Հո արա

Էս տարվա էն սեզոնն է,
որ բալոր թարմ տռուսիկներից
վառած տերևի հոտ է գալիս,
էն սեզոնը, երբ տաք շորով շոգ է,
բարակ շորով` ցուրտ
ու ամեն օր ավելի շատ ցուրտ…
չգնա՞նք խաշի –
հղանում են բոլոր տամուկ կոլեկտիվների
ոչ ֆորմալ լիդերները.
լավ, ես հարիսա կուտեմ, ասում է մեկը
ի հեճուկս ընկերվարական լոզի.
ավտոբուսներում էլի սեղմոցի է,
արդեն մի թավուր հաճելի –
տաքը դուր է գալիս`
անկախ օտար մարմնի բարոյական կերպարից
և առողջությունից վերարտադրողական –
մրսողին տաքացնելու ցանկության մեջ
էրոտիզմ չկա, կա բարեհաջող ձմեռելու բնազդ,
բայց մրսողի տաքանալու հայտը դեռևս քաղաքական է,
ինչպե՞ս անցկացրեցիք աշնանային արձակուրդները,
երեխաներ – կհարցնեն դպրոցում,
բալես, չասես, որ գնացել էինք
ամառային կալոսները ձմեռայինով փոխելու,
ասա ալոճ ու մասուր հավաքեցինք թեյի համար,
որ ալոճն ու մասուրն ապրելու տեղ ունենան,
չէ՞, որ մենք բնապահպաններ ենք –
ֆեյսբուքում անդամակցում ենք
համապատասխան խմբերի,
մեղվի մի տարվա աշխատածը
հալալ ախպերափայ արինք իրար մեջ,
իրար, ոչ` մեր ու մեղվի, որովհետև
մարդուն ամենից շատ տառապանքն է տրված,
բոլոր արարածներից –
պետք է քաղցրով ամրապնդել
թախծող սրտի թուլությունը,
էս վերջին վիռուսներն էլ մի կողմից…
և որտեղի՞ց է լացակումելու այս մուդը
աշնան հետ ներս սողոսկում –
ախուվախ ինչ-որ մեկի մասին,
ով արդեն անհավես, հաստաքամակ կնիկ է
ուրիշ մեկի ծոցում,
բայց յութուբյան գուռուն խորամանկ կասի`
դու ունակ ես մենակով տաքացնելու քեզ,
․․․ հոպար, հո՛ արա,
վերմակը քաշիր գլխիդ ու հո արա,
մի նվնվա անցած բաների համար`
Տերյանն ինչ պետք է՝ արել է,
իսկ դու ընդամենը միջին տարիքին
բնորոշ հորմոնալ ֆոնի տրանսֆորմացիան
շփոթում ես պոեզիայի հետ,
հո արա, սրտիկ նկարիր ապակուն ու գրի
իբուպրոֆեն:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *