Օրերս տեղի կունենա Կարեն Անտաշյանի նոր՝ «Ծիլի-Ծով» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը, ինչն էլ զրույցի առիթ հանդիսացավ հեղինակի հետ
-Որտեղի՞ց եք հասել Ծիլի-Ծով եւ որտե՞ղ է այն գտնվում:
-Բանաստեղծի հաղթահարման նյութը՝ լեզուն է, որն անընդհատ կարծրանում ու փոքրանում է հագովդ՝ ինչպես մաշկն օձի կամ պատյանը՝ կակղամորթների: Կենդանի մնալու եւ քո վրա աճելու համար ստիպված ես ժամանակ առ ժամանակ փոխել մաշկդ՝ այսինքն փոխել լեզվամտածողությունդ՝ վերաիմաստավորելով եւ վերաձայնագրելով այն՝ ստանալով նոր տեքստ: Ես նույնիսկ կարծում եմ, որ ավելի լուրջ խնդիր պոեզիան չունի ընդհանրապես, քան խոսքի վերաձեւակերպումը կենդանի լեզվով: Մեր ժամանակներում, երբ հաղորդակցության տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս շփվել եւ արտահայտվել առավել գրաֆիկական, քան տեքստային հաղորդագրություններով, ինչպես դա քաղաքակրթության արշալույսին է եղել, շատ ավելի կարեւորվում է տեքստի փրկության հարցը ոչ իբրեւ մեռելների ժառանգություն, այլ իբրեւ ապրումների հնարավորինս բազմաչափ արձանագրության միջոց եւ երեւակայության հրահրիչ: Այն ճանապարհը, որով ես հասել եմ Ծիլի-Ծով՝ դա լեզվանյութի հաղթահարման ճանապարհն է:
-Ինչո՞ւ է այն կոչվում հմայությունների գիրք:
-Իրականությունը իրական նշանագրերով խոսելու խնդրին հաջորդում է բանաստեղծելու իմաստի սահմանման խնդիրը: Բանաստեղծությունն ինքս ինձ համար սահմանելու հիմնախնդիրն ինձ տարավ էլի մարդկության պատմության ակունքները, երբ լեզվի գոյացմանը զուգահեռ՝ ի հայտ է եկել իրականությունը լեզվի տիրապետմամբ կառավարելու բնազդը, այսինքն՝ գերբնական ուժերին ուղղորդելու հմայությունները: Հմայական այս բանաձեւերը բանաստեղծական առաջին դրսեւորումներն են, որոնք ծիսական եւ խորհրդավոր լինելով, նաեւ կիրառական են, կենցաղածին են եւ կենցաղի կազմակերպման համար են, բայց նաեւ հոգեւորի ոլորտից են ու այնկողմնայինի հետ են առնչվում: Այսպիսով սահմանելով, որ բանաստեղծելն ըստ էության՝ հմայություն անել է, ես Ծիլի-Ծովում փորձեցի իրացնել այս մտահղացումը եւ այս փորձարարության ընթացքում հաճելի սիրախաղ ունեցա հայոց լեզվի հետ:
– Ինչո՞վ է պայմանավորված թեմաների բազմազանությունը՝ արտագաղթից, բնապահպանական խնդիրներից մինչ զոոֆիլիա:
-Թեմաների ընդգրկումն իրոք բազմազան է, ինչպես մի հոգու ապրած կյանքը, կամ նույնիսկ մեկ օրը կարող է բազմազան լինել: Ես բնականաբար խոսելու առիթները փնտրում եմ իմ ապրած իրականության մեջ, բայց նաեւ հակված եմ մտածելու, որ թեման գոնե պոեզիայում գրեթե անտեսման արժանի գործոն է եւ կարեւորը կատարումն է, ինչպես կոմպոզիտորական արվեստում՝ կոմպոզիցիան: Ճիշտ է, ընթերցողների մեծամասնությունը հենց թեման է որսում, իսկ ունկնդիրների մեծամասնությունը՝ մեղեդին է լսում, բայց արվեստը ձեւերի եւ արտահայտչամիջոցների ստեղծման պատմություն է, որոնք ստեղծման պահից իսկ արդեն հնություն են դառնում եւ ամեն մի նորաթուխ ստեղծող, ստիպված է նորից հեծանիվ հորինելու իր ճանապարհն անցնել: Իրականում կյանքից առավել կարեւոր ոչինչ չկա Երկիր մոլորակում, որքանով որ այս պահին հայտնի է մեզ՝ նաեւ ողջ տիեզերքում եւ գրականությունն էլ՝ կենսագործունեության արդյունք լինելով, չպիտի դադարի կյանքի սպասավորը լինելուց, իսկ այդ ծառայության էությունը մարդուն՝ խոսելն է: Մարդուն՝ խոսելը նրան ազատագրելու միջոց է, թերեւս ամենահավաստի միջոցներից մեկը, որովհետեւ գրողը ոչ քաղաքական գործիչ է, ոչ պատմիչ է, ոչ դատավոր, ոչ կրոնական սպասավոր է եւ նույնիսկ ոչ մարդու իրավունքների պաշտպան: Սրանք հիմնականում լուծում են մարդկային խմբերի միջեւ ծագող խնդիրները (ի դեպ, մարդկության եւ այսպես ասած՝ Աստծո հարաբերություններով զբաղվելը նույնպես հանգում է մարդկային խմբերի միջեւ հարաբերությունների բախումը կառավարելու խնդրին):
-Էշ գզողի մասին բանաստեղծությունն է՞լ է հմայություն:
-Որոշ տկարամիտների կարծիքով՝ դա վիրավորանք է «հայ մեծ գրականությանն» առհասարակ, չէ՞ որ այն վեհի ու սովալլուկ տվայտումների մեջ է միայն «հայեցի»: Իրականում այո, այն նույնպես հմայություն է, որովհետեւ բանաստեղծությունը սկսվում է հետյալ կերպ՝ Ո՞վ ես դու, հաջորդ արտահայտությունը՝ Ես էշ գզող եմ: Սա ընթերցողին ներքին երկխոսության դրդրող խաղ է: Ես չգիտեմ՝ որքանով է հիմա զոոֆիլիայի պրակտիկան առկա հայոց լեռնաշխարհում, բայց մի քանի տարի առաջ, զինվորական ծառայության ժամանակ ծառայակից ընկերներից ոմանք միամտաբար գլուխ էին գովում կոնդանասիրության փորձառություն ունենալու առիթով: Բայց ես այս տեքստը գրել եմ առաջին դեմքով եւ ոչ ի դատապարտումն այս մարդկանց կամ այս ավանդույթների, նույնիսկ ոչ ի պաշտպանություն կենդանիների իրավունքների (ծիծաղում է): Այստեղ խոսվում է մեզ համար շատ լուրջ՝ սեքսուալ ինքնահաստատման հարցը, որը զուտ մարդկային ազատության հետ խիստ առնչվող խնդիր է: Կենդանիների հետ սեռական հարաբերություններ ունենալու պրակտիկան մի կողմ՝ մեր տղամարդկանցից շատերը ամուսնանալու հաջորդ օրը գնում են խոպան ու սլավոնական ծագումով կանանց հետ լինելու փորձառությունը նրանց ավելի գայթակղիչ է թվում, քան իրենց կանանց սիրելը, այդպիսով բազմաթիվ են հայ «սեզոնային» զույգերը: Որոշները սիրելի կին ունենալուն զուգահեռ՝ «բոզի» գնալը նորմալ, օրինաչափ բան են համարում՝ իբրեւ էլի շրջապատի աչքում սեքսուալ ինքնահաստատման նշան:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ «Առավոտ» օրաթերթ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/02/11/430354/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից