Ձնեմարդու ավետարանը / ակնարկ

Հղվող իմաստությունների մեջ անձնապես ապրվածն եմ գնահատում, պատմվող բաների մեջ՝ ինձ հետ կապ ունեցողը, մարդու մեջ ինքն իրեն նման լինելն եմ գնահատում, իսկ թիապարտ ընկերոջ մեջ՝ ինքնահեգնանքը, սուր լեզուն, որ ինքն իրեն չխնայելու գնով մեզ մեր մեջ արթուն է պահում։ Ահա այս բոլոր հատկությունները միասին, մեկտեղված են Տիգրան Պասկեւիչյանի «Ձնեմարդու ավետարանը» գրքում – տեքստերի, որ ընդհուպ մոտենում են իսկական բանաստեղծության մասին իմ պատկերացումներին ու նաև այդ պատճառով առանձնահատուկ թանկ են ինձ համար։ Իսկ ինչն եմ գնահատում բանաստեղծության մեջ՝ ծագում է բնական հարցը։ Իմ անձնական ընկալմամբ ու համոզմամբ իսկական բանաստեղծությունը հենց հիմա տեղի ունեցող կյանքը խոսելու այն կերպն է, որը վրիպում է մնացած բոլոր խոսույթներից՝ քաղաքական, իրավաբանական, տնտեսական, սոցիալական, կրոնական, կենցաղային, գիտական, մարքեթինգային, մշակութաբանական, գովազդային, լրահոսային, լրագրողական, փաստաթղթային՝ բոլոր բոլոր էդ խոսույթները որ էլի մարդկային կյանքի որևէ ոլորտի կազմակերպման կարիքից են ծնված ու բարեկեցության արտադրության իրենց ասպեկտն ունեն, մեկ է վրիպում են մարդու էքզիստենցյալ ինքնության մասին հավաստի բան հայտնելու ամենախորքային գործառույթը և ահա գալիս է բանաստեղծը, ի դեպ գալիս է չսպասված ու անկոչ հյուրի պես, որովհետև իր համար այլևս ոչ ապրելու տարածք է մնացել, ոչ երևալու տեղ, ոչ գոյատևելու հաստիք, գալիս է որ մարդկային լեզվով, առանց վրան մի բան ծախելու կանխամտածվածության՝ խոսի մարդուց, խոսի էս ամբողջ միֆական վազվզոցի մեջ թանձր կուտակվող ձանձրույթից` մեր գոյության էդ ամենաթեթև ու ամենաանկոտրում շղարշից, ձնեմարդու տեսանկյունից խոսա ձմեռվա գեղեցկությունից ու հուսահատությունից, պարտության անխուսափելիությունից խոսա իբրև ներկա շարունակական, ներկայություն լինի, հետդ լինի։ Եվ այդ ամենը կառուցի՝ էն վերևում թվարկված բոլոր խոսույթներում պտտվող բառերի, գաղափարների ու հանգամանքների լեգոներով, ուղղակի քանդելով ու ճիշտ կամ միգուցե ծուռ համադրություններով վերաշինելով – ոչ թե մի նոր բան կցոնի, այլ ուղղակի հրահրի ճեղք, խոռոչիկ, որի միջով բաներ են երևում, իսկական բաներ, մատրիցայի կոդը ասենք։
Վերջին տարիների ամենաուժեղ բանաստեղծական գրքերից մեկն է՝ գրված պոետական անսեթևթ, բայց հարուստ լեզվով, թանձր հումորով ու կենսական իմաստությամբ, և այն անպայման պետք է կարդալ արդի հայ պոեզիայի քաշը զգալու համար։ Ի դեպ, Գերմանի մահվան տխուր առիթով էս օրերին շատ հրապարակվող Տիգրանի բանաստեղծությունը նույնպես այս գրքից է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *