Երազումս գրել էիր՝ սեր իմ, արի,
ամեն ինչ թող՝ արի, քեզ եմ սպասում,
մռայլ, ահագնացող փոթորկի մեջ
անանցնելի ծովում այս մենության
մակույկը իմ հոգու ինչ ափ էլ որ նետեց,-
գրել էիր,- բախտը իմ կնության,
մեկ է եղա օտար, քանզի քո ծոցը չէր,
ու չսիրված, անտուն, անտեր եղա․․․
Վազում էի ահա, քեզ ընդառաջ
մեր միասին չապրած աշունների միջով
գարունների միջով մեր վրիպած
մերթ ափ նետված կետի վերջին ճիչով
մերթ թևն առած արծվի՝ երկնատարած
թերթվում էին ասես հեքիաթի մեջ
ակնթարթներն էպիկ ու կցկտուր
մինչ ես շնչակտուր վարգում էի
քո ենթադրած, տենչած հեքիաթի մեջ
քեզ ընդառաջ՝ միակ, միակ իմ սեր,
ուր երբ հիշում էի ծիծաղդ բորբ
շուրջս բալենու շարքեր էին ծաղկում
իսկ երբ հիշում էի թախիծդ նուրբ՝
ծաղկած այգիներին ձյուն էր մաղում։
Երջանիկ էի մի ձև այս ճամփին ես
որ ահա, ի վերջո, դե վերջապես
գրվում է այնպիսի չքնաղ մի տեքստ
որ սիրուն ա, կրքոտ ա, հարթ ա, տես
որ մե՛զ էլ Տաթևն ի վերջո կկարդա,
կհանրայնացնի հանրայինով մեզ,
բայց այդտեղ մգլած երևանյան օրվա
բաղրամյան մոսկովյան խաչմերուկում, վեցին
մի օպել անթարթիչ դեմս կտրեց
ու ես ակամայից նրան լավ քրֆեցի։
Ներիր սեր իմ ոնցոր ուշանում եմ մի քիչ
դու լողացիր մինչ այդ ու վարդագույն
ճապոնական ոճի պենուարդ հագիր
շտապում եմ, անկեղծ, ինձ չեմ խնայում –
ճանապարհը դեպի մեր մթամած անցյալ
յանդեքս նավիգատրին վստահելով
չտեսնելու տալով սեյլերը բոմբացյալ
համաճարակները վերապրելով
ես քեզ մոտ եմ շտապում –
պլանային հեղափոխությունների միջով,
պատերազմի խրամատների միջով,
ճգնաժամերի տնտեսական միջով,
և միջով հոգևոր անշուշտ սովի,
քեզ կանֆետ եմ բերում ես ծծովի
ու մոշ․․․ դու բացիր շամպայնը, փլեյլիստը,
մուդդ մռթոշ, մինչ ասպետդ հասնի։
Ահա ես պադյեզդում եմ՝ տրոփող սեր
լիֆտին էլ չեմ սպասի՝ դե անհամբեր եմ
փիլաքյանով կոխցրած կշտապեմ վեր,
ու արնավառ սրտով մեկ քեզ լույս բերեմ։
․․․ դռանդ առաջ մինչ տուկ-տուկ ասելը
նորից ինձ փոթորկած սմսն եմ կարդում –
“ser im ari, amen inch tox ari, qez em spaum”
Չյո՛ռտ․․․ 21 թվին դու դեռ լատինատառ ես գրում, չոռո՛տ, մոռացել էի բնավ, որ դու ծանծաղ ես ինչպես սևանա լիճը նոյ լենդի մոտ, ախր ինչքան շատ ես կարդում, մեկ ա էնքան շատանում ա քեզ համակած ճահիճը ու դու հորդում ես լոկ բառեր, բառեր, իրերի էությունից վրիպող ու անմիտ բառային ցըռ, աղջի, մոռացել էի քո կպցնովի թարթիչներն ու ու երկնականաչ լինզաները, որ ինձ տագնապի նոպաների են հասցնում, սարսափ․․․ մոռացել էի, որ դու սիրում ես ակնարկել տարեդարձիդ նախընտրելի նվերը, մոռացել էի որ դու մոմ վառելիս աղոթում ես ափդ ափիդ քիչ չի, մի հատ էլ աչքունքով լկսվում ես քեզ նկարող լոզոտ պարսիկի հետ, մոռացել էի որ քո օրը օր չի, եթե բոզոտ սթորի չես դրել, մոռացել էի որ անգամ քո խաշած ձուն անհամ ա պենոպլաստի պես, մոռացել էի որ դու շահարկում ես անկեղծ, վրձնահարված և աստվածահաճո բառերը և անկեղծ ասած, այդ ամենից ես նադայել եմ եղել․․․
ներիր սեր իմ, ներիր – airplane mode,
հազար, հազար ամոթ, բայց զանգդ չսեղմած
ես թռնում եմ նորից քո երազից
էս անգամ էլ մեզ մոտ
բան չստացվեց։