–
(լավատեսական հաշվարկներով)
Ես ծնվել եմ Կիրովականում, այնտեղ, ուր անձրևը Ջրհեղեղից էս կողմ չի դադարել, այնտեղ, ուր փողոցներում հասարակ մահկանացուների հետ շրջում էին սևազգեստ քերովբեներ, ովքեր դատում էին, վերականգնում խախտված տիեզերական հավասարակշռությունը, և դա էր իրենց ուղին` խրուշչեւյան թշվառ 5-հարկանու 3-րդ հարկից մինչ կենտրոնական փողոց կամ գողտրիկ մի անկյուն` փառահեղ աղբյուրն ի հիշատակ և ի մխիթարություն մնացողաց, որից երբևէ ոչ ոք չէր խմում` նույն ճակատագրին չարժանանալու վախից:
Այնտեղ, ուր Աստծուն այդքան մոտ զգալուց կարելի էր խելագարվել, այնտեղ, ուր պատվի համար դեռևս մարդ էին սպանում, ուր բնակչության թվի համեմատ ամենամեծ քանակով աղանդավորականներն էին, ռոքերները, ֆուտբոլի երկրպագուները, գործազուրկ ինժեներները, պոետները, հացի փռերն ու դեղատները: Առաջին մարդիկ, ում ես տեսել եմ իմ կյանքում, այդ քաղաքում էին ապրում:
Իմ մանկությունից մանդարինի և կերոսինի հոտ է գալիս… կերոսինի տակառներ, կերոսինի կտրոններ, կերոսինի հերթ, կերոսինի հերթն առաջ գցող ծանոթ, կերոսինի տակառները տուն հասցնելու սահնակ, կերոսինի վառարան, կերոսինի լամպ, կերոսինի շլանգ: Մանկությունս ձմեռվա ֆոնին եմ միշտ հիշում… Փոքրիկ Իշխանը վերջերս եմ կարդացել:
Սեռահասունության պզուկոտ տարիքը հաղթահարվեց աշխարհը քանդել-հավաքելով հասկանալու խելառ ճիգերով` Էլեկտրոլիզի դասագրքային նկարագրությունը տնային պայմաններում կրկնելու տնեցիների կյանքի համար վտանգավոր փորձ (ատոմի ճեղքում չեղավ, բայց այրվեցին մորս օժիտի թավաները), դինոզավրի կմախքի հուսահատ որոնումներ` 2.5 մետր դեպի երկրագնդի սիրտը (պեղումնավայրը փակվեց լայն հանրության ճնշումների և հարբած հարևանի մարդու այնտեղ տապալվելու փաստից հետո… մինչև հիմա այդ բրունտոզավրին տեսնում եմ երազումս), Գոգենի և Պիկասոյի կրկնօրինակություններ, բզեզների և թիթեռների չորանոց, աշխարհահռչակ կինոռեժիսոր դառնալու երազանք և անթրաշ գավառական քաղաքում բարձրաձայնվող «Ֆեդերիկո Ֆելինի», պայթուցիկ խառնուրդներ ստանալու և նոր տարին հարևանների համար անմոռանալի դարձնելու ալքիմիկական գաղտնի բանաձևեր, հավերժական շարժիչներ, տնային մրջնանոցներ… Այս ամբողջ պատմությունն ավարտվեց ունիվերսալ փոխազդեցությունների տեսությամբ: Չհասցրեցի… մեծացա:
Ինչպես սկսեցի գրել. շատ են հարցնում: Դե, աշուն էր` անձրև, դպրոցում Տերյան էինք անցնում ու կապտականաչ աչքերով մի աղջիկ մեր դասարանից ասեց` Կար, կողքդ նստեմ, որ հանրահաշվի ստուգողականն օգնես… իսկ հետո ավելի քան 10-15 տարի պետք եկավ, որ էն, ինչ գրում-մրում էի, Տերյանից, գրիչի ու թղթի արանքից պոկվի, համակերպվի կապտականաչի պատմական բացակայության և Անտաշյան ազգանունի հետ. սա է ինձ համար իմ ազատությունը:
(…աղչի Մարո´, ա´յ ցանցառ, հիմա յոթ սար էնկողմ, յոթ ծով էնկողմ… էհ, երեխեքդ մեծացան, ես դեռ… գրել-մրելու տարիքից չեմ անցել):
Աստծո մասին իմացա էդ տարիներին, երբ ընկերոջս հետ որոշեցինք գնալ տեղի «հավատացյալների» (էն ժամանակ աղանդավոր բառը մոդա չէր) կիրակնօրյա հավաքին, որովհետև Մարդն ասեց, որ նրանք վերջում լույսերն անջատում են ու… ով ում հետ հասցնի: Ի մեծ հիասթափություն մեզ` այդպես չեղավ. վերջում մարդիկ հագնվեցին ու գնացին տուն. Աստծո մասին միտքը, ավելի ճիշտ հարցը, բաց մնաց:
Էն ժամանակներից էս կողմ իմ կյանքում ոչ բնածին բաներից միայն այդ ընկերս է հաստատուն մնացել: Նա համոզված է, որ Շառլ Ազնավուրի և Սոս Սարգսյանի մահից հետո` գլոբալիզացիան հայերին և ուդմուռտներին ընդհանուր հայտարարի կբերի, սկզբունքորեն չի կարդում ինձ, հետս շփվում է զուտ հետաքրքրությունից դրդված, թե` տեսնենք սրա վերջն ինչ է լինելու, նստած է խոտի վրա, ինչպես ես` facebook-ի:
Հետո եղան Երևանն ու ուսանողականը: Հեղափոխական ռոմանտիկայի այդ ժամանակներում ես թուրքիայի դրոշն էի վառում և պայքարում բուհական կոռուպցիայի դեմ, Մարիան գենդերային խմբակ էր այցելում և «Ոչ թուրքական արտադրանքին» թռուցիկներ բաժանում Բրյուսովի ուսանողուհիներին, երազում էր կրթության նախարարությունում բաժնի վարիչ դառնալու մասին և մի քիչ ամաչում էր ինձնից իր այդ մտքի համար: Հետո, երբ պետականի համար նրանից այնուամենայնիվ փող ուզեցին, իսկ ինձ տարան բանակ` ամեն ինչ իր տեղն ընկավ: Մեծացանք:
Բանակից հետո մնացին խրոնիկ բրոնխիտն ու զզվանքը հայրենասիրության թեմայով խոսակցությունների հանդեպ, սառը ջրով սափրվելու սովորությունն ու Կարեն Բասենցյանը:
Հիմա: Մարեն ու Մարէն ինձ ասում են` պապ, որ պապա դառնալու իմ կենսաբանական տարիքը հեշտ հաղթահարվի, որ հանկարծ չամուսնանամ ու չդառնամ ընտանեկան, նրանք դեռ այնքան երիտասարդ են, որ հավատում են, որ ես «այդպիսին» չեմ:
Ինչպես ցանկացած օրգանիզմում, իմ մեջ նույնպես ժամանակ առ ժամանակ սկսվում է արմատակալելու ժամանակը. այդ ընթացքում աշխարհում անձրևում է Մար աստվածուհին… բայց ես անապատային եմ և անձրևների սեզոնն ինձ համար ժամանակավոր թիթիզություն է, հաճախ եմ մեռնում և սկսում զրոյից:
Ես սիրում եմ ձմեռը: Մարին ասում է` բայց ախր դու մրսկան էս… միևնույնն է, սիրում եմ փետրվարը, որ մեռնելու և զրոյից սկսելու լավագույն ժամանակն է:
Մայրս առիթը բաց չի թողնում փաստելու, որ ես նման եմ իտալացու. թեպետ իրականում ոչ մի կենդանի իտալացի չի տեսել… չէ որ չէ, ես նման եմ իր տեսած առաջին կինոյի իտալացուն… հիշում եմ էդ կինոն. ես իրոք նման եմ մորս երազին: Իսկ իրականում միջին վիճակագրական, լեռնային դեմք ունեմ. ինձ փողոցում բարևում են անծանոթ մարդիք` շփոթելով իրենց բարեկամների հետ:
Երիտասարդ եմ… տղա եմ, էլի… ինչպես աշխարհի բոլոր տղաները` տնից տեղից հեռու կանանց մերկ եմ պատկերացնում, տղամարդկանց` զինվորական հագուստով. այսինքն` բոլորին մի դեմքով, մի գույնի և հակառակ ճակատում:
Ես անընդհատ գլխացավեր և ճնշման տատանումներ եմ ունենում. բժիշկները գլուխ չեն հանում. հայրս ասում է, որ մեր պապերը դարբիններ են եղել և մեր խոշոր կմախքը նախատեսված է ամուր և ծանր մկանային համակարգ կրելու համար և դրան համապատասխան մեծ սրտամկան ունենք, ասում է` քե´զ նայիր, դու ուրվականի պես նիհար էս, սիրտդ պարապությունից նեղվում է, ուղեղիդ էս միայն զոռ տվել: Երբ նստում եմ գրելու, մայրս ասում է` երանի քեզ, ո´չ խելք ունես, ո´չ դարդ: Ես մինչև հիմա թաքուն եմ գրում ու երևի միշտ էլ այդպես կլինի… ամենալավ գործերը թաքուն գրված գործերն են:
Իսկական գրականությունը Թումանյանն ու Մաթևոսյանն են, իսկ այն, ինչ ես եմ անում, ինքնաբժշկություն է ինչպես երազը. հաջողված պոեզիան նաև բժշկություն դառնալու շանս ունի:
Ուղղակի պոեզիան ազատագրվելու, աշխարհը սիրելու և մեռնելու այն ձևն է, որն ինձ մոտ ամենից լավ է ստացվում: Դրա համար հատուկ վարժություններ չկան, ուղղակի ես կանխազգում եմ երգը, ինչպես լեշակերները` մոտակայքում մահվան առկայությունը, ինչպես չվող թռչունները` վերադարձի ճանապարհը, ինչպես տատս` իր պտղունցով աղի և համեմունքների չափը տոլմայի մսի համար:
Հա, չմոռանամ մի փաստ ևս` ես երբևէ արյուն չեմ հանձնել: