Երևան / Նյու Յորք. ակնարկ

Մարինե Պետրոյանի «Երևան / Նյու Յորք» բանաստեղծությունների ժողովածուն որոշել էի կարդալ ամենավերջում, զուտ, որ մնացած գրքերը կարդալ-վերջացնելու մոտիվացիաս չմարի․ մոտավորապես կանխազգում էի՝ ինչ սպասել այդ գրքից, բայց գիտեք, մի տեսակ տրամադրություն է լինում, էն որ հստակ զգում ես, որ ժամանակը չափազանց քիչ է, ժամանակն առհասարակ ու կարող է չհասցնես ամեն ինչ անել, դրա համար պետք է շտապ անցնել ամենակարևորին և ․․․ ուտել ծնունդի վերջում մորթվելու սպասող տորթի վրայի մորին )) Մարինեն էլ է այդպես գրում՝ պարզ, միանգամից ամենակարևորը, առանց խուճուճ իմաստասիրական ու փոխաբերական ոլորանների։ Գլխանց ասեմ, եթե էս ամբողջ տրցակից երեք բանաստեղծական ժողովածու ընտրելու լինեմ՝ մեկը այս գիրքն է լինելու։ Կարդացի ուշադիր՝ աշխատելով ոչինչ բաց չթողնել, կարդացի ու սիրտս լցվեց, ոչ միայն բուն գրքից, այլ նաև էն մտքից, որ մեր ժողովուրդը հենց հիմա ապրում է Մարինե ունենալու փաստից անտեղյակ, ու էդ Մարինեի ողբերգությունը, չի, պոստմոդեռ արտիստը քիչ-քիչ սովորում է ապրել իր մարգինալության հետ, էդ հատկապես մեր ժողովրդի ողբերգությունն է, որովհետև իր հետ այսօր ապրող բանաստեղծի տեսած, տեքստի մեջ ազատագրած ու գրած երկիրը ոչ վաղն է գալու, ոչ անգամ վաղը չէ մյուս օրը, ինչպես օրինակ Հովհաննես Գրիգորյանի ժամանկը հա չի գալիս, հա վրիպում է։ Էդ դեռ հեչ, մի կողմից էլ ֆեյսբուքյան մաքրամոլ սնոբները հաճախ հեգնում են նրա տեքստերը ու դարձնում սխալ շեշտադրումներով քննարկման առարկա հիմնականում հղում անելով դրանց ոճային պարզունակությանը։ Մարինեն անշփոթելի ոճ ունի, էդ մարդկանցից շատերը անգամ սեփական սելֆիում իրենք իրենց նման չեն՝ ուրիշին են նման, իսկ Մարինեի տեքստն այնքան ինքնատիպ է ու ինքնուրույն, որ դժվար թե շփոթես ուրիշ հեղինակի հետ։ Մի կողմից, իհարկե, միայն փոփոխությունների տատանումը որսալու վրա ծրագրավորված մեր ուղեղը սկսում է քնել տեքստից տեքստ, անգամ գրքից գիրք անցնող այդ կանոնիկ ոճավորման տակ, բայց հիշեցի Մարինեի սիրած Նյու Յուրքից՝ նկարիչների մասին պատմող մի ֆիլմ, ուր մի նկարիչ Նյու Յորք էր եկել քսան տարի առաջ առանց մի կոպեկ փողի, սկսել էր մի տեսակ գունավոր քառակուսիներ նկարել, հետո կարողացել էր վաճառել ու հիմա մի ամբողջ արվեստանոց ունի լիքը օգնականներով, որ առավոտից երեկո արդեն քսան տարի էդ քառակուսիներն են նկարում։ Հասկացա, որ աշխարհն էսօր չափազանց գերհագեցած ու բազմաձայն է նույն արտիստին մի կյանքի մեջ երկու ձայնով խոսելու շռայլություն տալու համար։ Այստեղ ծագեց նաև բանաստեղծության ֆունդամենտալ հարցերից մեկը՝ բանաստեղծը բան պատմողն է, թե բան պատմելու կերպերի հետ խաղացողը։ Այն ինչ մենք համարում ենք Մարինեի բանաստեղծություն, հենց էդ ինքնատիպ խոսվածքն է, էդ ինտոնացիան, որ խոսում է այն ձայնով, որով մտածում է ու զգում, խոսում է միայն իր հետ պատահածից միայն այն բառերով, որոնց իմաստը հասցրել է հասկանալ, առանց ճոռոմաբանելու, մեծախոսելու ու չարաշահելու շաքարով հարուստ վեհը։ Դրա համար էլ այդ տեքստը հավաստի է ու ամեն տեքստի մեջ մի հատ բաց, ցավացող նեռվ կա, մարդկային ունիվերսալ էության մեջից միանգամից բացված նեռվ, որից ամերիկացին էլ ունի, հրեան էլ, ռուսն էլ, հայն էլ։ Մարինեն նաև քաղաքացի է, պատմական իրադարձությունների ապրման էդ էլի շատ հավաստի մարդկային դիտանկյունը, որով մենք տեսնում ենք Մարինե քաղաքացուն ու մեր ապրած համատեղ ժամանակը՝ էդքան էլ քաղաքական չի, կոլեկտիվ ապրումի համատեքստից դուրս՝ մեկ մարդու ինքնորոշման պատմությունը նույնպես խիստ էքզիստենցյալ է ընկալվում։ Իմ կարծիքով գրքում լրիվ ավելորդ է վերջին՝ Կոմունիզմը որ չեկավ շարքը, այն կտրուկ տարբերվում էր մնացած տեքստերի այ էդ ներքին դիսկուրսի տրամաբանությունից ու ավելի շատ մի ձև բանաստեղծականացված ռեֆերատ էր Մարքսի կապիտալի և կոմունիզմի ուրվականի թեմայով, լրիվ ուրիշ կինոյից էր։
Ի վերջո, խորհուրդ եմ տալիս ոչ միայն կարդալ գիրքը, այլ նաև ունենալ տանը՝ ժամանակ առ ժամանակ վերընթերցելու համար։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *