Հայաստանի էլեկտրական ցանցերին
դիմում էինք գրում, որ գյուղում մեր արտադրած
արևային էներգիան կարողանանք սպառել
քաղաքային հասցեներում,
պարզվեց իբրև պայմանագրի կողմ
ՀԷՑ-ի հետ մենք հանդես ենք գալիս
որպես «Արևային ինքնավար խումբ»։
անկեղծորեն ազդվեցի մի պահ –
իբրև խմբի պատասխանատու
իմ երբևէ կրած բոլոր ինքնություններից
այս մեկն ամենից շատն էր սրտովս –
հուզմունքից ելա փողոց հազալու,
հետո պատկերացրի, թե ոնց եմ
աջ բազկիս հսկա տատու արել՝
արևային ինքնավար խումբ —
չէ՞ որ ամենայն հայոց բանաստեղծի՝
արևի նման նայեցեք աշխարհքին
պատգամի ոգուն հարիր է
դասավորվում կյանքս։