Հայաստանում ամեն հազար մարդու հաշվով գրքի ընթերցող է 5 մարդ

Ո՞վ է ընթերցողը, ի՞նչ են նրան մատուցում և որքանո՞վ է դրանով հետաքրքրված հասարակությունը. այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկումը նպատակ ուներ ստանալ այս հարցերի պատասխանները:

Գրող Կարեն Անտաշյանն ասում է, որ Խորհրդային Միության փլուզմանը հաջորդեց մշակութային 20-ամյա կոլապսը, ինչի հետևանքով այսօրվա սերունդը չունի գիրք կարդալու և գիրք գնելու մշակույթ, չկա գրաշուկա:

«Շուկա ձևավորելու խնդիր կա: Հեշտ տարբերակ է ինտերնետը. գրողներս մեր ստեղծագործությունները տեղադրում ենք համացանցում, ձրի աշխատանքի միջոցով ներդրում ենք կատարում շուկայի ձևավորման գործում»,- ասում է Անտաշյանը: Անտաշյանի խոսքով` գրաշուկա ձևավորելու գործում ազդեցիկ միջոց է հեռուստատեսությունը, որը հայ իրականությունում չի օգտագործվում .«Հեռուստատսեությամբ երբևէ չեն տեղեկացնում, թե ինչ նոր գրքեր են հրատարակվել, կամ գրողը որևէ հաղորդաշարի հյուր չի լինի, եթե քաղաքական թեմաներով չի խոսելու»:

Անտաշյանի կարծիքով` գրքի քարոզչության համար պետք է տարածել նաև գաղափարը, որ գիրք կարդալը և նվիրելը նորաձև է:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ ասում է, որ կա ժամանակաից հերոսի խնդիր. Մարդիկ չեն կարդում, քանի որ չեն գնահատում ինտելեկտը: «Մարդիկ տեսնում են, որ հաջողության և հարստության է հասնում կրիմինալը, որ գրագիտություն չունի, ուստի ձգտում են նմանվել դրան: Պետք է ցույց տանք, որ գիտելիք ունեցող մարդն էլ կարող է հաջողության հասնել և արդար վաստակ ունենալ»,- ասում է նա:

ԱՄՆ դեսպանատան ինֆորմացիոն համակարգի տնօրեն Ներսես Հայրապետյանն էլ մատնանշում է գրադարանների գործոնը: Նրա խոսոքով` ողջ աշխարհում ընթերցանության 20 տոկոսն է բաժին ընկնում գեղարվեստական գրականությանը, մինչդեռ հայաստանյան գրադարանների ֆոնդի 90 տոկոսը հենց այս ոլորտին է նվիրված:

Հայրապետյանի խոսքով` 1991-ից հետո հայաստանյան գրադարանների 95 տոկոսը համալրում չեն ունեցել, նոր գրքերն էլ նվիրատվություններ են: «Նվիրում են այն գրքրեը, որ իրենց այլևս պետք չեն, մինչդեռ գրադարանը իր ֆոնդը պետք է համալրի ըստ իր ընթերցողների պահանջարկի»,- ասում է Հայրապետյանը:

Ինտերնետ միության փոխնախագահ Գրիգոր Սաղյանն էլ նշում է, որ գիրք կարդալու գործում մեծ է դպրոցների դերը. դպրոցները պետք է պատրաստեն ընթերցելու ունակ, ոչ թե զուտ գրաճանաչ մարդիկ:

Քննարկման մեկ այլ մասնակցի կարծիքով էլ` հանրությունը գիրք չի կարդում, քանի որ վաղուց գրքի բովանդակության մեջ ներդրում չի կատարվում. « ԶԼՄ-ներում չկան գրախոսություններ, գրքի բովանդակությունը մարկետինգի չի ենթարկվում»:

Ըստ «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացրած վիճակագրական տվյալների` Հայաստանում ամեն հազար մարդու հաշվով գրքի ընթերցող է 5 մարդ: Ամենաընթերցասերները Երևանում են. հազար մարդու հաշվով այստեղ 14-ն են գիրք կարդում, իսկ օրինակ Գեղարքունիքում` չորսը, Շիրակում` հինգը և այլն:

Ընդ որում, ըստ վիճակագրական տվյալների, ընթերցողների 66,5 տոկոսը մինչը 25 տարեկան անձինք են, իսկ 33,5 տոկոսը` 26 տարեկանից բարձր:

Արտատպված է` http://ankakh.com/2010/10/60877

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *