Գոհար Արամյան | HayNews.am
Գրանիշ գրական ակումբի գործունեության, գրականության արդի խնդիրների ու դերի և 2012 թվականը Հայաստանում գրքի տարի հռչակելու մասին HayNews.am-ը զրուցեց գրող Կարեն Անտաշյանի հետ:
-Ի՞նչ գործունեություն է ծավալում Գրանիշ գրական ակումբը և ինչպիսի՞ խնդիրներ է դնում իր առջև:
-Ակումբի ստեղծման հիմնական մտահոգությունը հայ ժամանակակից գրողներին ու նրանց ստեղծագործություններն ընթերցողների առավել լայն լսարանին հասու դարձնելն էր, որովհետև այդ ժամանակաշրջանում արդի հայ գրականությունը մի տեսակ ինքնամփոփ շրջանակում էր ու կտրված իր հիմնական հասցեատիրոջից` ընթերցողից: Այս խնդրին հետամուտ, մենք արդեն երկու տարի է տարբեր համացանցային գրական նախագծեր ենք իրականացնում` փորձելով գրականությունը տարածել նաև համացանցային օգտատերերի շրջանակում: Հաշվի առնելով, որ մեր պրոֆեսիոնալ գրական շրջանակները համացանցին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում, մենք ձեռնարկեցինք նաև Գրանիշ հանդեսի հրատարակությունը (ծիծաղում է): Իհարկե կատակում եմ` դա գործոն էր, բայց ոչ հիմնական, մենք ինքներս առավել ինքնահաստատման կարիք ունեինք: Հանդեսը մտահղացման առումով սկզբունքորեն տարբերվում է մեր առցանց նախագծերից և միտված է զուտ գրական առավել ընդգրկուն ամբողջացումներ անելուն:
-Հայ գրականությունն աշխարհի գրականության հետ համեմատած ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:
-Ես ճիշտն ասած լավ չեմ պատկերացնում, թե գրականության մակարդակավորման չափանիշները որոնք են: Ե´վ որակական, և´ քանակական հարաբերության մեջ բնականաբար մենք շատ հեռու ենք համաշխարհային գրականությունը սնուցող երկրների ու լեզուների հետ համեմատվելուց, սակայն գրական արդյունքը հենց նրանով է տարբերվում տնտեսականից, որ այն կարող է հաղթահարել փոքր ժողովրդի ու փոքր լեզվի պատնեշը` ընդհամենը մեկ բարձրարժեք երկով կամ մեկ կայացած հեղինակով: Սակայն ժամանակակից աշխարհում դա ավելի ու ավելի դժվար է դառնում, որովհետև ի հայտ է գալիս այնպիսի լուրջ «տեխնիկական» խնդիր, ինչպիսին թարգմանության և միջազգային «փրոմոշընի» խնդիրն է: Միգուցե հենց այդպիսի հարցերի պատճառով է, որ մենք միջազգային գրական շրջանակներ հայ գրականության արտահանման քիչ նախադեպեր ունենք:
-Ի՞նչ խնդիրներ ունի արդի հայ գրականությունը:
-Գրականությունն ունի միայն լավ երկեր ստեղծելու խնդիր: Խնդիրներն ու մտահոգություններն ի հայտ են գալիս այդ գրականության իրացման անհրաժեշտության ժամանակ: Իսկ գրականության ու ընթերցողների այդ հարաբերության մեջ մենք խնդիր ունենք հայերենի պահպանության, ընթերցանության մասսայականացման, գրական շուկայի կայացման, հեղինակային իրավունքների պաշտպանության, թարգմանության, արտասահմանյան բոլոր հնարավոր հարթակներում մեր գրականության ու հեղինակների պատշաճ ներկայացման:
-Հասարակական-քաղաքական իրադարձություններն ինչպե՞ս են ազդում գրողի ու գրական նյութի ստեղծման վրա:
-Ամենաուղղակի ձևով: Թեկուզ պատմավեպեր գրես, եթե դրանք այսօրվա համատեքստից դուրս են, ուրեմն անարժեք են: Գրականությունը նախ և առաջ մարդու և իր ժամանակի միջև կամուրջներ է կառուցում. այդ կամուրջը նոր խոսքն է, և ամեն ժամանակ իր նոր խոսքը պիտի ունենա ու այդ խոսքը գրառող իր հեղինակը:
-2012 թ-ը Հայաստանում հայտարարված է գրքի տարի, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է տոնվի այն, ի՞նչ ծրագրեր են նախատեսված, ի՞նչ կտա տարին հայ գրականությանը:
-Ակնկալվող ամենաիրական արդյունքը թերևս Հայաստանի միջազգային ճանաչելիության փոքր ինչ բարձրացումն է, որովհետև այս առիթով մշակույթի նախարարությունն ինտենսիվ աջակցում է միջազգային գրքի փառատոններին Հայաստանի մասնակցությանը: Իմ կարծիքով այս առիթը պետք է օգտագործել` նախ և առաջ ընթերցանությունը և գիրքը հնարավորինս շատ քարոզելու, հատկապես, պատանիների ու երիտասարդության շրջանում: Երիտասարդներին այսօր ոչ թե կուսակցական նշանակներ ու անդամատոմսեր է պետք բաժանել, այլ նույն անխնա էնտուզիազմով` գրքեր: Թե չէ 2013-ին էլ գրքի միջազգային մայրաքաղաք չենք լինի, գրատպության 500 ամյակն էլ մի ձև անցած կլինենք ու հետո ի՞նչ ենք անելու… իսկ գրքի, գիտելիքի ու գրականությանը սիրահարված մեկ երիտասարդն այլևս այդ կրակն իր մեջ կկրի: