Սաքուլիկի 50 երանգները

Մոխրագույնի 50 երանգները

Մարտական առաջադրանք ստանալով «Երևան» ամսագրից, այն է՝ լինել աղմկահարույց «Մոխրագույնի 50 երանգները» պոռնո-ֆանֆիկի հիման վրա նկարահանված ֆիլմի հայաստանյան պրեմիերային, հետախուզել այդ ակնհայտորեն ոչ հայեցի բովանդակությունը սպառելու եկած հանդիսատեսի պատմաաշխարհաքաղաքական, ժողովրդագրական և բարոյահոգեբանական նկարագիրն ու մերկացնել այն հանրության առաջ, նախ ինքս ինձ համար փորձեցի պարզել հանցակազմի մանրամասները, ինչի՞ մասին է խոսքը: Այո, պիտի խոստովանեմ հետամնացիս քաղաքակրթության կենտրոններում ընթացող կարևոր իրադարձություններից անտեղյակությունը՝ «պիդդիսյատ ածծենկըվ սեռըվը» արտահայտությունն առաջին անգամ էի լսում, և այն այդ պահին ականջիս հնչում էր լատինաամերիկյան մոգական ռեալիզմի լավագույն ավանդույթների վեհությամբ:Ավաղ: Իբրև նախապատրաստական աշխատանք՝ այն, ինչ հաջողացրի կարդալ ու դիտել բազմերանգ մոխրոտի մասին՝ բնորոշվում էր հիմնականում ամենա-ամենա-ամենա և վաճառքներ-վաճառքներ-վաճառքներ արտահայտությունների միջակայքում՝ ուղեկցվելով թվերի, թվերի, թվերի կրակահերթով: Այնպիսի զգացողություն էր, որ մինչ ես վերջին տարիներին բանից անտեղյակ զբաղված էի ամուսնանալու, տուն-տեղ սարքելու, երեխաներ մեծացնելու բավական ծեծված գործերով, քաղաքակիրթ աշխարհիս հալալ կեսը (ավելի ճիշտ՝ բիթի կեսը) տվայտվելիս է եղել 27-ամյա միլիարդատեր Գրեյի և բանասիրական ֆակուլտետի կույս ուսանողուհի Անասթեյշայի ԿԳՍՄ (կապկպում, գերակայություն, սադո-մազո) ֆորմատում ծավալվող բարդ հարաբերություններով: Տվայտվելն էն խոսքը չի. վեպի արդեն երրորդ հատորի միլիոնավոր վաճառքներ, ռեկորդային վաճառքներ էլեկտրոնային ֆորմատով, ֆան-ակումբներ աշխարհով մեկ, միլիարդավոր գրառումներ սոցցանցերում, ամենաբարձր մակարդակով մշակութաբանական և էքզիստենցիալ քննարկումեր կողմ և դեմ բանակների գլուխջարդոցիով, վեպի ազդեցության տակ արված հանցագործությունների մի ողջ քրոնիկոն ու, ի վերջո, նաև համանուն ֆիլմի էկրանավորում: Դե պատկերացրեք, որ այս աղմուկը գա-հասնի հայոց լեռնաշխարհ, մեզ կտրի ինքնության մեր հազարամյա պայքարից, մեր պետականաշինությունից (լրիվ ԿԳՍՄ ոճի բառ), մեր հայեցիությունը խաթարի, դե պատկերացրեք սրա աղմուկի չափը: Ու, ասենք, սա ձեզ համար «սնիկերս» ուտել կամ «կոլա» խմել չի, սա «գանգնամ սթայլ» պարել, «այս բաքեթ չելենջ» և այլ գլոբալիզացված կապիկություններ անել չի, սա բարձր գեղագիտության հավակնություններ չունեցող ակնհայտ և անթաքույց պոռնո է, որը մենք, ճիշտ է, էդքան սիրում ենք ազգովի, բայց դե թաքուն… կրկնում եմ՝ ԹԱ՛-ՔՈ՛ՒՆ:Ինձ անկեղծորեն սկսեց տանջել այս գործի հաջողության գաղտնիքը հասկանալու ցանկությունը: Ինձ՝ հայկական երրորդ հանրապետության ոչ այնքան լավ ժամանակներում գրական շուկայի զարգացման գաղափարների երբեմնի լուսավորչիս, գրող-պարտիզան-շուկայագետիս, սկսեց հետապնդել որակական քանակ կազմելու չափ մեծաթիվ այս մարդկանց սպառողական վարքը հասկանալու խնդիրը: Ինչո՞ւ, ինչո՞ւմն է գաղտնիքը՝ Է.Լ. Ջեյմսը տանի:

***

Պրեմիերային տոմս ձեռք բերել չհաջողվեց: Ֆիլմի դիտմանը կարողացա գնալ մի-երկու օր անց: Ցերեկային շարքային սեանսին շտապելիս ուշացա և գրեթե վերջին-նախավերջին տոմսերից մեկն առնելով՝ մտա արդեն մութ դահլիճ: Հանուն վեհ-գիտական ճշմարտության և հասկանալու զուտ մարդկային հետաքրքրասիրության, հանդուրժելով արտհաուզյան գեղագիտությամբ լկստվացրած ճաշակիս հայհոյախառն ընդվզումները, անգամ չնկատելու տալով ադիբուդու խրթխրթոցից ավելի կեղեքիչ հնչող անչափահաս աղջկական հահա-հիհիներն ու քչփչոցները, ախուվախերն ու հառաչանքները մերկ տեսարանների ժամանակ՝ սույն էռոթյուրիմացությունը դիտեցի մինչև վերջ՝ ընթացքում անգամ փորձելով թուլանալ և վայելել:

Սակայն ձանձրույթն ու անիմաստ ծախսերը չարիքներից փոքրագույնը դարձան, երբ ֆիլմի ավարտից հետո սրահը լուսավորվեց ու դահլիճում աշխուժորեն խլվլացող աչիկոների բազմության մեջ ընդամենը 2,5% կազմող տղամարդկանց հալալ 2%-ը ես էի, մանկապղծության հոդվածով դատապարտվելու ենթակա մեկը: Առաջին միտքը որ ծագեց գլխումս՝ արդյոք տոմսարկղում անձնագրերով ստուգո՞ւմ են գնորդների տարիքը, որովհետև ֆիլմը «18+» մակնշում ուներ, երկրորդ միտքը՝ թռնեմ այստեղից, քանի դեռ ինձ հայացքով կասկածամտորեն քննող աղջնակներից մեկը չի մոտեցել և ասել՝ «ա՜յ աչքաշոռ ծերուկ, դո՛ւ ինչ ես անում այստեղ»: Ինձ նույնիսկ մի պահ թվաց, թե երեխեքը դասարանով կամ կուրսով փախել–եկել են կինո: Հա ի՞նչ, մենք էդպես արել ենք, բայց մեր սեքսուալ ինքնահաստատման այդ տվայտանքները հնդկական կինոյի սիրային տեսարաններից էն կողմ անցնելու հանդգնություն չեն ունեցել, իսկ այնտեղ հղիանում էին իրար մետր-մետրուկեսից շորերով սիրելով, ընթացքում չմոռանալով պարել:

***

Հակասական եզրակացություններ ունեցա: Մի կողմից՝ ֆեմինիզմի ճգնաժամն ազդարարող ֆիլմը, ուր անփորձունակ աղջիկը ռոմանտիկորեն իր տղամարդուն գոհացնելու համար համաձայնվում է նրա կողմից պայմանագրային ճշգրտությամբ սահմանվող սեռական բռնությունների ենթարկվել, իսկ մյուս կողմից՝ քյառթու (հայեցի) հասարակության մեջ իրենց հավեսի համար պոռնոյի ցերեկային դիտման եկած աչիկոների այս ազատագրական ժեստը: Մոռանալով մարքեթինգային հետազոտության իմ խնդրի մասին, այս իրոք անիմաստ ֆիլմով տարվելու դեռահաս աղջիկների և 30-ն անց կանանց մոտիվացիան հասկանալու և մեկնաբանելու իմ առաջադրանքի մասին՝ հայացքս ուրիշ ուղղությամբ թեքեցի:

Ես միշտ համոզված պնդել եմ, որ ազատականացումը, այդ թվում նաև մե՛ր հասարակության, տեղի է ունենում/ալու կանանց միջոցով՝ ազատողը, արձակողը, բացողը կինն է: Իսկ ազատագրական պայքարի իմ հերոս կինն իրոք այստեղ անելիք շատ ունի: Պատկերացրեք ժամանակակից հայաստանցի տղամարդու միջին վիճակագրական կերպարը՝ 27 փաստացի, բայց 44 հոգեբանական տարիքի, քաչալ, ծույլ նստակեցությունից փորի պարարտ ճարպաշերտով, հյուսիսային համալսարանի պատմա-իրավաբանական ֆակուլտետի միջազգային առևտուր բաժինն ավարտած մեկը, ով ծառայել է Բալահովիտում, փողով ընտրել է հանրապետականին, աշխատում է անշարժ գույքի գործակալությունում, ծխախոտի վրա ծախսում է ավելի շատ, քան ընտանիքի օրական հացի բյուջեն է, հանգստանում է Քոբուլեթում, ամուսնացած է, ունի մեկ տղա կամ աղջիկ, երազում է Ֆրանսիա արտագաղթելու մասին, հասանելի մարմնավաճառների հետ ունեցած շփման իր համեստ փորձի շրջանակներում մանկության ընկերների մոտ պարբերաբար գլուխ է գովում ճոխացրած, ահա նրա մոխրագույն ինքնության 50 երանգները:

Այս կոնտեքստում ես սիրեցի իմ 97.5% ժաննադարկներին ու սիրեցի իրենց բաժին հասած մոխրագույնից ուրիշ մի բան երազելու նրանց հանդգնությունը:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1, 2015

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *