Ստատուսչի Ծկուլի աներևակայելի ճամփորդությունը դբա լավը
Դրվագ 1
Ծկուլը շատ լավ գիտի իր ցավը, նրա մոտենալը,
իրեն տիրանալու անդառնալիության էն պահը գիտի,
ոնցոր ծխելը թարգողն արդեն գիտի, որ չէ, էսա ծխելու է,
ոնցոր վթարից ակնթարթ առաջ
մահվան հետ հաշտությունն է գալիս — իր ցավն է։
Վերջը՝ գիտի, ու մեկ-մեկ կարող է մի այլ կարգի խորանալ՝
որոշելով ոգին ենթարկել տառապանքի փորձությանը,
ինքն իրեն տարբերակել իր մարմնից՝
չնույնականանալով գեների և ինքնության հիշողության հետ,
շնչել խորը և գիտակցված՝ հաշվի առնելով աստղերի դիրքը,
կարող է էպիկական անուններ տալ իր դևերին,
ու դավադիր մտադրություններ վերագրել նրանց,
աշխարհի կործանման ժանրում՝
կորզելով ողբերգական ներբողներ,
բայց դե, բանը․․․
կարող է և իբուպրոֆեն խմել՝ անցնի գնա։
Դրվագ 2
«Ճշտով չեմ հասկանում, հիմա ամեն ինչ
քաղքականությո՞ւն է, մշակո՞ւյթ, թե՞ տեքստ»
իբրև լավ դիսկուրսի նախաբան փոստեց #Ծկուլը:
«Չէ, ամեն ինչ ստատուս է»․ ինքն իրեն քոմենթեց նա․
«քանի որ ոչինչ չի եղել,
քանի դեռ չի գրվել դրա մասին ստատուսը։
Կոլեկտիվ անգիտակցականի հարացույցում,
համատեքստում թավշյա հեղափոխության՝
հուսահատության մասին ստատուսն ավելին է
քան հուսահատությունը
և սիրո մասին ստատուսն ավելին՝ քան սերը»։
Խնդրեմ․․․
դարձավ սրտիկելու տեքստ
սիրո քաղաքական մշակույթի մասին։
«Թերևս ամեն ինչ մեկնաբանություն է»․
մաքուր հայերենով կասկածեց նա մտքի մեջ,
հետո մի հատ էլ ռուսերենով ու անգլերենով կասկածեց
միջազգային հանրության համար։
Դրվագ 3
Սերիալի սցենարիստ մի ծանոթ ուներ Ծկուլը։
Ամեն անգամ, երբ սա կռվում էր կնոջ հետ,
սերիալի գլխավոր հերոսուհուն բռնաբարում էին
էդ օրվա սերիայում։
Վատ տղա չէր, բայց Էդ ծանոթի հետ չի շփվում վաղուց,
որովհետև բոլոր գռդոնչիներին
համարում է նախկին ռեժիմի մնացուկներ։
Էս վերջերս նույն սերիալում
գլխավոր հերոսուհուն ծեծելով սպանեցին –
մի բան եղած չլինի։
Դրվագ 4
Լիքը մարդ նավսյակի չի լայքում Ծկուլի ստատուսները,
որովհետև չի հասկանում, թե սա ինչ խաղ է խաղում,
իրկանում էս՞ կողմից է, թե՝ էն։
Հետո, է՞դ ինչ անուն է Ծկուլը,
չես հասկանում քյարթու հիպստերի,
թե լատենտ տրանսգենդերի մականուն է։
Լիքը մարդ հավատում է ժողովրդի միասնականությանը
երկնային արքայությանը, մարդու իրավունքներին,
բայց չի հավատում էվոլյուցիայի տեսությանը –
չի պատկերացնում, թե փիղն ինչ թռչուն է,
չի ընկալում, թե ոնց ընդամենը տաս տարում
Տիգրանը դարձավ Ծիգռան,
Ծիգռանը՝ Ծիգուլյ,
Ծիգուլյը՝ Ծկուլ։
Չէ, անպայման պետք է
կողմնորոշված սև կամ սպիտակ լինի։
Ու ոչ մեկ անգամ չի ենթադրում, որ
հնարավոր է նա ընդամենը
հուսահատ է, երազող կամ ապուշ։
Դրվագ 5
Նաուշնիկներով մարդը
ներկայության պատրանք է ստեղծում –
համոզված է Ծկուլը։
Ոնցոր կողքինների համար ասի՝
ես տարածքում եմ, բայց տեղում չեմ
ինձ հարցեր չտաք, վրաս հույս չդնեք։
Բայց ու՞ր է, ներսու՞մ՝ չէ, ախպոր պես –
ներսում ինչ-որ սև ռեպերի
լավ ծախվող սոցիալական ընդվզումն է,
կամ հերթական խարիզմատիկ մարդասպանի մասին
սերիալի 7-րդ սեզոնի 6-րդ սերիան,
կամ էռոտիկ տեմբռով մի ռուս ձաձա՝
պատերազմ և խաղաղություն է կարդում
ընդմիջվելով հակաբեղմնավորիչի գովազդով,
որովհետև ձրի տեղից է քաշած։
Բա լավ, ու՞ր է։
Իսկ Ծկուլը սարսափում է գոյություն չունենալու մտքից
դրա համար քնում է 6 ժամ՝ մեկ կեսժամանոց ընդմիջումով,
ակնոց չի դնում, որ չմարի գորշության հավաստիությունը,
հա ուզում է սափրել գլուխը, որ ավելի մոտ լինի աշխարհին,
բայց ալարում է բուդդիստ-աշոտյանական իմիջից,
ուտում է արագ, համարյա առանց ծամելու,
որ հանկարծ չկտրվի կյանքից հաճույքի ծուլությաբ։
Դե նաուշնիկներ մեկ-մեկ դնում է`
անկապ, իհարկե՝ բան չի միացնում,
իբր ես էլ եմ տրենդի մեջ, քուրս,
Իբր ես համ դրսից կամ, համ ներսից,
համ դրսից կարող եմ քոնը լինել,
համ ներսից՝ անհնարին հետևյալ տվյալներով
անիրական առանձնյակ, բա ուր գնանք
քեզ ցույց տամ փլեյլիստս։
Շարունակությունը՝ Ծկուլ․ 1-ին սեզոն, 06-10 դրվագներ