Հայկական Ժամանակ | Հրանտ Տէր-Աբրահամեան
Այսօրվա հոդվածով ուզում եմ ինձ համար ավելի սովորական քաղաքական եւ քաղաքացիական թեմաներից մի պահ շեղվել եւ խոսել այսօրվա մեր մշակույթին առնչվող մի երեւույթի մասին (չնայած շեղվելը պայմանական եմ ասում, որովհետեւ քաղաքականի եւ մշակութայինի միջեւ անջրպետը միշտ էլ բավականին արհեստական եմ համարել):
Այսօրվա Հայաստանում մի քանի բան կա, որոնք ինձ ոգեւորում են: Մեկը հենց քաղաքական եւ քաղաքացիական պայքարն է, որը դանդաղորեն, բայց հետեւողականորեն փոխում է մեր երկիրը: Մյուսը, թերեւս, բնապահպանական ակտիվիզմի ծավալումն է, որին նույնպես անդրադարձել եմ: Բայց կա նաեւ մի այլ՝ առաջին հայացքից չերեւացող, փոքրիկ անկյուն, որն ինձ համար վերջին մեկ տարվա մեջ եմ բացահայտել, եւ որն ինձ մեծ ուրախություն է պատճառում:
Դրանք այսօրվա երիտասարդ բանաստեղծներն են: Ես միայն երկուսի անունը տամ՝ Կարեն Անտաշյան եւ Տաթեւ Չախչախյան (ընդամենը 18 տարեկան), դուք գուցե ցանկը լրացնեք ինձ դեռեւս անծանոթ անուններով: Համարձակությամբ եմ գրում երկուսի անունները, որովհետեւ գրեթե համոզված եմ, որ եթե նրանք շարունակեն իրենց ստեղծագործական վերելքը, ուշ թե շուտ դասվելու են դասականների շարքին:
Վախենալու բան չեմ ասում՝ դասականներն էլ մեզ նման մարդ են եղել, ինչ-որ մեկի ընկեր, բարեկամ ու թշնամի: Եւ ուրեմն, պարտադիր չէ սպասել պաշտոնական «դասականացման» պահին, եթե հենց այսօր եւ հենց այստեղ կարելի է վայելել դեռ թարմ-թարմ, նոր «թխած» բանաստեղծական տողեր: Նոր, իսկապես տաղանդավոր հայաստանյան բանաստեղծության ի հայտ գալն առավել կարեւոր է այն խոսակցությունների ֆոնին, թե Սովետական Միության փլուզումից հետո մշակույթն անկում է ապրել, որեւէ արժեքավոր բան այլեւս չի ստեղծվում եւ այն: Բայց, ահա, որոշակի դադարից հետո կարծես ունենք նոր ու իմ կարծիքով շատ ավելի բարձրորակ, անկաշկանդ, տաղանդավոր պոեզիա, քան երբեւէ ունեցել ենք 1937-ից հետո:
Ինչո՞ւ եմ կարեւորում այս հարցը: Իմ կարծիքով, պոեզիան պարապ զբաղմունք չէ, ոչ էլ նույնիսկ մարդու հույզերի եւ մտքերի ինքնարտահայտման հերթական միջոց` բազում այլ միջոցների մեջ: Ես բանաստեղծությունը փիլիսոփայության հետ կդասեի նույն շարքում՝ որպես մի ոլորտ, ուր ձեւակերպվում ու ստեղծվում են իմաստները, նշանակությունները, արժեքները, ուր ստեղծագործողը գործ ունի լեզվի ամենախորը շերտերի հետ (այս պնդումը հաստատվում է ստուգաբանությամբ. բանաստեղծություն՝ բանի՝ խոսքի, բանականության իրականության ստեղծում): Դա այսօրվա ցանքն է, որի բերքը թեեւ ուշ հասունացող, բայց չափազանց կարեւոր է: Բանաստեղծությունը երկրի կամ լեզվի «ներքին աշխարհի» առաջին «ավետաբերն է»: Ներքին աշխարհ կամ ենթագիտակցական, ուր կարող են տեղի ունենալ առժամանակ ծածուկ գործընթացներ, որոնց առաջին արտահայտիչը հենց պոեզիան է: Այսինքն՝ բանաստեղծությունը նաեւ ապագայի ավետաբերն է, խոսնակը, դեսպանը: Ենթադրում եմ, որ եթե այսօր առաջ է եկել նոր բարձրորակ բանաստեղծություն, նշանակում է` երկրի «ենթագիտակցականում» կուտակվել է որակապես նոր ասելիք: Թե ի՛նչ ասելիք է, գուցե իմանանք ավելի ուշ՝ ասենք 5 կամ 10 տարուց: Բայց որ երկիրը լեզու է առնում, խոսք է ամբարում, եւ դրա մասին է վկայում բանաստեղծությունը, ինձ համար, կարծես, միանշանակ է: Այնպես որ, ինչպես տեսաք, խուսափել հասարակական թեմայից չկարողացա: Գրածս բանաստեղծության մասին էր, բայց ասելիքս միայն պոեզիան չէր:
Հ.Գ. Այս նյութս կարող եք դասել «լավ»-ի մասին խոսող նյութերի շարքին՝ ի հեճուկս «միայն վատի» մասին գրող ընդդիմադիր լրագրության վերաբերյալ պատկերացումների: Մինչ այդ գրել եմ իր քաղաքացիական արժանապատվության գիտակցությունն ունեցող հայ տղայի նոր տիպի, ինչպես նաեւ բնապահպանական ակտիվիստ Մ. Սուխուդյանի մասին՝ որպես մեր այսօրը լուսավորող նորահայտ պերսոնաժներ:
Ուստա Հրանտ