Եվ սերը ասաց. ակնարկ

Առաջինը Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» ժողովածուն կարդացի, չգիտեմ ինչու, երևի շապիկի դիզայնն ամենագրավիչն է, ամենաերկխոսողը, Հուսիկի դեմքն ունի ի վերջո, տպագրության որակն էլ է բարձր, թուղթը թավշյա-մաշկային։ Գիրքն այդպիսին է ինչպես արտաքնապես, այնպես էլ բովանդակությամբ՝ ուզում է հուզած և սիրված լինել, ուզում է ներս թողնես իրեն, ինձ պես ցինիկ սնոբից շատ բան է ուզում )) Գրքի բնաբանում կարդում ենք, որ Հուսիկը մեր օրերի ամենակարկառուն սիրերգակներից մեկն է և միանգամից առաջանում է հիմնարար հարցը՝ արդյո՞ք բանաստեղծը մասնագիտություն է իր նեղ մասնագիտացումներով, եթե այո, ապա արդյո՞ք նա, ինչպես ասենք վարորդն է գնում որոշակի երթուղով վարելու, այդպես գնում է գործի, որ սեր բառի բազմակի հոլովումներով տեքստեր գրի՞, իսկ եթե ոչ, և չենք մոռանում բանաստեղծի տվածուրիկության կանխավարկածը, ապա ինչո՞ւ է մեկին շատ տրվում սիրո հոլովումներ, մյուսին՝ ուրիշ բաներ, ես օրինակ ֆեյսբուքյան լրահոսի ունայնությունից եմ շատ գրում, ուրեմն մեծ գաղտնիք չկա, ուղղակի ամեն հեղինակ ավելի շատ նրանից է գրում, ինչ քաքի մեջ որ է տևական ժամանակ, այսպիսով սիրո թեման իբրև ավելի բարձր լինելու հարցը դնում ենք մի կողմ, բայց ոնց դնենք, եթե մի ամբողջ գիրք սիրերգեր են մեզ մատուցված։ Խորանում ենք թեմայի մեջ՝ գիրքը կյանք ապրած մաեստրոյի ու իր անորսալի մուսայի հարաբերությունների մասին է, պոետը և իր մուսան դասական, անգամ կանոնիկ հարաբերություններ են, ՕՔ։ Հետաքրքիր է, որ մարդու ուղեղի կառուցվածքի բերումով պատկերները էքսպրեսիվություն են ձեռք բերում, եթե իրենք բացի իրենց ուղիղ իմաստը, նաև մեկ այլ բան են նշանակում, իրենք իրենց չեն ներկայացնում այլ իրենց ենթատեքստը, հարակից պատմությունը, դա մեր հիշելու կերպն է, ասենք խնձորն ուղղակի խնձոր չէ, Եվայի գայթակղությունն է, նյուտոնի գլխին ընկածն է, այֆոնի նշանը և այլն։ Պոեզիան լիուլի շահագործում է այս ֆիզիոլոգիան։ Հուսիկի գրքում այդ միջանկյալ փոխաբերությունների համակարգը աստվածաշունչն է։ Իհարկե ապասեռական կամ մոնոսեռական կրոնական տեքստերի միջնորդությամբ կնոջը սիրերգելը, երբեմն անգամ խիստ մարմնական սիրերգելը մի տեսակ հետաքրքիր կոնտրաստ է ստեղծում, եթե չֆիքսվենք այդ միջոցի անհնարիին վաղեմության վրա, մանավանդ տեքստերի ընդհանուր էպիկական ոգին և շումերական ծիսական բանաձևերի ու երգ-երգոցի առկա հղումները ուղղակիորեն բացահայտում են բանաստեղծման մոդելի աղբյուրը։ Միայն երբեմն, երբ պոետի սիրավառ եթերային տենչանքները հանկարծ վերածվում են էրոտիկ գրոտեսկային ֆանտազիաների՝ տեքստերը ձեռք են բերում մի տեսակ արդի հավաստիություն, ինձ իրապես դզում են այս գրքի հենց այդ կտորները։ Հուսիկը չի սիրում հանգստանալ իր պոետական գործից, չի սիրում կասկածել իր գործի, անելիքի վրա, նրա իրապես պոետիկ խառնվածքն ու կերպարը ամեն օր, ամեն տողից ուզում են պոետիկություն քամել, ամեն բանաստեղծության մեջ փորձում են համապատասխանել ինչ-որ տրված, ակնհայտ չափանիշների, որոնք նախադեպային են, առնվազն իր կողմից նախկինում ստեղծվածի հանդեպ, ուզում են բարձր լինել, սա իր ամենախոցելի տեղն է։ Բայց գիրքը հաստատ անուշ ներկայություն կարող է լինել այդ բառի էպիկական իմաստով՝ սիրահարված մարդկանց համար, նաև նրանց համար, ովքեր հավատում են սիրո աբստրակտ զգայականության գերազանցությանը կենդանական սեռականության հանդեպ, իսկ ամեն ոք, կյանքում առնվազն մի սեզոն լինում է դրա մեջ, այնպես որ՝ բարի ընթերցում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *