Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մարտի 9-ին Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան հետ համատեղ Բյուրոկրատ գրախանությում կազմակերպեց «Մեր առաջին տարրը» գրքի շնորհանդեսը:
Դեռևս 2009 թվականի հոկտեմբերին «Արևորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում Հոլանդիայի Պրինց Քլաուսի անվան մշակույթի և զարգացման հիմնադրամի մեկնարկեց «Մեր առաջին տարրը. Կովկասյան ջուր» խորագրով տարածաշրջանային լուսանկարչական մրցույթը:
Լուսանկարչական մրցույթը նպատակ ուներ հասարակության ուշադրությունը սևեռել ջրի խնդիրներին, բարձրաձայնել դրանց մասին ամբողջ տարածաշրջանում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հանրությանը` ծանոթանալու աստվածային պարգևի`մեր առաջին տարրի զարմանահրաշ գեղեցկությանը:
Մրցույթին մասնակցել են լուսանկարիչներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից: Յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է ընձեռնվել ներկայացնելու մինչև չորս աշխատանք ներառող լուսանկարների շարք:
Մրցույթի ժյուրիի կազմը համալրել են պրոֆեսիոնալներ տարածաշրջանի հինգ երկրներից` Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը, Բաթումիի Արտ Հաուս կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Գեորգի Գոգիբերիձեն, Թուրքիշմուն Ֆիլմ Յապինի տնօրեն, ռեժիսոր Այդին Քուդուն, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան և ադրբեջանցի լրագրող Վաֆա Ֆարաջովան:
Ջրի թեմային նվիրված լուսանկարների ցուցահանդեսը մեծ արձագանք ունեցավ ոչ միայն լուսանկարիչների, այլև բնապահպանական խնդիրներով հետաքրքրված կազմակերպությունների, անհատների շրջանում: Այն առանձնացավ թե իր գեղագիտական նշանակությամբ և թե հասարակական-սոցիալական:
Որպես ինքնատիպ մրցույթի խորհրդանշական շարունակություն` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրատարակել է «Մեր Առաջին տարրը» խորագրով լուսանկարչական գիրք, որտեղ ոչ միայն ներկայացված է մրցույթին մասնակցած լուսանկարների ընտրանին, այլև զետեղված են Կովկասյան տարածաշրջանի ջրին նվիրված բանաստեղծություններ և առասպելներ: Այսօր Բյուրոկրատ գրախանութում կազմակերպված գրքի շնորհանդեսին ներկա էին լուսանկարիչներ, գրողներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բանաստեղծ Կարեն Անտաշյանն, ում «Էա» բանաստեղծությունը տեղ է գտել գրքում, նկատեց, որ գիրքը յուրօրինակ հարթակ է դարձել, որտեղ քաղաքականության մեջ երբեմն միմյանց հետ խնդիրներ և հարցեր ունեցող տարբեր հանրության ներկայացուցիչները համերաշխաբար համախմբվել են: Նա նաև հիշեց Էքզյուպերուն` մեջբերելով նրա խոսքերը. «Չի կարելի ասել, թե ջուրն անհրաժեշտ է կյանքի համար, այն հենց կյանքն է, ամենամեծ պարգևը»:
Լուսանկարիչ Զավեն Սարգսյանն էլ, ողջունելով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի այսպիսի գիրք հրատարակելու գաղափարը, նախ կոչ արեց գաղափարն ընդլայնել` հաջորդիվ նույպես կազմակերպելով ավելի մեծ ցուցահանդեսներ, ապա կոչ արեց լուսանկարիչներին առավել ուշադիր լինել խոցելի թեմաների նկատմամբ և լուսանկարներով բարձրաձայնել դրանց մասին:
«Բյուրոկրատում» էր նաև ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանը` Հանս Յոհան Շմիդթը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ այս ձեռնարկը ոչ միայն ողջունելի է գեղագիտական տեսանկյունից, այլև որ ամենակարևորն է`ըստ էության հղում է մեր հասարակությանը` բնական պաշարներին առավել հոգածությամբ վերաբերվելու:
Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի կարիծիքով` գիրքը ինչ-որ տեղ յուրահատուկ կամուրջ դարձավ տարածաշրջանում ապրողներիս համար` համախմբելով մեզ մեկ կարևոր գաղափարի շուրջ` բնությունը բոլորիս հարստությունն է, և մենք պատասխանատու ենք միմյանց առջև:
Շնորհանդեսի ընթացքում նաև մրցանակներ հանձնվեցին հաղթողներին, ինչպես նաև Ռուբեն Խաչատրյանը հիմնադրամի անունից շնորհակալագիր տվեց Հանս Յոհան Շմիդթին:
Նշենք, Ստեղծագործությունների հեղինակները գրողներ են ամբողջ տարածաշրջանից: Լուսանկարիչների և գրողների անունները ներկայացված են ստորև: Նշենք, որ հիմնադրամը նաև ծրագրում է իրականացնել մրցույթում հաղթած լուսանկարների ցուցադրությունների շարք Կովկասյան տարածաշրջանի երկրներում:
Լուսանկարիչներ
Արման Կարախանյան /Հայաստան/ Գեորգի Գոգաթիշվիլի /Վրաստան/ Մեհրդադ Օսկուեյ /Իրան/ Հակոբ Մաջարյան /Հայաստան-Ավստրալիա/ Հայկ Բարսեղյան /Հայաստան/ Անաստասիա Դանիելյան /Հայաստան/ Գայանե Մանուկյան /Հայաստան/ Սեդա Պապոյան /Հայաստան/ Վահան Ստեփանյան /Հայաստան/ Բուրաստան Գևորգյան /Հայաստան/ Նազիկ Արմենակյան /Հայաստան/ Գայանե Մանուկյան /Հայաստան/ Մանուկ Մանուկյան /Հայաստան/ Սոֆիա Նեմսիցվերիդձե /Վրաստան/ Գոհար Լալայան /Հայաստան/ Աննա Դավթյան /Հայաստան/ Հրաչ Ղազարյան /Հայաստան/ Արմինե Խաչատուրյան /Հայաստան/ Կարեն Ապոյան /Հայաստան/ Սերկան Թայկան /Թուրքիա/ Լիլի Ալթունյան /Հայաստան/ Հայկ Շալունց /Հայաստան/ Գևորգ Հովսեփյան /Հայաստան/ Բանաստեղծներ
Կարեն Անտաշյան /Հայաստան/ Նուշին Նաբավի /Իրան/ Բեդիա Աքյուզ /Թուրքիա-Գերմանիա/ Արմինե Անդա /Հայաստան/ Դոստ Կորպե /Թուրքիա/ Թամար Մթվարելիդձե /Վրաստան/ Մուշֆիգ Բերմեկ /Վրաստան/ Օրանգ Գոլիխանի /Իրան/ Արտակ Կոլյան /Հայաստան/ Օրհան Փամուկ /Թուրքիա/
Ժյուրիի անդամներ
· Զավեն Սարգսյանը – լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն, Հայաստան · Մոհամմադ Շաքիբա, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական, Իրան · Գեորգի Գոգիբերիձե, ռեժիսոր, Բաթումիի Արտ Հաուս կինոփառատոնի տնօրեն, · Այդին Քուդու, ռեժիսոր, Թուրքիշմուն Ֆիլմ Յապինի տնօրեն, Թուրքիա · Վաֆա Ֆարաջովա, ադրբեջանցի լրագրող:
Հաղթողներ
· Էդգար Մարուքյան. սիրողական բաժնում խրախուսական մրցանակ, Հայաստան · Արմինե Խաչատուրյան. սիրողական բաժնում առաջին մրցանակ, Հայաստան · Սերկան Թայկան. պրոֆեսիոնալների բաժնում հատուկ մրցանակ, Թուրքիա · Սուրեն Մանվելյան. պրոֆեսիոնալների բաժնում առաջին մրցանակ, Հայաստան