Երկու խոսք` գրականությունից առաջ

Yerkir.am 04.02.2012 | Կարինե Հարությունյան

Ժամանակակից գրող Կարեն Անտաշյանը մեկն է այն երիտասարդներից, որ տարիներ առաջ գրական շարժում սկսեց` ապացուցելով, որ ժամանակակից գրականությունը միայն գեղեցիկ արտահայտություն չէ: Ինչպես ցանկացած նորույթ, նրանց էլ սվիններով դիմավորեցին եւ մինչեւ հիմա էլ կան մարդիկ, որոնք իրենց անգրագիտությունը կապում են ժամանակակից գրականության «չգոյության» հետ: Անտաշյանը կարծում է, որ գրականությունն այնքան գայթակղիչ մի տիրույթ է, որ երբ մեկը սկսում է հետաքրքրվել դրանով, արդեն մտնում է դրա մեջ եւ դուրս գալ չկա. նույն հիմնավորմամբ էլ Անտաշյանն է «խեղդվել» գրականության ջրերում:

– Տարիներ առաջ գրական շարժում սկսեցիք եւ քանդելով մի շարք պատնեշներ` ապացուցեցիք, որ գոյություն ունի ժամանակակից գրականություն: Հիմա ի՞նչ պատնեշներ կան քանդելու, որ գրականության համար ստեղծվի այն դաշտը, որը որ դուք կուզեիք:

– Որպեսզի ինչ-որ բան դառնա հանրային հետաքրքրության նյութ, պետք է զանգվածային լրատվության միջոցները լիովին ներգրավված լինեն այդ գործում: Առաջին հրամայականը հեռուստատեսությունում գրականության պատշաճ ներկայացումն է, որի միջոցով էլ պետք է խոսվի ոչ թե գրական դաշտի խնդիրներից, այլ գրականության խնդիրներից: Այս տարի ինձ շատ են հրավիրել եթեր եւ միշտ խոսել են, թե ինչու չեն կարդում, թարգմանվում, գրքերը չեն վաճառվում, բայց ոչ` այսինչ հեղինակի այսինչ ստեղծագործության մասին: Մյուս պատնեշն, արդեն ավելի լայն իմաստով, գրական շուկայի կայացումն է Հայաստանում եւ մեր ունեցածի պատշաճ ներկայացումն է դրսում` արտահանումը: Մեր գրողներից շատերը օտար լեզուների չեն տիրապետում, չեն պատկերացնում եւ չեն ուզում դուրս գնալ, բայց քանի մենք չենք գնում արտասահման եւ հայկական նեղ կոնտեքստից դուրս չենք գալիս, գրողների աշխարհընկալումը, առաջադրած հարցերի շրջանակը մնում է շատ նեղ` տարածաշրջանային, նեղ հայկական, ինչը չեմ կարծում, որ լավ է: Կա տեսակետ, որ դա կարող է տանել ազգային ինքնություն ունեցող գրական տեքստի ստեղծման, բայց ես դրան չեմ հավատում. մենք պետք է ճամփորդենք, որպեսզի մեր ինքնությունն ավելի դիրքավորենք:

– Պետական այրերի մասնակցությունը գրքի շնորհանդեսներին որքանո՞վ կնպաստի գրքի արժեքի բարձրացմանը:

– Ցանկացած ինդուստրիա` կինոարտադրություն, շոու-բիզնես, գրականություն, քանի դեռ չունի հանգուցային կոնցեպցիա, այդ ոլորտը չի կարող դիմագիծ եւ լավ դիրքավորում ունենալ: Նախընտրական շրջանում հնարավոր է, որ հայտնվեն ինչ-որ շնորհանդեսների, բայց քանի որ նախընտրական պայքարի մեջ կա նաեւ մարքեթինգային ինչ-որ հաշվարկ, ավելի արդյունավետ կլինի այդ ժամանակը ծախսել որեւէ գյուղ այցելելով եւ ջրամատարակարումից խոսելով, քան` գնալ գրադարան: Այսօր, համենայնդեպս, ոչ մի քաղաքական գործիչ ընդգծված ինտելեկտուալ իմիջ չի փորձում ձեւավորել եւ չի գնա այդ քայլին: Եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակակից հայ գրականություն, որը ճանաչելի է ե՛ւ այստեղ, ե՛ւ դրսում, ապա մենք պետք է ունենանք ընդհանուր գաղափարախոսություն: Օրինակ, Հոլիվուդի հիմնական հաջողությունն ինչո՞ւմն է` իրենք ունեն ընդհանուր դիմագիծ: Քանի դեռ չկա ընդհանուր գաղափարախոսություն, կարող են լինել մասնավոր լավ ստեղծագործություններ եւ գրողներ, բայց մենք չենք ունենա ընդհանուր գրական բում:

– Նախագահին ես տեսել եմ ցուցահանդեսում, ֆիլմի պրեմիերայի ժամանակ, ինչ-որ համերգների, բայց ոչ գրքի շնորհանդեսի ժամանակ:

– Համաձայն եմ: Օրինակ, Սովետական Միության ժամանակ բոլորը առանձնահատուկ պատկառանքով էին խոսում որեւէ գրողի մասին: Այսօր դա ոչ միայն չկա, այլ նաեւ հակառակը` այնքան արժեզրկվել եւ անկարեւոր է դարձել գրողի եւ գրականության դերը, որ գնալ գրքի շնորհանդեսին, նույնն է` մասնակցել աղանդավորական հավաքի, այսինքն` մի տեսակ խելքից դուրս բան է դարձել: Գրականությունը համարվում է անլուրջ, շատ նեղ շրջանի մարդկանց զբաղմունք: Ավելի վտանգավոր ենթադրություն կարող եմ անել` ընդգծված քաղաքականություն է տարվում լայն հասարակությանը մշակութազերծելու եւ հակաինտելեկտուալ դարձնելու համար:

– Ո՞ւմ է դա ձեռնտու եւ ի՞նչ առումով:

– Եթե հետեւեք լրահոսի կամ առօրյա շփման լեզվին, կտեսնեք, որ այն քաղաքական է, գրական լեզուն ամբողջությամբ դուրս է մղվել մեր շփման դաշտից, իսկ մարդիկ մտածում եւ գործում են այն արժեքներով, ինչ արժեքներ որ տալիս է լեզվաշերտը, որով որ շփվում են եւ արդյունքում` մտածում: Մարդկանց մտածողության մեջ նստած լեզվաշերտը ձեւավորում է նրանց վարքը, գիտակցումը եւ հոգեվիճակը: Եթե ընտրազանգվածը կիրթ չէ, նրանց ղեկավարելն ավելի հեշտ է: Կարելի է նման եզրակացություն անել. կամ իրենք քարոզում են այն մշակույթը, որի կրողն են, կամ` խրախուսում են այն մշակույթը, որն իրենց ձեռնտու է:

– Առաջիկայում ընտրություններ են, եւ արդեն արվեստագետների որս է սկսվել. գրողը պե՞տք է լինի այս կամ այն քաղաքական ուժի կողքին:

– Ես կողմ եմ, որ գրողն ունենա ակտիվ ու ընդգծված քաղաքացիական դիրքորոշում, բայց ես դեմ եմ, որ գրականությունն ունենա քաղաքական դիրքորոշում, քանի որ գրականությունը հենց այն լեզուն է, որը գալիս է մարդկայինից, նաեւ մարդկայնություն է քարոզում, իսկ քաղաքական տեքստը` ընդհակառակը: Բերել քաղաքական տեքստը գրականություն, նշանակում էՙ հակագրական ինչ-որ բան անել: Գրողի առաքելությունը լրիվ հակառակն է` նա չպետք է թողնի, որ քաղաքական տեքստը մտնի գրականություն: Ես ինքս չեմ սատարում որեւէ քաղաքական ուժի. կոնկրետ հարցերի եւ խնդիրների պաշտպանության առումով, եթե դրանք իմ հետաքրքրության շրջանակում են, պատրաստ եմ պաշտպանել եւ սատարել որեւէ անձի, խմբի:

– Տարիներ առաջ ժամանակակից գրողը հերոսի փնտրտուքների մեջ էր։ Ինչպիսի՞ն է այժմյան գրականության հերոսը:

– Օրինակ, իմ վերջին գրքում` «Անտաշատ»-ում, կան ընդգծված հերոսներ, որոնք տարբեր տարիքային եւ սոցիալական շերտերի են պատկանում: Այն ժամանակ ինձ համար խնդիր ունեի դրած` ստեղծելու մի տեքստ, որը կկապի եւ ինձ կմոտեցնի այն լսարանին, որի համար ես գրում եմ: Հիմա լրիվ փոխվել է իմ գեղագիտական հայացքը, եւ ես գալիս եմ ոչ թե հերոսներից` նրանց լեզվից, հոգեբանությունից, այլ` ընդհակառակը, ես հետեւում եմ լեզվի բնազդին: Ես փորձում եմ լեզվի բնազդով գնալ ինչ-որ մի տեղ եւ հաղթահարել լեզվական պատնեշը: Իմ բոլոր վերջին տեքստերը լեզվական էքսպերիմենտներ են, որոնցով ես ուզում եմ այն լսարանի վրա ազդել, ում համար գրում եմ, այսինքն` իրենց կբերեմ դեպի գրականություն: Չնայած իսկական գրականությունը պետք է միշտ փաստից ելնի։ Հրանտ Մաթեւոսյանը մի լավ խոսք ունի, որ կարդացողը պետք է տեսնի իրեն այդ տեքստի մեջ: Նրանք, որոնք ինքնության որոնումների մեջ են, անընդհատ դեպի անցյալ են գնում, կգտնեն իրենց իմ տեքստում:

– Կարելի է եզրակացնել` որքան ազատ է գրողը թղթի առջեւ, այնքան էլ` կյանքում:

– Ամենաազնիվ արտահայտչամիջոցը սեփական կյանքն է: Ապրվող կյանքը գրականության հատուկ մի ձեւ է, գրողի ստեղծած գրականության շարունակությունը կամ սկիզբը: Ես վերջերս նկատել եմ շատ տարօրինակ մի բան, որ իմ գրած տեքստերը շատ ճշգրիտ զուգադիպությամբ կրկնվում են իմ կյանքում: Ստացվում է, որ ես իմ վրա թուղթուգիր եմ անում: Մի տեսակ վախ է ներշնչում ինձ, մեջս ավելորդ նախապաշարմունքներ է առաջացնում: Կարող եք ասել` գիրն է ազդում գրականության ընթացքի վրա, թե դու կանխազգալով գրում ես այն, ինչ պետք է լինի: Ես, ամեն դեպքում, հակված եմ մտածելու, որ գիրը կանխորոշում է իրականությունը:

– Արվեստագետներից շատերն ասում են, որ իրենց չեն զգում իրենց ափսեում. դու քեզ գրող զգո՞ւմ ես:

– Դա ավելի շատ հոգեբանական խնդիր է, եւ մենք չունենք մասնագիտական նույնականացման այդ հոգեբանությունը: Մարդը պետք է իր անձի ինքնությունը կապի իր մասնագիտության հետ, որպեսզի սիրի իր մասնագիտությունը եւ վարպետանա: Մենք` գրողներս, մեր հացը վաստակում ենք գրականության հետ կապ չունեցող ինչ-որ աշխատանքով եւ դեռեւս չունեմ այդ հաճույքը, որ բոլորին ասեմ` ես գրող եմ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *