության արժեքների քարոզման հարցերով:
Կարենի ձևակերպմամբ՝ առաջին ներքին դիմադրությունը «ավագանի» բառն էր. այն չի համապատասխանում բուն աշխատանքին: Երբ լսում է այդ բառը, պատկերացնում է բարձր լեռնային գյուղում նստած 80-ն անց պապիկների, որոնք կյանք են սովորեցնում ջահելներին: Դրա համար հույս ունի, որ վաղ թե ուշ կվերականգնեն «քաղաքային խորհուրդ» սահմանումը: Ըստ նրա՝ ավագանին պետք է չվերածվի կոճակ սեղմողների, թեև նիստերի դահլիճում կոճակ չկա, քվեարկությունը ձեռքով են անում: Ավագանու անդամն ասում է, որ իրենք հիմա զբաղված են օպերատիվ խնդիրներին արձագանքելով, մինչդեռ դա վարչական աշխատանք է, և քաղաքապետարանն աշխատակազմ ունի դրա համար:
Կարեն Անտաշյան- Ընտրվելու օրից դարձել ենք իրական խնդիրների հասցեատեր հատկապես «Ֆեյբուքում»՝ աղբահանություն, տրանսպորտ, կանաչապատում և այլն, մինչդեռ ավագանին պետք է զբաղվի ավելի կոնցեպտուալ, ընդհանրական որոշումներ ընդունելով, բարեփոխումենր իրականացնելով, այլ ոչ թե օրական օպերացիոն աշխատանքով: Հիմա փաստացի այս վիճակում ենք՝ հակաճգնաժամային կառավարման փուլում, և սա շատ խոչընդոտում է մեր հիմնական գործառույթներին՝ քաղաքի համար բարեփոխումների ռազմավարություն, մեր քաղաքացիների բարեկեցությանը նպաստող երկարաժամկետ ծրագրեր մշակելուն:
Երևանի փողոցներում
Երևանի փողոցներում մոտ երկու ժամ շրջել ենք Կարեն Անտաշյանի հետ: Ասում է՝ մայրաքաղաքի բնապահպանական վիճակը շատ վատ է:
-Եթե վատ ջուր խմելիս անմիջապես կարող ենք զգալ դա և արձագանքել, ապա այդպես չէ օդի դեպքում: Այն տարիների ընթացքում սկսում է վերածվել սուր շնչառական հիվանդությունների, առաջացնում առողջական տարբեր խնդիրներ: Վիճակագրությունը, իրոք, վախեցնող է, թե ինչքան մանկահասակ երեխաներ ունեն շնչառական հիվանդություններ: Խնդիրը Երևանի օդի չորության, մանր մասնիկներով, ծանր գազերով աղտոտավածությունն է: Իսկ դրա պատճառն այն է, որ մեր կանաչ տարածքները մեռնում են, չեն բավականացնում արտանետումների այսօրվա ծավալներին: Վատ ցուցանիշների բարելավման թիվ մեկ գործոնը ծառերն են, բայց քաղաքը լավագույն ապրելու վայրը չէ ծառերի համար: Եթե սոսին կարող է բնության մեջ ապրել 2000 տարի, ապա քաղաքում առավելագույն տարիքը 70-ն է: Քաղաքային անտառները, պուրակները մեր լավագույն բարեկամներն են: Այս գիտակցումն ուզում եմ դարձնել հանրության սեփականությունը:
Ըստ Կարենի, ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ ավագանու առաջին գործը դարձավ քաղաքի չորացած ծառերը կտրելը:
Ծաղկող պատշգամբներն ու «կենդանի» պատերը
Երևանի ավագանու անդամի հաջորդ գաղափարը կանաչապատ, ծաղկող պատշգամբները, բակերում խաղողի թառմաների մշակույթը հանրահռչակելն է:
Ամանորին Երևանում զարդարանք՝ հայտնի ֆլամինգոներ և թիթեռներ, տեղադրելուն Կարենն ուշադրություն չի դարձնում: Կարևորը նրա համար բնության հանդեպ հոգատարությունն է:
Կարեն Անտաշյան- Ի՞նչ են քարոզել նախկինում՝ կանաչ տնկելու փոխարեն կանաչ պլաստմասսայե թիթեռներ, արջուկներ, ոչխարիկներ են բերել-դրել: Մինչդեռ եթե հաշվես, թե որտեղից են ներմուծվում, որքան գումար է ծախսվում դրանց համար… Դրա փոխարեն մի տնկած, խնամված ծառն ավելի արժեքավոր է, որը, ճիշտ է, կերևա 5 տարի անց: Սա մատնում է նախկին իշխանությունների՝ աչքակապություն անելու մտայնությունը: Մինչդեռ մարդիկ գնում-նկարվում են դրանց կողքին՝ չմտածելով, որ դրանք ընդամենը պլաստասսա են:
Նույնը վերաբերում է Երևանի որոշ սիզամարգերին, որտեղ հիմնականում միամյա բույսեր են տնկում: Կարենն առաջարկում է բազմամյա, մշտադալար փոքր բույսեր, օրինակ, գիհիներ տնկել Երևանում: Դրանք ջրի մեծ պահանջարկ չունեն, նաև կապիտալ ներդրում կլինի:
Այս շրջանակներում ավագանու անդամն առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի գիտական ինստիտուտների, օրինակ՝ Էկոկենտրոնի, Հիդրոպոնիկայի և Բուսաբանության ինստիտուտների, գյուղատնտեսների հետ: Նրա կարծիքով՝ իրականում մենք ունենք գիտական ներուժ, որը չենք օգտագործում,
փոխարենը լսում ենք հիմնավորումներ, որ ներկրած բույսերն ավելի էժան են, քան տեղում գնվածը: «Ստացվում է, որ մենք հավաքագրում ենք երկիր եղած փողն ու նորից հետ ուղարկում»,- ասում է Երևանի ավագանու անդամը:
Կարեն Անտաշյանն առանձացնում է բնության հանդեպ վերաբերմունքի արժեշղթան, որ պիտի փոխվի: Ասում է, թե, «հայկական» մտածելակերպի համաձայն, լավ բնությունը լավ ուտել-խմելու տեղ է, և եթե մի տեղ կա փոքրիկ անտառ, պուրակ, ձորակ, աղբյուր, ապա այնտեղ սկսում են հայտնվել «մանղալ», «բեսեդկա»… Թռչկանի ջրվեժի օրինակն է բերում, երբ բնապահպանների պայքարի արդյունքում այն փրկվեց ու հանրահռչակվեց: Բայց հիմա այնտեղ, ըստ Կարենի, մեծ աղբի կույտեր կտեսնեք, որոնք այցելուներն են թողել «պիկնիկներից» հետո: Այս արժեշղթան պետք է փոխվի. բնությանը պիտի վերաբերվենք որպես օգնականի, պահապանի, մեր առողջությունը վերականգնողի, այլ ոչ թե սպառողի:
Սկսել մանկապարտեզներից և դպրոցներից
Բնության հանդեպ հոգատարությունը, ըստ Երևանի ավագանու ներկայացուցչի, պետք է սկսել մանկապարտեզներից և դպրոցներից: Կրթական ծրագրերում պետք է ներառվեն նաև արշավները: Օրինակ, երեխաներին տանում են ինչ-որ մանկական սրճարան («մանկական» միան անունն է), որտեղ աղմուկ է, վատ սնունդ, այսինքն՝ ժամանցի սպառողներ ենք մեծացնում փոխանակ շրջակա միջավայրի հանդեպ հոգատար մարդկանց մեծացնելու:
Կարենն ասում է, որ ուղեցույցներ է մշակել բնության հանդեպ կրթական ուղղության մասին, սակայն դեռ չգիտի, թե կհաջողվի արդյոք ներառել օրակարգում: Առաջարկում է քաղաքում որոշակի երթուղիներ մշակել, որտեղ կարելի է քայլել, տեսնել այսինչ ամսում ծաղկած ծառը, սերմեր հավաքել, աճեցնել, ուսումնասիրել քաղաքում ապրող թռչուններին միջատներին:
«Բնությունը չսիրելու աղբյուրը թաքնված է չճանաչելու մեջ: Եթե մեծահասակների մեջ սերը բնության հանդեպ քիչ-քիչ մեռնում է, ապա երեխաները բնական պահանջ ունեն միջավայրը ճանաչելու, խաղի միջոցով ուսումնասիրելու և սիրելու: Ճապոնացիներն անգամ տոն ունեն՝ հավաքվում են և հիանում ծաղկող ծառով: Երազում եմ, որ մի օր մենք էլ ունենանք այդպիսի մշակույթ, երբ կհավաքվենք ու կհիանանք, ասենք, ծաղկող ծիրանենիներով»,- նշում է Կարեն Անտաշյանը:
«Ծննդոց» անտառի մասին
Նրա հաջորդ միտքը Երևանում «Ծննդոց» անտառ ստեղծելն է: Ասում է՝ մեր ժողովուրդը սովոր է ճոխ կնունք, ծնունդ, հարսանիք անել և մի քանի հազար դոլար ծախսել մի քանի վայրկյանանոց հրավառության համար: Ավագանու անդամն առաջարկում է Երևանում առանձին հատկացնել, որտեղ հրավառության վրա գումար ծախսելու փոխարեն մարդիկ ծառ կտնկեն՝ ներդրում անելով իրենց ընտանիքի, երեխայի ապագայի համար: Այդ դեպքում 5 տարի անց, ըստ Կարեն Անտաշյանի, փարթամ անտառ կունենանք:
Տեսանյութերն ու լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի