Skip to content

Կարեն Անտաշյան

բանաստեղծ

Menu
  • Սկիզբ
  • Մասին
  • Գրքեր
  • Պոեզիա
  • Մանրապատմում
  • Պատմվածք
  • Էսսե
  • Գրախոսություն
  • Հարցազրույց
    • Լրահոս
  • Կապ
Menu

Սերը Ծիրանի Ժամանակ

Պատմվածք
Posted on 2012-07-27

Ոսկե Ծիրան

«Տեսակների ծագման ամենաքաղցր համընկնումը` մ.թ. երրորդ հազարամյակի սկզբներում, հունիսի վերջերին, երեկոյան ութի կողմերը, Երևան քաղաքի Թումանյան փողոցից Աբովյան փողոց թեքված քսաներկու տարեկան Ծյուշի ու նույն ժամանակ Աբովյան փողոցից Թումայնան փողոց թեքվող տասնինը տարեկան Բիբիի հայացքների միկրովայրկյաններով կարճ միացումն էր: Մինչ այդ ապերը հասցրել էր նկատել քուրիկի դեղձագույն, մանր սպիտակ կլորակներով շորիկի կրծքամոտ բացվածքում հանգրվանած արծաթե կլարնետ կախազարդը, աջ թևի Կառտյե ժամացույցը և թևատակի` «Զիգմունդ Ֆրեյդ. Երազների մեկնություն» հաստափոր կարմիր հատորը, ինչն էլ դրդել էր այնուամենայնիվ նայել Բիայնայի դեմքին ու տեսնել… տեսնել նրա աչքերը: Վերջինս, որ մինչ այդ հասցրել էր Արտաշեսին որակել, որպես «Ֆիրդուստանի ծագման անխնամ կոշիկներով, հակաատլետիկ կազմվածքով, ակնհայտորեն միջինից ցածր քաղաքացիական գիտակցության և միջինից բարձր երիտքաղաքական-նեոազգային ակտիվությամբ ուսխորհրդացուի», նրա աչքերին հանդիպելով հանկարծ ցնցվում է նախաստեղծ բնազդների հոսանքից, տեսնում իր սրտի ենթադրյալ տիրակալին, տեղում հալվում նրանից մի քանի երեխա ունենալու անհագ ցանկությունից ու…» ու ինչ…

…ինչպե՞ս վերջացնես տեսարանը, որ սա ոչ թե ծիրանի համով «Ժաժո» յոգուրտի գովազդ դառնա, այլ իսկական սիրո կինոպատում արևային քաղաքի ձմերուկների ֆոնին…
Լավ, տեխնիկական մանրամասները բաց թողնելով, ասեմ, որ այդ դեպքից մի տարի ու մի-երկու շաբաթ անց նրանք Երևանի միակ կինոթատրոնին հարող փոքրիկ հրապարակում ինչ-որ արարողության համար հավաքված կինոսեր հասարակության, այսինքն` ցանկացած աղմուկի վրա կռվի թամաշայի ակնկալիքով ճանճի պես կուտակված խառնամբոխի և նույն հրապարակում գործող հյուրանոցի հենց նոր ժամանած ճապոնացի տուրիստ տատիկախմբի մեջ էին հայտնվել էին: Այդ պահին Ծյուշին կինոյի հետ կապում էին միայն Չակ Նորիսի մասին պատանեկան էպիկական հուշերն ու երբևէ դպրոցական կինոարխիվի ժապավենները թռցնելու և դրանցից անհասկանալի նշանակության ճտտիկներ պատրաստելու ապուշ սովորությունը, իսկ Բիբիին համակել էր կարմիրգորգա-օսկարային մոտիվներով հոլիվուդյան ռոմանտիկան: Երբ երկրպագ հրմշտոցի մեջ նրանք փորձում էին շրջանցել նկարահանման հսկայական կայանը, անցան ուղենիշ ժապավենների տակով, ծխելով ընկած ոստիկանների կողքից և բարենպաստ հանդիսականի դիրքում հայտնվելու փոխարեն հայտնվեցին անհասկանալի լեզվով խոսող միրուք-ակնոցավոր հոպարների և մեծ գլխարկներով ու դեկոլտեներով, շոկոլադե արևայրուքով մորաքույրների խմբում, որոնց ժպտալու օրգանների մոտ թույլ կնճիռներ կային: Մինչ կկողմնորոշվեին ինչ է կատարվում` փողային նվագախումբը փչեց հանդիսավոր քայլերթը, հաղորդավարն ասեց` դիմավորենք Հոլանդիայի պատվիրակությանը, մեր մոլորյալ զույգին շրջապատող խումբը դեպի կարմիր գորգը շարժվեց, նրանք էլ, չբռնվելու համար, հետևեցին այլասահմանցիներին: Անմիջապես մտնելով դրության լրջության մեջ` Բիբին ու Ծյուշը ձեռք-ձեռքի անցան խառնամբոխի, ճապոնացի տատիկների, հանրայինի ճախրող կամերաների ու հաղորդավարի կասկածամիտ հայացքների տակով` ինքնագոհ ու աստղակերպ: Հետո, արդեն դահլիճում` պատվավոր հյուրերի հետ մի շարքում տեղավորվելուց հետո իմացան` սա Ոսկե Ծիրան կինոփառատոնի հիմնարկեք-բացումն է:
Կինոժամադրությունների առիթով սկսված անսպասելի մշակութային էվոլյուցիայի շրջանակներում, Ծյուշի մոտ սկսեցին զարգանալ մի շարք ինտելեկտուալ հմտություններ` օրինակ Միքելանջելո Անտոնիոնի և Թեո Անգելոպուլոս արտահայտությունների գրեթե անսխալ արտաբերումը, դահլիճի կատարյալ լռության մեջ աղմկոտ տեսարանի սպասելու համբերությունը` բերանում կուտակված պոպկոռնը ծամել-վերջացնելու համար, մաշեցրած ծամոնը աննկատ հարևան աթոռի տիկնոջ պայուսակից կպցնելը, կամ ասենք ստից կինոյի տոմսերով ֆավորիտ կինոյի դիտմանը ներխուժելը, երբ վերջինիս տոմսերն ավարտվել են վաղուց: Մի բան չհաջողվեց միայն. հայերեն տիտրերը ոչ մի կերպ չէր հասցնում կարդալ ու զուգադրել տեսաշարի հետ. տիտրերում կարդում էր` Ես քեզ կը-սպա-նեմ, Ջու-լիե-տա, նայում էր կադրին` արդեն Ջուլիետայի թաղումն էր:
Ծիրանի սեզոնն անցավ, հաջորդիվ եկավ գիտական դոկումենտալ կինոների պարտադրված դիտումների աշունը: Նրանք կիլոմետրերով ծամում էին BBC-ի կինոհետազոտությունները, քանի որ Բիբին կենսաբան էր, և ինչ-որ անպիտան թունավոր սնկերի բազմացման նրբությունների շուրջ թեկնածուական էր գրում: Սնկաբուծարանի տնական գաղութի համար նրանք Բախ էինք միացնում մեկ շաբաթ, հետո ևս մեկ շաբաթ` Թաթուլ, պարզվում էր, որ Թաթուլի տակ սնկերը հասնում են սովորականից երկու անգամ ավելի տռուզ չափերի, սակայն երկու անգամ ավելի քիչ թունավոր են լինում, եզրակացություն` երկարատև թաթուլաթերապիայով կարելի է հասնել այս հեշտ բազմացող սնկերը որպես անվտանգ անասնակեր օգտագործելու արդյունքի:
Նորից… Ամառ, երևան, երեկո, ջահել, ծիրան, կինո և փառատոն բառերով ինչ նախադասություն էլ կազմես` լինելու է սիրո մասին. իսկական սերը իսկական կինոյի նման է` սկսվում է անսպասելի, անմիջապես գցում է քացր կախվածության մեջ, հասցնում է կրքերի ու զգացմունքների գերլարվածության, ինչ-որ պահի վերջնականապես ոտքերդ կտրում է իրականությունից, շարունակվում է գերարագ իներցիայով և վերջանում անսպասելի ու ողբերգական… ցանկացած լավ կինոյի ավարտին հաջորդող մի քանի վայրկյանները նույնքան տագնապալի-տխուր են, որքան նրան նախորդողները` հուզառատ-զվարթ:
Բիայնան պսևդոթունասնկերի բազմացման ուսումնասիրության համար գիտական աստիճան ստացավ և մեկնեց Կանադա… Ծյուշին համակեց մանյակալ-դեպրեսիվ պսիխոզը…
Դժվար, անկինո ժամանակներ էին, մինչ մի օր… ուշքի՛ եկ, Արտաշես… մի տեսակ մուննաթով ասեց նրան ներքին ձայնը, որը միշտ էլ ռեժիսորություն էր արել իր գլխին, ասեց` կյանքը շարունակվում է, ապեր, որովհետև կին-կինոյի հիմնական հաճույքը նրա անկրկնելի բազմազանությունն է, հմայիչ, հյութեղ բազմազանությունը, այո, կինոփառատոնի բացում կյանքի մեջ մի անգամ է լինում` այն էլ պատահական, բայց դրա փոխարեն լինում են ինտերնետից ձրի քաշած լիքը գժական կինոներ Կաննի փառատոնից` գաղափարապես հասուն և գեղագիտորեն կայացած, ի վերջո մեկանգամյա օգտագործման զվարճալի հեշտ կինոներ` ամերիկաներից, որպես վերջին, վերջին հուսահատ տարբերակ նաև հայկական սերիալներ, որոնցից մի քանիսը գոնե արժե տեսած լինել` հետո էն մտքից, թե բացի քեզ քանի հոգի են նայել էդ կինոյանման բանը` դրանցից ցմահ զզվելու համար: Կինո, կի-նո, կին, օ՜… լինում են նաև փակ ցուցադրություններ, պրեմիերաների էքսկլյուզիվ հրավերներ… մի խոսքով… Ծյուշը ժպտաց կինոյի տղու պես, որը ավանդաբար անպարտելի է ու քաջ և հասկացավ, որ իրականում իր կինոյի ամենահետաքրքիր մասը դեռև առջևում է:

Աղբյուրը`

Երևան ամսագիր
Հուլիս-օգոստոս 2012

Մենք ենք, մեր կինոն

Share Button

1 thought on “Սերը Ծիրանի Ժամանակ”

  1. Pingback: Արձա՞կ Անտաշյան, թե՞ չափածո | Վիկա Մարկոսյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բաժիններ

  • Բանաստեղծություն
  • Գրախոսություն
  • Գրքեր
  • Էսսե
  • Ընթերցում
  • Թարգմանություն
  • Լրահոս
  • Կինո
  • Հարցազրույց
  • Հետազոտություն
  • Մանրապատմում
  • Նախագիծ
  • Չդասակարգված
  • Պատմվածք
  • Տեսագրություն
  • Քաղաքացիական
  • Ֆիլմ
  • Ֆոտոշարք

Նոր հրապարակումներ

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Սիրելի ընթերցող

Ողջույն և բարի գալուստ իմ անձնական կայք։ Այստեղ կարող եք գտնել իմ տեքստերի և իմ մասին տարբեր աղբյուրներից վերահրապարակումներ, տեղեկատվություն իմ գրքերի մասին, թարգմանություններ այլ լեզուներով, նորություններ և կապ հաստատել ինձ հետ։

  • Facebook
  • X
  • YouTube
  • Instagram
  • Goodreads

Վերջին հրապարակումները

  • 2025-04-30 by Karen Antashyan զայն
  • 2025-03-22 by Karen Antashyan Versepolis
  • 2025-03-03 by Karen Antashyan Վանաձորի պոեզիայի մանկապատանեկան փառատոնին հյուր
  • 2025-01-24 by Karen Antashyan Ալմոդովարի Հարևան սենյակը
  • 2025-01-21 by Karen Antashyan Դեյվիդ Լինչ / Անվերնագիր

Ընթերցում

©2025 Կարեն Անտաշյան | Design: Newspaperly WordPress Theme