ձու-ձու
բհու-բհու
մանի-ման
քաուի
ախ-վախ-վախ
—
ձունի գագալու ահ
վինու բոբուլի մահ
—
ձմռվա ձունը կտաղին
գարունքի գառը մատաղի
լուսին-հարսն կոխ անց կենամ սև սարը
ղոչ տղա ըլի մեզ,
իծանին պծպեծան ուլ
չոռի չոռ անջակն խուլ
—
Այսօրեան շաղոսկի արեգակն հանգեար –
անդստին ձիւնաբեր բուքն է բքացեալ,
զկարմրիկն զարմն սոսեաց արդ է մերկ,
զարիւնակիցդ՝ քո տոհմն քաջ քաջ հայցեմք –
ճերմակաձի Վահագն, լոյս ճառագեա,
սաստեսցէ զմահն՝ պահապան հմայեակ։
—
Յեղանակեսցին բքաբեր չարեաց հողմով ժամանեալ
ձմերունք ձանձրացուցիչն զմերս սրտաց սառնամանեաց,
Քրիստոս փրկիչ մեր, Որդի Աստուծոյ ամենայնի,
Սկզբնահայրն նշանակ սիրոյ եւ ճանապարհ կենաց,
աղբիւր գթութեանց, բոլորից մխիթարութեան, յոյս անկունողաց,
դարձցուսցե մրրկոց սաստկութիւն ի սանձն խաղաղութեան քո,
եւ զչորացեալս տունկն ծաղկեցուսցե առ ի բարին բերկրեալ։
—
Ձյունը եկավ նորից, փակեց ձոր ու կածան,
Հողմերի հետ դժնի դևերս արթնացան,
Օ, Տիրամայր ազնիվ, գորովագութ, լուսե,
Աղաչում եմ դու իմ մեղանչումը լսե,
Դից մի երազումս մերկամարմին, բարակ,
Ինձ թուրմ տվեց բռնիցն ու չքացավ արագ,
Քաղցր էր այն հուր, ինչպես մեղրը վայրի,
Ու այրող էր ինչպես օձի թույնը կայրի,
Արդ պչրում է մարմինս յուր պատկերից չքնաղ,
Հմայաթուրմ էր այն հնոց՝ հավատաքաղ,
Քեզ եմ պատմում վիշտս և ոչ երրորդությանց,
Որ մայրական քնքշով մաշես հուրն այս անանց,
Սրտահան է անում գարնան թախիծն այս լերկ,
Այն Աստղիկն էր չքնաղ ու յուր կոնքերը մերկ։
—
Բքերը ձմեռ են գուժում,
Անտառը դողում է անուժ,
Վառ պահիր լույսդ մուժում
Աչքերս քաղցած են, անու՛շ
Ծոցիկդ բուրյան է բերկրի,
Կենաց ակունքներդ դու բաց,
Կխմեմ հանց հյութը երկրի,
Ամառվա երազով արբած։
Քամեծուփ գիշերվա մթնում,
Տանուտաք ճրագդ թող վառ,
Փառավորված եմ ներս մտնում
Քո տաճար։
—
Մինչ այժմ ասված ամեն բան սուտ է եղել
Ձմեռ։
Ձյուն
Ցուրտ։
Անկելու լավագույն եղանակը հրեշտակների համար։
Ամբոխ, ամեն ինչ ոտնակոխ տուր
Լկտիաբար։
Քո սովը անտակ է,
քեզ համար ամեն զոհ՝ անտեղի,
լրբացած ու դժնի կատակ՝
փող է սերդ դեղի։
Պոետը քո խորթ զավակն է,
պոետը չունի քեզնից մաս,
իմ առջև քո սիրտը փակ է,
Երկի՛ր իմ, իմ երկրամաս։
Կմեռնեմ, կմարեմ, չեմ լինի,
քնարս կլռի առհավետ,
ինչ ասեմ՝ բյուրոկրատիայի ներքինին
ու ծովաբողկս քեզ հետ։
—
Պոեզիան թաքնված ճշմարտության կեսն է,
բայց այն ավելին է մեկնում, քան գովազդը
«Ինտերնետն են անջատել կորպորատիվ շները,
ու օֆլայնում չի ապրցվում մի ձևի,
պերֆերատրով հարևանն է գլուխս լոմում՝
պատուհաններից քամին է ոռնում մի ձենի –
տնեցիք էլ ընդե անհանգստացան,
էս ու՞ր էիր, չէիր երևում բա,
ինչպես ուռին ու բարդին,
գլուխս կախում եմ և իրոք ներող –
ոչ մի լուսավոր Հայաստան,
ոչինչ չի երևում փորիցս անդին։
Չէ՛, օֆլայնում չի ապրցվում մի թավուր –
լրահոսում առանց ինձ է հիմա կյանքը հոսում,
փոստել են էլի Շառլ Ազնավուր
ու ինձնից են խոսում։
Հիմա այնտեղ են բոլոր սիրունները
և խելոքները և շառոտները
և լաչառները և փիսոները,
և սրտիկները և վարչապետս․․․
․․․մամայի արև, նեռվայնանում եմ,
մուծել եմ՝ չեք միացնում,
մի հատ ձո՛ւն գար էլի
կիսաբաց լուսամուտներից․․․
հայոց լեռներին՝
դըժար լեռներին»
—
Վիզ եմ դրել այս տեքստը հանգիկ առ հանգիկ՝
Ամեն ինչ պոեզիա է և բնավ ոչ գլխառադ,
Կասկածող ենք ման գալիս ես ու Mamulyan Gagik-ը,
Չէ՛, իզուր չի էս ամենը, իզու՛ր չի, բռատ։