Մայրեններ խրատական

Խոսք ի խորոց սրտի` նորեկներին

Ջահելներ ջան, մատաղներ ջան, սիրուններ ջան,
դուք, որ նոր եք սկսում ապրած ունենալ էս կյանքը,
ուզում եմ ձեզ մեծավարի մի քանի խորհուրդ տալ,
կիսվել ձեզ հետ իմ ունեցած բառերով բեռ,
որ դուք էլ ձեր ունեցած կրակով կիսվեք ինձ հետ,
ախ ինչ համով է ձեր արյունը՝ անիմաստ կրակներով լի
ով որ խմում է այն, նորոգվում է մարմինը,
ուրեմն հենց որ ձվից դուրս գաք մարդամեջ՝
ձեզ վրա կատան սքեմավոր տերտերները
ձեզ վրա կտան բռի գեներալները,
ձեզ վրա կտան աղվես կուսակցապետերը,
ձեզ վրա կտան նեղմիտ փորձագետները,
ձեզ վրա կտան ծակ փիլիսոփաները,
ձեզ վրա կտան ագահ գործատուները,
շիրայոտ հաճույքների օպերատորները,
տանող տանողի ա, կասեն, տանող տանողի –
իրենց էլ են դարձրել, իրենք էլ են դարձնելու,
կտանեն բոլորիդ ու ինձ բան չի մնա,
սիրուններ ջան, ո՞վ է ձեզնից իմ նվազ փայը՝
մատաղը բանաստեղծության։

Ուր էլ գնաք, ինչ քաքի մեջ էլ ընկնեք՝ չմոռանաք,
որ էս ամենը ժամանակավոր է և անդառնալի,
հարգեք ամեն մի օրը, անգամ շունչը ամեն,
թե տառապանք բերի այն, թե կայֆարիկ լինի։

Ո՞րն է իմաստը, հաճախ կմտածեք դուք,
որն է իրոք, կհարցնեն ցինիկ գործատուները,
տո ես շա՞տ գիտեմ, ա՛յ ձեր ցավը տանեմ,
թերևս՝ ոչ մի իմաստ,
մենք այստեղ ենք ճանաչելու, հասկանալու բաներ,
որ մեզ չեն մնալու, մեզ համար չեն, մերը չեն,
մերը միշտ էն մի հատիկ շունչն է՝
թե հառաչանքի ախ կլինի, թե հաճույքի իուֆ,
էդ է գոյություն ունենալու միակ կերպը,
և ոչ գործն է անմահ, և ոչ գուգլի սերվերները,
և ոչ ազգս, որ իրոք հին է, և ոչ իսկ այս լեզուն,
որ մաշվող միսն է բանաստեղծության։

Ձեզ կասկա կտան անմիջապես ու կասեն՝ ի զեն,
Գագոն, Անոն, Տիկոն, Սիրյոգը կամ Աշխենը
քեզնից առաջ կանցնեն, եթե հուպ չտաս,
ձեզ կստիպեն տքնել, մրցել, բոնուս կտան,
կսովորեցնեն արբենալ իրար միս ուտելուց,
մեկից հետ լինելու համար՝ տառապել,
դու ինչո՞վ ես պակաս, էդքան չկա՞ս, կասեն։
Այ ձեր հոգուն ղուրբան, թուլացեք, հերիք է
ձեր արյան հուրը բարեկեցություն դառնա
համեմատության ու շուկայի կոնտեքստում։
Ուրիշները գոյություն չունեն, աշխարհը՝ չիք,
էդ ամենը ձեր գեյմերական եռաչափ մտքի
ժլատ արգասիքն է, ծովախոզուկներ ջան,
միայն ձեր էս օրը համեմատեք ձեր երեկվա հետ,
մենակ ձեր արտաշունչը համեմատեք շնչին,
դուք եղեք ինքներդ ձեր ելակետն ու մեկնակետը,
կայսրը և ստրուկը, որսը և որսորդը, սովը։

Մի դատեք ուրիշության համար, մի դատեք –
ամեն ինչ և ամենքս եփվում ենք մի կաթսայում,
ասյտեղ, այս արևների, քամիների, ճիճուների,
սիրեկանների, շեքսպիրների, թուրքերի, քարերի,
գրքերի, հացի, լեռների, ընձուխտների բորշում –
ամենքս, որ ձև ունենք և անուն և հիշողութուն
և պատմություն և ինքնասիրություն և սեր,
ամենքս նույն աստղային փոշու այլանունն ենք,
ուրեմն եղեք ոչ թե դատողը, այլ դիտարկուն,
ոչ թե տառապողը, այլ հետազոտողն ամենայնի,
ինչ-որ ճանաչում եք, դուք եք, ինչ-որ տեսնեք՝ էլի։

Ձեզ կսովորեցնեն հավատալ և հույս ունենալ,
աստծո անուն կտան, և քաջարի նախնյաց,
միասնականության կոչ կանեն դրոշի շուրջ
կամ բռենդի, կամ ուրիշ պայմանական քաքի,
ավելին լինելու կիրքը կդարձնեն աշխատավարձ
կդարձնեն անձնագիր, խաչ, մեդալ, կոչում,
ընդունեք ձեր պարտությունը համակ, անվերապահ,
պարտվածը չի հավատում և հույս չի տածում,
պարտվածը կորցրել է ամեն ինչ՝ անցյալը,
և ապագան և փրկվելու կարիքը,
պարտվածը առկա է իբրև ներկայություն,
չհիշող, չվերագրող, ամեն ինչ տեսնող մերկ աչք,
ամեն ինչի համար բաց և ամեն ինչից զարմացող,
խլշկոտածը։

Ձեզ կթվա, թե անխնա շատ է տառապանքը,
ես ձեզ կասեմ երանավետությունն ավելի է շատ,
բայց երկուսն էլ ընդամենը դիտանկյուն են,
վերաբերմունք՝ մեզ ավիրող ու շինող գետերի,
բայց տառապանքի բեռը ծանր է տասնապատիկ,
ձեր փխրուն սրտում մի կրեք ավելին քան կարող եք,
սոսկ այնքան, որ մարմինը կպած մնա ոգուն, ահա,
ճանապարհները բաց են, երակները վարար,
մի դիմադրեք, թողեք ներս հորդի լույսը, որ է՛
դուք՝ անանուն, դուք՝ ինքն իրեն գիտակցել տքնող
ահռելի կենդանու պղտոր տեսնող աչքն եք,
ուրեմն հաճույքով լցվեք ու ցնծությամբ,
երանությամբ լցվեք ու բերկրանքներով, այժմ
և միշտ և քանի դեռ առկա է արթնությունը
և ավելին տեսնելու իր սովը
ամեն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *