Ցավացող միսը

Ով է հիշում, էն երբ էր, որ առաջին անգամ մի միաբջիջ կենդանի, որ մինչ այդ սովորել էր կիսվելով բազմանալ, երբ արև կար ու հանքանյութերից սնունդ, հանկարծ համփ արեց իր նմանին, կամ մի քիչ տարբերին և մի տեսակ ուրիշ ձևի կշտացավ, այ էդ ժամանակ սկսվեց էս ամբողջ պատմությունը, բայց իր սովից դուրս ինքն իրեն չգիտակցող բնության համար մարմնեմարմին սպիտակուցների էդ դաժան շրջապտույթը բռնություն չէ, իրերի բնական ընթացքն է, որովհետև ինքն իրեն գիտակցող ու տիեզերական անսահմանության մեջ իր մենության դեմ թևաթափ լինելուց հուսահատվելու ընդունակ և իր դիմացինին ճզմելու մեղքի գիտակցումից ցավացող միսը մի քիչ ավելի բազմազան սնունդի կարիք ուներ, ավելի շատ ու ավելի հիմնավոր կերվավ մինչ այդ ինչ խոսք, բայց այն ինչ մենք անվանում ենք բռնություն միայն բանական ու գիտակից մսի գործադրման ու խոսելու հատկանիշն է։ Այսինքն հետահայաց այսքան տառապանքի միջով բնությունը բերեց այդ տառապանքը խորապես զգացողին ու դատապարտողին։ Բայց այդ ճանապարհը կիսատ է, դեռևս ամբողջությամբ անցած չէ, ու ցավացող մսի ձևերի տակ շատ հաճախ անգիտակից անասունն է մրփում, ում համար դիմացինին ուտելը գոյատևման բնազդի այն միլիոնավոր տարիների, էն-էն-էն առաջին անգամի շարունակական վերարտադրությունն է, երբ մի բջիջ կուլ տվեց իր նմանին, կամ իրենից ոչ այնքան տարբերին։ Իր համար բռնություն գոյություն չունի, իր համար գոյություն ունի ամենակուլ սով միայն։ Ուրեմն ինձ համար բռնության դեմ պայքարը նախ և առաջ գիտակցության արթնացումն է։ Քնած գիտակցությունը դեռևս ունակ է ցավեցնել ոչ միայն օտար իր նմանին ու սիրելի իր նմանին, այլ նաև ու հատկապես ինքն իրեն ու սա թերևս ամենադաժան ու հիմնարար ձևն է բռնության՝ ինքդ քեզ ուտելու անողոք ու անանց մարմաջը, սեփական տառապանքով սնվելու կիրքը։ Ինձ համար բռնությունը առկա, բայց քնած գիտակցության մորմոքն է, երբ իրականության մասին սեփական տհաս ու նեղմիտ միֆական պատկերացումները փորձում ենք հագցնել իրական իրականության ահռելի մարմնին ու չստացվելու դեպքում՝ ուժ ենք գործադրում, լրացուցիչ մսածին ուժ, որ ունակ է անդառնալիորեն խեղելու մեր և մեր դիմաց հայտնվածի մարմինն ու հատկապես դրանից ներս եղածը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *