Մոդեռն և հետմոդեռն դարաշրջանների ավարտը փաստող և նոր ժամանակները սահմանել փորձող այս մանիֆեստը թերևս վերջին տասնամյակի ամենակարևոր տեքստերից մեկն է, իմ կարծիքով, որ օգնում է շատ բան գիտակցել ու վերամտածել ներկայի մասին։ Մետամոդեռնն ինքը դեռևս շատ երիտասարդ, ակտիվ սահմանման ու պարագծման փուլում գտնվող փիլիսոփայություն է, որի մասին այսուհետ շատ եմ գրելու։
1․ Մենք ընդունում ենք, որ տատանումն աշխարհի բնական կարգն է:
2․ Մենք պետք է ազատագրվենք մոդեռնիստական գաղափարախոսական միամտության և նրա հականիշ բիճի (պոստմոդեռնիզմի – խմբ․) ցինիկ անկեղծության դարաշրջանի իներցիայից։
3․ Շարժումն այսուհետ պիտի կայանա որպես տրամագծորեն հակադարձ գաղափարների միջև տատանում՝ աշխատելով իբրև բևեռների միջև բաբախող ահռելի էլեկտրական մեքենա, որ գործարկում է աշխարհը։
4․ Մենք ընդունում ենք ցանկացած շարժմանն ու փորձառությանը բնորոշ սահմանափակությունը և այդ կանխորոշված սահմանները հաղթահարելու յուրաքանչյուր ջանքի ապարդյունությունը։ Համակարգի հիմնարար անկատարությունը պետք է ոչ թե այն ավարտուն վիճակի հասցնելու կամ դրան ծառայելու կույր ստրկության հանգեցնի, այլ ավելի շուտ նրա նվիրյալին պետք է ուղղորդի պատահաբար մի բան նշմարել նրա թաքնված դրսույթից։ Գոյությունը կհարստանա, եթե մենք կպնենք մեր գործին այնպես, ասես այդ սահմանները հաղթահարելի են, քանզի այսպիսի գործունեությունը բացազատում է աշխարհը։
5․Ամենայնը տոգորված է դեպի առավելագույն էնտրոպիական անհամապատասխանությունն անդառնալի սողանքով։ Գեղարվեստական ստեղծագործությունը հնարավոր է միայն այդ տարաձայնությունից ծնվելու կամ նրա հայտնության պայմանով։ Նրա ազդեցությունն իր բարձրակետում՝ հենց տարբերակման չմիջնորդավորված փորձառությունն է։ Արվեստի բուն նպատակը իր սեփական պարադոքսալ հավակնությունների հետազոտությունն է՝ չափազանցը ներկայության հանգեցնելով։
6․Ներկան անմիջականության և հնության կրկնակի ծնունդի հայտանիշն է։ Այսօր մենք նույնքան նոստալգիստ ենք, որքան և ֆուտուրիստ։ Նոր տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում իրադարձությունների միաժամանակյա ընկալումն ու վավերացումը տարբեր դիտանկյուններից։ Դեռևս իրենց վախճանից աննշմարելի հեռու՝ այս ծագող ցանցերը հեշտացնում են պատմության ժողովրդավարացումն ու լուսավորում այն ճյուղավորվող ուղիները, որով մեծ պատումները կարող են նավարկել այստեղ և հիմա։
7․ Ճիշտ այնպես, ինչպես գիտությունը ձգտում է պոետիկ էլեգանտության՝ արտիստները կարող են իրենց վրա վերցնել ճշմարտության փնտրտուքը։ Ողջ տեղեկատվությունը հիմք է գիտելիքի համար, կապ չունի՝ այն փորձառական է, թե տեսական, անկախ նրա ճշմարտացիությունից։ Արժե, որ մենք ընդունենք մոգական ռեալիզմի գիտա-պոետիկ սինթեզն ու տեղեկացված միամտությունը։ Սխալը իմաստ է ծնում։
8․ Մենք առաջարկում ենք հաշվենկատ ռոմանտիզմ ՝ ազատ գաղափարախոսական խարսխից։ Այսպիսով մետամոդեռնիզմը սահմանվում է որպես հեղհեղուկ վիճակ հեգնանքի ու անկեղծության, միամտության ու իմացության, հարաբերականության և ճշմարտության, լավատեսության ու կասկածի միջև և դուրս՝ ի հետապնդում տարաձայն ու խուսափուկ հորիզոնների բազմազանության։ Մենք պետք է առաջ գնանք և տատանվենք։
© Լյուկ Թըրներ, 2011
Թարգմ․ անգլերենից՝ Կարեն Անտաշյան, 2021