*
Երկնաքարի խառնարանում ոլորված այս լճակը
մի կերպ հասնելու համար էր, երբևէ, և ոչ՝ կերակրելու,
բայց ահա իր շուրջն օրեցօր վխտում են
արդար մրցակցությամբ պաշտպանված սովի ձկնորսները:
Մանկության խորհրդավոր խզբզաձկների
ու գույնզգույն բզբզաձկների իմաստից
նրանք տիղմահամ կողակներ կորսան
և մանրաձուկ ծածան:
Երբևէ աստղային քարտեզներ իմացած այս լճակում
հիմա ուշաթափվում են մոտեցող քաղաքների
թունավորված անձրևները:
Թերևս թաքնագրության զգայարան,
քան տեղորոշվելու անուն,
այս պակասող լճակի մոտ վաղուց չկան
զմայլվողներ անցնողիկ:
Երբևէ հուզմունքի միամիտ արցունք այս լճակը,
վերջերս բնորոշվել է իբրև գերագնահատված ռեսուրս,
և քանի որ վաղուց է պատահել ինձ հետ այդ հրաշքը,
ես էլ սառը սրտով անվանեցի այն,
որ իբրև ներքին տարածություն
ձանձրույթի հսկա օվկիանոսից
ծածուկ պիտի մնար
ու անանուն: