Հատված գրականագետ Սուրեն Աբրահամյանի «Շարժում և համակարգ. արդի հայ պոեզիան» զեկույցից
Կարեն Անտաշյանը, սակայն, հակադրելով անսահմանին, ստեղծում է «մետաֆիզիկական տարածություն», ինչպիսին Անտաշատ քաղաքն է, որ պոեզիայի վայրն է, անունը նաև (տե՛ս «պոեզիա 78%, անտաշատ» (2009)):
Նախընտրելով այսպիսով ոչ թե պոեզիան, այլ պոեզոթերապիան, նույնանուն բանաստեղծության մեջ պոեզիան ընկալում էր որպես «ինքնասպանության» փորձ, ասես «շինարարության 5-րդ հարկից / քո գլխին ընկած քար է», չստացված կյանքի փորձառություն…63: Անտաշատը, ուրեմն, տեղանքի որոնում էր, որ բանաստեղծը նոր էր հայտնաբերում, ինչպես պոեզիայի «վայրի» հայտնաբերումը, որ նշան է և անուն: Հետևապես և՝ լեզվական և պատկերային միասնություն ունի հեղինակի հետ, ինչպես նաև՝ գոյաբանական ստուգություն: Իսկ ահա «Ծիլի-ծով գիրք հմայության» (2013) նոր գրքում բանաստեղծը ասես մետաֆիզիկական թռիչք է կատարում, «թալեսյան» մի շրջադարձ՝ ջուրը ընկալելով իբրև կյանքի նախահիմք՝ «բոլոր արարածների մերան», «Կենդանի, զվարթ Ջուր»64: Բայց եթե Անտաշատը ամբողջն է, ապա ջուրը՝ մասնիկ, իսկ նրա ալիքները՝ «թաքուն նշանների էոլորտ» (էջ 6): Այսինքն՝ «սրբազան էություն», որ բանաստեղծը կոչում է էա՝ իբրև սկզբի միասնություն… Բանաստեղծը նրա «նշանների հետքով գնալով», հայտնաբերում է «Պորտ լեռան Կաթնաղբյուրը» և, այլևս, լցված ջրի արարչական ազատությամբ, իր երգն է գրում՝ ասելով՝ «Ես աստղերին վերադառնալու քո տենչանքն եմ» («Ծիլի-ծով»): Հետևապես, սահմանելով բանաստեղծության ծնունդը, որ անմիջական է, Անտաշյանը մի ելակետ ունի՝ մետաֆիզիկական հակադրությունը, որովհետև (ինչպես ասում է) «իսկական բանաստեղծության մեջ/ հեղինակն ընդհատվում է անժամանակ», ասել է՝ կազմալուծվում է՝ էությանը ձուլվելով, ինչպես «հոգին ներծծվում է մարմնի մեջ», «երկիրը խաղաղվում ու կողքի է թեքվում» և, այսպիսով, «գրեթե բոլոր իսկական բանաստեղծությունները երեխաներ են դառնում»: Իսկ նրանք, «ովքեր իսկական բանաստեղծության փոխարեն/ սպորտով կամ քաղաքականությամբ են զբաղվում/… նրանց հետ գցածն ու կուտակածը/ սև օրերի համար են»65 («Բանաստեղծություն»): Կ. Անտաշյանը բանաստեղծական շարքերը եզրափակում է երազահանի մեկնություններով, ուր ասում է. «Արարումը ոչ թե վարք է, այլ փոխակերպություն» («Աստղ»): Իսկ «չտեսածդ անսպառ է իր այլակերպությունների մեջ», այլակերպելով… նաև բանաստեղծին…«հագեցնելով (նրա) ծարավը երգերով ու ճանապարհներով, հեքիաթներով ու հմայությամբ»66 («Ծով»): Ավելին, Կ. Անտաշյանը «Ծիլի-ծովը» անվանում է «հասուն բնազդների և խորհրդապաշտական հետազոտությունների» գիրք՝ հանձնառելով մետաֆիզիկական հայելին նմանակելու գաղափարը, որ նախ և առաջ բանաստեղծի ճանապարհի փոխակերպումն է արձանագրում: «Անտաշատում…» ժխտելով պոեզիան, որն ինքնասպանություն (կամ՝ հրաժարում) էր նշանակում, ապավինում է նրա նշանին (որ ջուրն է) «Ծիլի-ծով…» ժողովածուում, որ լեզվի «բնազդի միջոցով» ընդամենը… «իրականությունը հրահրող հմայություն» է, ոստիև, որպես «Հետգրություն» բանաստեղծն ասում է՝ «բառը մեղկ է աղմկոտ», «բառերևույթ ու անբարբառ», բայց «բառը մերկ է» նաև (էջ 79), որ առանձին բանաստեղծություններում («Բույն», «Իմ տխուր ձուկ», «Ձվադրման շրջան», «Որսի շրջան»…) մատնում է օժտված բանաստեղծի ներկայությունը, որ նույնն է բանաստեղծական արվեստի տեսանկյունից նախորդ՝ «Պոեզիա 78%,անտաշատ» և նոր՝ «Ծիլի-ծով գիրք հմայության» ժողովածուներում լեզվի և ոճի խաղացկուն բնույթով, պատկերային ինքնությամբ, բայց Անտաշատը տանում է դեպի վայրը՝ որ «բառերևույթ» չէ, իսկ Ծիլի-ծովը… մինչ էոլորտ՝ փակուղի, թաքստոց, որ Կ. Անտաշյանի ուղին չէ…Ինչպես ասում են՝ բազումներից մեկն է Անտաշյանը և նրանից «շատ են ուզում», բայց եթե «խեղդվողների գործը…միայն իրենց հոգսն է», ապա քննադատությունը անզոր է այս դեպքում, թեև, ինչպես տեսնում եք, պատրաստ է օգնության ձեռք մեկնել ճանապարհ եկողներին… Իսկ մեղադրանքները, որոնք հասցեագրվում են քննադատությանը, եթե ուղղված է նրա ծուլության, անդեմության դեմ, պատմահոր խոսքով՝ «իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված», «ժառանգությունից փախչող»67 քննադատության դեմ, որ փոխակերպությամբ ստանձնել է մերօրյա ռեկլամային գործակալի, հրատարակչական քննադատի դերը նաև, ապա հասկանալի է օրվա պահանջը՝ ուղղված քննադատությանը: Բայց պրոցեսը մեծապես կախված է գրական մամուլի անդեմությունից նաև, «անուղի» ճանապարհից, որոնք խուսափում են խոսքի հեղինակությունից, առողջ մեկնաբանությունից: Եթե միայն գրական մամուլի տեսադաշտը նայենք…հուսահատեցնող է: Ինչո՞ւ: Տեսե՛ք… «Գարունը» անթաղ մեռել է՝ վարակակիր, անդեմ… անմարդաբնակ, առանց գալիքի, «Նորքը»՝ համարյա օտարված, անմասնակից քննադատական պրոցեսին, «Գրականագիտական հանդեսը» վերածվել է տարեգրքի, իսկ «Գրական թերթը»… շատ դեպքերում նախընտրում է ոչինչ չասող գրախոսությունների պաշար հավաքել, անտեսում քննադատական լուրջ նախագծեր: Մնում է միայն «Գրեթերթը», ուր կյանքի թրթիռ կա, իր դերը և նշանակությունը ճիշտ է գիտակցում… Կարո՞ղ է գրական մամուլը վերափոխել քննադատության ընթացքը: Կարող է, եթե փոխի իր հայացքը, ստանձնի գրական ընթացքի հիմնահարցերը մեկնաբանողի, վերլուծողի դերը…