Որոշեցի պետականամետ մի գործ բռնել
և գրել ուղեցույց տոնական տեքստաշինության
քանի որ բանաստեղծությունը մահվան թակարդ է
աշխատանքը կանվանենք՝
յաղագս բանմանաստեղծության,
որ անդրաշխարհում ննջող պոետների
տառապած հոգին ավելորդ չխռովենք –
շառից-փորձանքից հեռու, ընգեր ջան։
ուրեմն առաջին կանոնը՝ տեխնիկական
ընտրեք վանկեր մեկ-երկուսնոց ու պարզ
ոչ թե թունամշուշ, այլ մուժ
ոչ թե տատասկափուշ, այլ՝ հուշ
ոչ թե դալկատամուկ՝ այլ մուգ
ոչ թե քունջուպուճախ, այլ ՝ ճախր
էլի տեխնիկական՝ ռիթմը պիտի պարի
գնա-գա, գնա-գա, գնա-գնա-գա-գա-գա
թռնի վերև իջնի ցած, պպզի ու թեքվի աջ
ծնգծնգա-թնկթնկա-դնգդնգա ու ցկցկա
հեռվից մանրից մոտենա, ծխի, ու լուռ հեռանա
այստեղ ձեզ օգնական ամենազոր հանգը
թեկուզ մեջտեղ բերեք համլետի հոր գանգը
պարզունակ ու ռիթմիկ, արդեն իսկ քուլ է
կարող է բնավ իմաստ չարտահայտել,
բայց եթե ունենա աֆորիստիկ ու xore
ծամոնի պես լեզվին կպնող մի ֆռազ՝
ժողովրդական արտիստ կստանաք կակռազ․․․
օրինակ՝ մի կյանքը քիչ է քեզ սիրելու համար
դու խորությամբ ես չափվում Հայաստան
կլիպում՝
նոյակերտ ծիածանի տակից անցնող աղբատար կամազը հայտնվում է հեռավոր հյուսիսում, ձմեռ պապու խրճիթի դիմաց ու նրա հետ ամենագեղեցիկ տոնածառն ընտրելով ջինգլ բելսի նման մի զիլ երգի տակ թռչող եղջերուների օգնությամբ բերում-հասցնում է Երևան, վերջում անպայման ճոխ հրավառություն ենք զարկում։
Տոնական տեքստը պիտի հույս ներշնչի
մեջներիդ դեպռեսնյակը մի հատ հանեք
այն պետք է պայծառ ապագայից հնչի
հեղափոխության միս ու արյուն մի երգ՝
պռոբկեքի թռոմբից ինֆարկտահար քաղաքը
չիք՝
ամենայն հայոց մայրաքաղաք, դու սեր,
քաղաքակրթության չուլանում սարդոստայնս հյուսիմը
չիք՝
ես այստեղ տանն եմ, արքա եմ ու տեր։
Խուսափեք բառերից կենցաղային, մեռնող
օջախի պահապան տիկնայք կզանգեն ԱԻՆ
փոխարենը բառեր ընտրեք վեհորեն հառնող
երազ, կարոտ, անմահ, չքնաղ, աստվածային։
Ոգեշնչվելու համար կոնյակ խմեք հիսուն
մտքենրումդ պահեք մեր դարավոր պայքարը
մշուշոտ գործերով հայտնի մեր նախնիներին
մեր միասնության ուժը, մեր քոչարի պարը
մեր խորովածը, մեր կենաց ու մահու կռիվն
ընդդեմ քոչարյանի, մեր ազնիվ ժողովրդին,
ի վերջո հիշեք հեքիաթները մեր հին՝
ուր աբսուրդը անպայման կզցնում է չարին։