Երգչախումբը ցրվել է․ ակնարկ

Ավագ Եփրեմյանի «Երգչախումբը ցրվել է» ժողովածուն շապիկի դարձերեսով եմ դնում, քանի որ այն ավելի լավ է արտահայտում գրքի տրամադրությունը։ Գրքից ունեցած զգացողություններս հակասական են, բայց փորձեմ մեկնաբանել։ Ավագը ինձ համար Նարեկացու արդի ռեինկարնացիան է, ողբագրության գեղագիտությամբ չեմ հիշում էլ ով է հայ իրականության մեջ այդպիսի կատարելության հասել, ուղղակի, եթե Նարեկացու մոտ ողբը կոնկրետ բարձրայլի մոտ քավություն հայցելու, այսինքն ամեն դեպքում փրկության հույս ունի, ապա Ավագի մոտ դա նույնպես չկա՝ մարդկային գոյության էքզիստենցյալ հուսահատությանն ու անմնացորդ դատապարտվածության ողբերգությունը ներկայացնել այսքան մռայլ-իրեղեն, այսքան ազդու․․․ ինձ առհասարակ միշտ զարմացրել է դրամայի էսթետիզմը, միայն մարդն է ունակ տառապանքն ու գեղեցիկը այսքան վարպետորեն համադրելու, գեղեցիկը, որ իր ակունքում էրոտիզմն իմա կյանքն է կրում և անելանելիության դրաման, որ իր մեջ մահվան սերմն ունի՝ այսպես բերել մեկ բանաստեղծական կամ գեղարվեստական այլ մարմնի մեջ դնել։ Ավագի նկարագրած իրականության չափումն իր ծանրությամբ անգամ ինձ պես բայ դեֆոլթ թռվռուն մարդու կենսախնդությունը ունակ է կոտրելու, այ էդքան հավաստի է ու գործուն։ Տող առ տող, տեքստ առ տեքստ առաջանալով, քեզ թվում է թե մոտենում ես սև խոռոչի՝ ինքն իր մեջ մինչև վերջ փակված տարածաժամանակային չափումի, որ ոչ մի կերպ քո առաջ բացվելու, քեզ հետ հարաբերվելու ցանկություն չունենալով՝ երևակվում է միայն քո ինքնությունը քանդելու իր ահարկու ուժով և որքան շատ ես մոտենում, այնքան շատ են քանդվում իմաստները, ձևերը, գոյը, ամեն ինչ, ինքն էլ քանդվում է իր սեփական ծանրության տակ, տեքստը գնալով կտրվում է իմաստ արտահայտելու կարիքից ու դառնում է դատարկ ռիթմ։ Բարձր տեխնիկական վարպետությամբ գրված տեքստ է, ու եթե անգամ չես հասկանում ինչն ինչու ու ինչպես է անում, գոնե կանխազգում ես, որ իր երկխոսությունը պոեզիայի մեծերի հետ է՝ գուցե Պաստեռնակի, Մանդելշտամի, Բրոդսկու, նրանց հետ է երկխոսում ու նրանց է հաշվետու, դու հաշիվ չես։
Ինչ ասեմ, եթե սովոր եք Նեթֆլիքսի ժամանցային նուառով ձեր տաղտուկ առօրէականությունը մի թեթև ցնցելու, ապա քաջություններդ հավաքեք ու մտեք էս գրքի մեջ, տեսեք, թե նուառը որն է, դրա իրականը հեչ էլ ժամանցային չէ )) Եթե գրքի էլեկտրոնային տարբերակը ձեռքս ընկնի, առաջինը, կարծում եմ ctrl + f կանեմ ու մահ բառի քանակը կհաշվեմ գրքում, իսկ էս տողերը մեխվել դուրս չեն գալիս՝

Խաղալիք թավուտներում՝ անել,
Ես մի լազուրե անձավ ընկա․․․
Մի՞թե հիրավի իրական եմ
Եվ իրապե՞ս էլ մահը կգա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *