Գրական 2011-ը քարերը նետելու ժամանակն էր

ԵՐԿԻՐ |  20.12.2011
2011-ը գրական առումով բուռն տարի է եղել: Թեեւ 2010 թվականին ավելի շատ լավ գրքեր են տպագրվել, սակայն այս տարի, կարծես, շատ ընթերցողներ գտել են իրենց գրողին:

«Գրանիշ» գրական կայքի հիմնադիր, գրող Կարեն Անտաշյանը, ամփոփելով տարին, նշեց, որ գրական 2011-ը քարերը նետելու ժամանակն էր, իսկ, ահա, 2012-ին պետք է հավաքենք այդ քարերը:

«Տարին լեցուն էր արմատական փոփոխություններով: Եղան հրատարակիչ-գրող համագործակցության դեպքեր, լավագույն գրական մի շարք գործեր թվայնացվեցին, արտասահմանյան գրականությունից թարգմանություններ կատարվեցին եւ գրական շուկան աշխուժացնելու քայլեր արվեցին. գրական դաշտը սկսել է առաջ քայլել»,- ասաց Անտաշյանը:

Սակայն, բացեր, այնուամենայնիվ, կան, իսկ դրանք շտկելու համար անհրաժեշտ է սկսել կրթական համակարգից. «Հեռուստատեսությամբ ոչ մի գրական հաղորդում չունենք: 2012-ին Երեւանը գրքի մայրաքաղաք է, այդ կապակցությամբ տեւական միջոցառումներ կկազմակերպվեն, իսկ ի՞նչ ենք անելու 2013-ին»:

Գրականագետ Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ այս ընթացքում գրական դաշտում ինչ ստեղծվել է` գրական անհատների էնտուզիազմի եւ նվիրվածության շնորհիվ է: Նա վստահեցնում է, որ այժմ մարդիկ կարդում են այն, ինչ հնարավոր է գտնել ինտերնետում. «Հիմնականում փոքրածավալ եւ թեթեւ ժանրի գործեր են կարդում»:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը վստահեցնում է, որ եթե մեր երկրի նախագահը կամ վարչապետը 1-2 աստղիկների համերգի փոխարեն ինչ-որ մի հեղինակի գրքի շնորհանդեսին մասնակցեն, գրքի եւ ընթերցանության նկատմամբ վերաբերմունքը կփոխվի. «Եթե նայենք, թե ինչ միջոցառումների են նրանք գնում, կարելի է ենթադրել, որ մեծ հաշվով` արհամարհում են գիրքը»:

«Երկիր»-ի հարցին, թե ինչպիսին էր 2011-ը գրականագիտության համար, Նիկողոսյանը պատասխանեց, որ ընթացիկ տարում գրողների եւ գրականագետների միջեւ որոշակի կապ է ստեղծվել` այդ երկու ուղղությունները չեն զարգանում իրարից անկախ:

«Կար այդպիսի մի շրջան, երբ գրողները գրականագետներից տեղյակ չէին եւ հակառակը: Ես ուրախանում եմ, որ գրականության ընթացքին բնորոշ օրինաչափությունները կարող ենք վերագրել նաեւ գրականագիտությանը»,- ասաց նա` հավելելով, որ տարին արգասաբեր էր նաեւ իր համար, քանի որ 2011-ին շուրջ 30 հոդված է տպագրել:

Հուսանք, 2012-ը ոչնչով չի զիջի 2011-ին, քանի որ 2012-ի առաջին կեսին կհրատարակվեն մի շարք գրքեր` Հրաչյա Սարիբեկյանի, Կարեն Անտաշյանի, Արքմենիկ Նիկողոսյանի, Հայկ Համբարձումյանի հեղինակությամբ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *