Ընկերության մասին

Էն օրը մեկը առաջարկեց ընկերների մասին բանաստեղծություն գրել, չգիտեմ խի )) Հիշեցի, որ մի անգամ եսիմ երբ գրել եմ՝ սրտալի ու սրտաճմլիկ, թախծոտ էքստրեմիզմի ոգով մի բանաստեղծություն, թերևս ոգեշնչված ընկերության պատանեկան ընկալումից, էն որ ընկերներիդ խումբը միակ տեղն է համատարած օտար ու քեզ չհասկացող աշխարհում ու անվերջ կայֆ է միասին գտնվելը, միասին կատակելը, ուտել-խմելը, զըրըցելը, երգելը, գզմռտվելը, զվռնելը, պաշտպանվելը, հարձակվելը։ Բայց սա թերևս կիսատ ու թերհաս հարաբերության ձև է, քանի որ ընկերովի ապրվող ամենակարևոր զգացումը միայն գալիս է հասուն տարիքում կայացող իսկական ընկերության հետ՝ դա իրարից և առհասարակ ձանձրանալն է։ Այս է ճանաչողության ու ընկալունակության էն անդառնալիության կետը, որից հետո միասին ապրածի, տեսածի, խոսացածի, ծաղրածի, կերածի, խմածի, վիճածի, սիրածի ողջ համատեքստը նեյրոնային ցանցերի ինչ-որ աննախադեպ բարդ կծիկ դառնալով ունակ է էս աշխահի տակին գոյություն ունեցող ցանկացած գաղափար, ցանկացած պատում ու ցանկացած իմատ վայրկյանների ընթացքում կազմաքանդել առ ոչինչը՝ արտածելով համատիեզերական ձանձրույթի մոխրագույն քուլաներ։ Սա իրականությունը, իրականության լավի ու վատի գնահատականը, իրականության զգայական ու նրբիմաստ քմայքները անողոք սնկարմատի ախորժակով քայքայող ու մարսող սուպերհմուտ ստամոքսն է, սա զրոյանալու հողանցումն է, սոցիալական հիերարխայում գոյացրած ինքնահավանության պատրանքներից կլպվելու անվրեպ մեքենան, որի մեջ նետվում ես ինքնակամ ու հաճելիորեն։ Ձանձրաստան։ Միասին խորապես և հիմնավորաբար ձանձրանալու եռանկյուն, քառանկյուն, հնգակյուն կամ իննանկյուն հարաբերությունների փակուղի, վերջաբանի չքնաղ անելանելիությանը շուտափույթ հասնելու անգրառելի բանաձև։ Ահա թե ինչ է իսկական ընկերախումբը և իսկական ընկերությունը՝ ոչ միասին անցենզ հռհռալու թողտվությունը և ոչ էլ իրար նեղի մեջ հարեհասելու բարոյական գործարքը։ Չէ։ Ամենակարևոր իրավունքը, որով օժտում ես դու այդ ձեռքբերովի մարդախմբին և որով օժտում են նրանք քեզ՝ իրար անտենալիության չափ ձանձրացնելու իրավունքն է, որովհետև, եթե կա մի կարևոր ու էական բան, թանկարժեք գոհար՝ բլթոցների անկապ ավազով լեցուն էս անապատ աշխարհում ու եթե կա այն որոնելու մարդկային ի ծնե կամքը, ապա գտնելու փնտրտուքին կարելի է ելնել միայն ձանձրացկոտի քթիմազ մաղով զինված։ Եվ ընկերախումբը հյուսում է այն քեզ համար։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *