Չտառապած հաջողությունների հանդեպ թերահավատ և ընդհանուր առմամբ պարզամիտ մեր նախապապերը պոպոքի ծառի տակ մի քանի բաժակ դամբուլի արաղ խմելուց հետո կխրատեին մեզ՝ իրենց տաքգլուխ ճիվ ու շիվին թե՝ այ տա, առուն թռեք, հետո տռեք, մենք էլ խրատվածի պես, խոհեմությամբ գլուխներս կտմտմբացնեինք էն հույսով, որ մի օր էլ մենք ենք մեր սերունդներին ավանդելու էս պարզ ու հանճարեղ կենսական իմաստությունը, բայց․․․ այս ամենը հեղափոխությունից առաջ էր ու հիմա, ասենք, լա խորացի, որքան ոչ միանշանակ է ամեն ինչ։
— Եթե շատ շահարկենք սեփական գազարտադրության թեման և արտահոսք տեղի ունենա դեղին մամուլ, ապա իրանական գազի լոբբին կակտիվանա ու այդ ֆոնին ռուսական գազավիկները աշխարհաքաղաքական անհանգստության նոտաներ կուղարկեն մեր հինավուրց հայրենիքի ուղղությամբ։
— Հետո՝ առուն թռնելու անհրաժեշտությունն իրականում մեր ընտրությունը չէ։ Հաջողության
կեղեքիչ միֆը մեր գլուխը կապիտալիստական անարդար համակարգն է մտցրել, որ մեզ մոտիվացնի մասնագիտանալու և աշխատելու հանուն հարուստների ավելի հարստացման։
— Մյուս կողմից՝ ավելորդ գազարտադրությունից կարելի է խուսափել առողջ սնվելով՝ մասնավորապես քչակերությամբ և բջջանյութի քանակը սննդակարգում նվազեցնելով ։
— Եվ առհասարակ հիմա բոլոր քիչ թե շատ ջրառատ լեռնային առուները վտանգված են և պետք է պայքարել դրանց վրա սարքվող հէկերի դեմ, որ առուների սնած կենսաբազմազանությունը չմեռնի։
— Տես, եթե ակնարկում էս, որ տուն-տեղ դնելու համար պետք է մի կես կյանք աշխատել ու կուտակել, ապա ստոպ ապընդպապ ջան, կենտրոնական բանկը ահա նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և երկար փողերն ավելի հասանելի են միջին խավին։
— Նայի, հոգեբան չէ, անգամ ցանկացած հիպստերահայ կինոման չուվակը քեզ կասի, որ առուն իրականում գոյություն չունի, առուն իբրև խոչընդոտ քո գլխի մեջ է, այնպես որ, սև ակնոցներս դնեմ ու դուխով թռնեմ պապ թագավոր ջան։
— Թեպետ հնարավոր է նաև, որ ես շատ ուզենամ թռնել առվի մյուս կողմ և քաղաքական կամք ունենամ դա անելու, բայց պարզվի որ առվի մյուս կողմն արդեն ՆԱՏՈ-ի վերահսկողության տակ է և ՀԱՊԿ-ը կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում չի խրախուսում իմ ինքնագործունեությունը։
— Հա, մոռացել էի, մենք ախր քաղաքացիական հասարակություն ենք, հանրության կարծիքը գնահատելու համար պետք է անպայման զարգացած երկրների փորձի հիման վրա մշակված կայուն զարգացման մոդելը եվրոմիության ֆինանսավորմամբ մեծ գռանտով իբրև պիլոտային ծրագիր իրականացնել հանրապետության աղքատ շրջաններում։ Ճշգրիտ ընտրանքով սոցիալական տարբեր շերտեր ներկայացնող թռնողներ և տարբեր քանակաորակական ցուցանիշներով առանձնացող առուներ պետք է համդրվեն և ստացված արժեշղթայի տվյալները պետք է վերլուծվի միջազգային էքսպերտների անկախ մոնիտորինգի խմբի միջոցով։ Հետո միայն կորոշվի որքանով է մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաներից բխում առուն թռնելու և սա համայնքային ժողովրդավարության ձեռքբերում գրանցելու մարտահրավերը։ Մի խոսքով էս մեկն ինձ համար էլ է բարդ նախնի ջան։
— Հնարավոր է նաև, որ առուն թռնելու իմ անձնական որոշումը հակասահմանադրական հռչակվի, որովհետև առուն հանրային սեփականություն է։
— Թերևս, թռնողին դիտարկենք իբրև արտիստ, թռնելն ու տռելն իբրև ժամանակակից արվեստի արտահայտչամիջոց, ուստի պերմենենտ հարացույցում կարելի է այս դիսկուրսին նայել պոստստռուկտուրիստական մարգինալ ռակուրսից և դեմոնստրատիվ տռել ու չթռնել առուն՝ այլ էքսպրեսիվ խեղդվել նրանում՝ ստանալով պսիխոսոմատիկ ապրումակցության մարդաբանական էֆեկտ։ Սա արձանագրել և այդ նյութով մասնակցել վիդեոարտի միջազգային բիենալեի՝ թռիչք առվի ինքնության վրայով վերտառությամբ։
— Եթե ուզում էս ասել, որ թռնելու նեղ մասնագիտական որոշումը կայացնելու համար պետք է երկարամյա ակադեմիական կրթություն, ապա մասնագիտութունների մեծ մասը հիմա արագ ժամանակավրեպ են դառնում, և թռիչքային գիտություների թեկնածու դառնալու փոխարեն, ցանկացած արտադրական խնդիր լուծելի է ինտենսիվ ինքնակրթությամբ, մի խորացիր էդքան, մի ֆետիշացրու դիպլոմը, պապություն։
— Առուներից և նրանց վրայով թռնելու իմ վախերի մասին եթե ես ու չեղած հոգեթերապեվտս խորանանք, կարող է պարզվել, որ սա մանկությունից եկող ընտանեկան բռնության մոռացված հիշողության ֆոնին հասունացող պոստտրավմատիկ նևրոզ է։
— Մյուս կողմից՝ առուն իգական սիմվոլիկա է, թռնելը՝ արական, առվի վրայով ցուցադրաբար թռնելը կարող է դիտարկվել իբրև կանանց իրավունքների բռի ոտնահարում և հակաֆեմիստական ենթատեքստ ունենալու համար՝ քննադատվել։ Կարող է պահանջվի, որ առվի վրա թռնողների պատրիարխալ հետադիմական պորթկումը ճնշելու համար տեղական ինքնակառավարման մակարդակում մտցվի թռնելու քանակների խիստ քվոտա և այն էլ առվի անպայման գրավոր համաձայնությամբ։
— Սպասիր, նոր անցավ մտքովս, իսկ եթե թռնելու հետադիմական պռակտիկային վերջ դնենք, մեր տեսլականը կառուցենք ոչ թե գոյատևման ռազմավարության այլ զարգացման համատեքստում, և ենթակառուցվածքային զարգացման ռազմավարական պլան մշակենք՝ առվի երկու կողմերն իրար կապելով աշխարհի ամենաերկար ճոպանով, վենչուրային կապիտալ ներգրավենք կամ քրաուդֆանդինգ անենք և սիրուն, մարդավարի ճախրենք թռնելու փոխարեն։
— Չիմացար, ի հեճուկս թռնելուց առաջ բազմիցս տռած և այդ պատճառով անհաջողակ համարվող մեր հայրենակիցների, ՅՈՒՆԵՍԿՈՆ մոդեռն ենթամշակույթների դեմ դիսկրիմինացիաների կանարգելման կոնվենցայի շրջանակներում տռելու հայեցի արվեստը գրանցել է իբրև համաշխարհային ժառանգության մաս և այսուհետ բոլոր տռամոլները պաշտպանված են օրենքով և այն ցանկության դեպքում կարող են չասոցացնել ու չպայմանավորել թռնելու պարտադրանքի հետ։
— Հա, ապուպապի ջան, էս մեկն էլ մեր մեջ մնա, ի վերջո եթե շատ երկար կարկամես որևէ առվի եզրին, ապա հատուկ ծառայությունները կարող են առուն դիտարկել իբրև փողերի լվացման խիստ ինովացիոն սխեմա և հետաքրքրվել քեզնով, իսկ ամենաահավորն այն է, որ նրանք կարող են ճիշտ դուրս գալ։
— Չէ, ես հասկանում եմ, որ տռելն ընդամենը ցուցանիշների դրական դինամիկա արձանագրելուց հետո միայն սեփական որոշումը հաջողված քաղտեխնոլոգիա հանրահռչակելու մետաֆորն է ու գործ ունենք շարքային հանգաբանության հետ, բայց քանի որ ես կտտցրած ու ցինիկ սնոբի տպավորություն կթողնեմ, իսկ պտուղը ծառից հեռու չի ընկնում, ուրեմն սիմետրիկ լռենք այս առիթով, ապուպապուլ։
Վերջը, սիրելի ապուպապեր, հեղափոխված Հայաստանում մենք, ում խրատելու տարիքն է հասել արդեն, չգիտենք ինչպես խրատել մեր զավակներին, ինչ կենսական ճշմարտություններ ավանդենք նրանց այս հեղհեղուկ և բազմաձայն աշխարհում, դրա համար ուղղակի ասում ենք՝ դուխո՛վ։
Մենք երեխայ ժամանակ երգում էինք, Առուն թռի Մուսէս ապէր, մի լաւ տռի, Մուսէս ապէր։ Այնպէս որ թռնելն ու միաժամանակ տռելը չեն խանգարում իրար։ Կարելի է նաեւ ջիվանավարի ասել որ, իմ տռելը քո թռնելուն վնաս չի։