Այնկողմնային պարագաներ

Ինչքան երկար ես ապրում
էս ռեալիթի շոույում, էնքան
ակնհայտ ես տեսնում, որ
էս աշխարհում ամեն ինչ
նման է մեկ այլ բանի։
Մարդ կա, նման է թաք մնացած բաժակի,
որի թայերը վաղուց են ջարդվել,
ու հիմա չգիտի, էդ լավ է,
որ ինքը վրիպել է իր ջարդվելու ժամանակը
թե էդքան էլ լավ չի ամեն դեպքում։
Մարդ կա նման է էյֆելյան աշտարակով բռելոկի
մեյդ ին չայնա, վաճառվում է վերնիսաժում
ֆրանսիականոտ մի բան առանց ֆրանսիայի։
Մարդ կա նման է ծովի փիրուզագույնի
ամեն ինչի հետ նայվում է, բացի վշտից։
Մարդ կա ժայռի ծերպին աճող ալվան ծաղիկ է,
ով մոտեցավ քաղել-ունենալու՝ ոտքը սայթաքեց՝
ձորն ընկավ, միայն հեռվից սելֆի քաշողներին մնաց
իբրև հպանցիկ հիացմունք։
Մարդ կա ուրիշ մարդու է նման,
ուրիշ տեղից ու ժամանակից հայտնի մարդու․
հետաքրքիր է, էն օրը մի մարդ տեսա, ով միանգամից
երկու տարբեր մարդկանց էր նման, մարդկանց
ում հանդեպ տաք եմ եղել տարբեր ժամանակներում
կրկնակի ինտիմությամբ նայեցի երկար,
ինքն էլ նայեց, ասեց՝ ձեր մանրը։
Մարդ կա՝ բենզինով խոտհնձիչի ձայնի է նման
գլխահան անող աղմուկ, որին պիտի դիմանաս
անհրաժեշտության կոմպրոմիսը էսթետիկային։
Մարդ կա նման է գոյություն չունեցող բանի,
էն որ ասում ես՝ սա էս աշխարհից չի,
հուշելով, որ գոյություն ունի
գոյություն չունեցող բաների աշխարհ,
թերևս ամեն մարդ ինքն իր տեսակետից
հենց այդ այնկողմնային պարագան է։
Մարդ կա ձեռքիցդ պլստած ձվի է նման
վախ-վախ, վերջինն էր, հազար ափսոս։
Գիշերը լավ չէի, իջել էի ն․զովք սուպերմարկետ
ֆանտա առնելու, զգում եմ՝ բոլոր գնորդները
մի տեսակ պլշած նայում են դեմքիս,
վերջը, մի ծանոթի հանդիպեցի, որ հարցրեց՝
հո բան չի՞ եղել, Անտաշյան ջան,
մի տեսակ հեչ նման չես քեզ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *