Մոտավորապես Կյանք

Մի բանաստեղծության պատմություն

2006թ-ի փետրվարին ինձ Բերդ քաղաքի զորամասից պիտի տեղափոխեին Չինարի: Մեծ ճգնաժամի մեջ էի, որովհետև պետի բաժանվեի «Խցիկ» կոչվող խմբի տղաներից՝ Գևից, Արամից, Վրդոյից, Հոսոյից… սա գրող-նկարիչ-քանդակագործների «պալատական» «արտոնյալ» խմբակ էր, որը ոչ ֆորմալ կարգով ազատված էր ծառայողական պարտականություններից և գնդի հրամանատարի համար արվեստի գործեր էր արտադրում և որտեղ ես երկու ամիս հանգրվանել էի լռվցրել էի որպես գնդի իբր թե «Արծիվ» թերթի հիմնադիր-խմբագիր ու որն այդպես էլ լույս չտեսավ :
Խումբը «Խցիկ» էր կոչվում, որովհետև հանգրվանել էր դահլիճի կինոցուցադրման  համար նախատեսված հսկա սովետական կինոխցիկների սենյակում: Գևն այս հիմնարկության չհայտագրված վարչապետն էր ու բոլորս իրեն մեր մեծ եղբոր ու մեր վարպետի պես էինք վերաբերվում՝ վայելելով նրա հոգատարությունն ու պաշտպանությունը ամեն հարցում: Մեկնելուս նախորդ երեկոյան լավ խմեցինք ու երկար-բարակ խոսում էինք տխրությունը մի կերպ ցրելու համար… տեղերքն այդպես էլ քնեցին սեղանի շուրջը… ես քնել չկաողացա այդպեսլ էլ ու առավոտվա կողմ գրեցի էս բանաստեղծությունը մեր խցիկական բոհեմի ու թշվառության մասին, որպես հրաժեշտի նվեր և մխիթարություն: Ծառայութունից հետո հիշողությամբ վերագրեցի ու խմբագրեցի բանաստեղծութունը և այն տեղ գտավ իմ Անտաշատ գրքում: Իսկ այսօր Գևն ինձ  հաճելի անակնկալ մատուցեց՝ Ֆեյսբուքի էջում տեղադրելով այդ բանաստեղծության բնօրինակի լուսապատճեն, որը փաստորեն պահպանել էր՝

Ահա և խմբագրված և հրատարակված տարբերակը՝

ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ ԿՅԱՆՔ
հիշողություններ պալատական նկարիչների խցից

Ամիսը մեկ անգամ մայրական կաթ,
մնացած ժամանակ`
ըստ հայրենիքի հաստատած ճաշացանկի:

A4 ֆորմատի վրա երկնած սրտաճմլիկ գեղեցկություն`
կես հացի, 2 ձվի, մեկ տուփ հալած պանրի
և 3 օրվա անվտանգության դիմաց:

Մոտավորապես բավարարում
շրթեշուրթ անցած ծխախոտով,
և սուրճանման մի բան առանց շաքարի:

Լրիվ կանոնադրական,
մոտավորապես խանդավառ դեմքի արտահայտություն`
տասներորդ անքուն գիշերը չմատնելու համար (բոզերին)…

Աչքից հեռու անիմաստ հառաչանքներ
ամսագրերի vip գեղեցկուհիների թեմայով.
մոտավորապես տղամարդ մնալու մարմաջ:

Մոտավորապես ախպեր տղերք`
սեղանակից, բաժակակից, անկողնակից ու բախտակից,
ում ստերին կարելի է անկեղծորեն հավատալ
և ում` անկեղծորեն խաբել`
ինչ-որ տեղ լկտիաբար առանց մեզ շարունակվող
«իսկական» համարվող կյանքի մասին:

Իմ ստիպված ընկեր,
ես գիտեմ, որ վախենում ես նայել հայելու մեջ.
ա´յ տղա, էնքան ես նիհարել,
որ շորերիդ կեղտն արդեն քսվում է հոգուդ:
Երբ դատարկենք էս մոտավորապես
(վայ տատի, ես քո քաշած…) արաղի շիշը,
կխոստովանեմ, որ… գիտեմ:

Լսի´ր,
բոլորին սիրելն ամենամեծ մեղքն է,
եթե Քրիստոսը չես…
Իմ ճերմակավոր ընկեր,
մի օր, երբ քեզ ներեմ այս անդունդի հատակին
ինձ էլ` պարտված, կեղտոտ,
«ճ» կարգի կրտսեր սերժանտիս
սիրած լինելուդ համար,
ու մի օր, երբ դու ներես ինձ
Աստծուն հայհոյելիս քեզ տեսած լինելուս համար,
կնստենք, կխմենք իսկականից, մարդավարի,
կհարբենք իսկականից (իմ հաշվին)
և միմյանց ու Աստծուն խաբած չլինելու համար
լաց կլինենք իսկականից
մեր էս մոտավորապես ապրած ժամանակի…
կարոտից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *