Վերջերս ինձ հրավիրել էին Այբ ավագ դպրոց` աշակերտների հետ հանդիպման: Մինչ այդ երբեք այդ տարիքի լսարանի առջև հանդես չէի եկել. ինձ համար շատ անսովոր էր ու կաշկանդող այն միտքը որ չեմ կարող ասել այն ինչ ուզում եմ և ինչպես որ ուզում եմ: Այստեղ հարցը բոլորովին էլ ցենզուրային չի վերաբերվում: Շատ դժվար է տարիների մասին խոսել մարդու հետ, ով տարվա չորս եղանակներից առայժ միայն երկուսն է տեսել: Ինձնից երիտասարդ մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններս զարգացնելու համար որոշեցի գրել այս ասույթների շարքը, մի ժանր, որը շատ են սիրում հանձնարարել խստաշունչ ուսուցչուհիներն իրենց աշակերտներին` անվերապահորեն սերտելու համար: Միակ բանը, որ հորդորում եմ ձեզ այս մտքերի ընթերցանությունը հանձնարարելուց առաջ` երբեք անգիր չսովորեք դրանք և ընդհանրապես` աշխատեք հնարավորինս քիչ անգիրներ սովորել, որովհետև մտքերի և ապրումների համար անգիր արված բառերը խանգարող պատնեշներ են:
Եղիշե Չարենցի մասին
Չարենցը արևին նետված քարի լկտի, բայց ասպետական համարձակությունն է, Չարենցը քար է, որի մեջ արյուն կա:
Ասույթ ասույթներ հորինելու մասին
Հենց հիմա քաշիր վարագույրը պատուհանից ու նայիր երկնքին. ինչ պատկեր էլ որ դու տեսնես, հաստաատ կարող եմ ասել, որ այն հրաշալի մի տեսարան է, որն էլ երբեք չի կրկնվելու: Ճիշտ այնպես, ինչպես ամպերն ու լույսն ամեն վայրկյան անկրկնելի գեղեցիկ պատկերներ են հունցում, այնպես էլ մարդկային միտքը անվերջ կարող է անկրկնելի գաղափարներ ու ապրումներ խմորել: Եթե մի քիչ կենտրոնանաս ու դրանք ձևակերպես քո իմացած բառերի մեջ` անպայման կստացվեն ասույթենր: Փորձիր հորինել քո առաջին ասույթը ձմռան վերջին օրվա մասին:
Արդարության մասին
Արդարությունը հավասար պայմանների երաշխիքն է հավասարների և անհավասարների համար:
Ուսուցչի մասին
Չնայած, որ դու ծնվել ես ընդամենը մեկ-երկու տասնամյակ առաջ, քո տարիքը շատ ավելն է. հավանաբար մի քանի միլիոն տարուց ավելի, որովհետև յուրաքանչյուր կենդանի առանձնյակ իր նախնիների շարունակությունն է ու ինքն իրենով ոչ սկիզբ է և ոչ էլ ավարտ: Բայց նախնիների շարունակությունը լինել չի նշանակում միայն լինել նրանց գեների կրողը, նշանակում է նաև լնել նրանց գիտելիքների ու հմտությունների մի մասի կրողը, բայց այսպիսի տեղեկությունները գեներով չեն փոխանցվում և ի հայտ է գալիս ուսուցչի անհրաժեշտությունը: Ուսուցիչը մեկն է, ով քեզ կդարձնի մի քանի միլիոն տարեկան ընդամենը մի քանի տարում:
Մայրենի լեզվի մասին
Մայրենի լեզուն այն լեզուն է, որով խոսում է իմ մայրիկը: Այդ ամենահարազատ լեզվի տեսակը մայրենի է կոչվում հավանաբար այն պատճառով, որ սկզբից (ամենասկզբից), խոսել սովորել են հենց մայրիկները, այլապես ո՞վ պիտի մեզ խոսել սովորեցներ: Հիմա կհարցնեք, բա ինչո՞ւ հայրենի լեզու չի լինում. Կասեմ` ճիշտ նույն պատճառով, ինչ պատճառով որ չի լինում մայրենի հող: Այստեղից կարելի է ենթադրել, որ հողն առաջինը հայրիկներն են մշակել: Մայրենի հող եթե լինում է, ապա միայն վատ բանաստեղծություններում, այսինքն` չի լինում:
Ասույթ գրքերի մասին
Գիրքն ինչ-որ մեկի (կամ ոմանց) խոսք դարձած մտքերի հոսքի պայմանական միավորն է` պատմականորեն հաստատված ամենալուրջ միավորը: Որպես օրինակ ասեմ, որ այս ասույթը նույնպես մտքերի հոսքի խոսք դարձած պայմանակն միավոր է, բայց ոչ այնքան լուրջ, որքան գիրքն է: Քիչ գրքեր կան, որ նույնքան բնական ու անհրաժեշտ են, որքան մեղրը կամ հացը. ցավոք գրքերի մեծամասնությունը ժամանկի հետ նույնքան անպիտան են դառնում որքան արհեստածին նյութերից շատերը, այնպիսիք` ինչպիսիք օրինակ կոլան ու ասպիրինն են: Սակայն ինչպես այդ նյութերն իրենց ժամանակի համար, այնպես էլ վերոնշյալ գրքերը` շատ կարևոր են ու աղմկահարույց և նրանք նույնպես արժե կարդալ (իհարկե փոքր չափաբաժիններով` առողջությունը շատ չվնասելու համար):
Տան մասին
Տունն այնտեղ է, որտեղ հայրիկն ու մայրիկն են ապրում:
Բժիշկների ու ծառերի մասին
Բժիշկը էտում է ծառի մեռած ու հիվանդ ճյուղերը և առաջիկա գարնանը ծառը ապրելու նոր տարածություն կգտնի, լավ բժիշկը նաև ջրում է ծառի արմատները կենարար հեղուկով, որ ծառը սնվելու աղբյուր ունենա, երբ գա կանաչելու ժամանակը, իսկական բժիշկը նաև փաթաթվում է ծառին ու խոսում նրա հետ, երբ երկարում է ձմեռը ու նաև առանց հատուկ առիթների, որովհետև ծառերը չափազանց միայնակ արարածներ են:
Ծառերի մասին
Ծառերն այս երկրագնդի վրա ավելի վաղուց են ապրում քան մարդիկ և ավելի վաղուց քան դինոզավրերը: Նրանք լռում են իմ չտեսած դինոզավրերի մասին… ինչպես որ իմ մասին են լռելու եսիմ ում համար: Ուզում եմ մտածել, որ երկարակեցության գաղտնիքը լռելու ունակության մեջ է:
Ջրի մասին
Ի՞նչ են մտածում թուջից արարածները թուջի մասին` իհարկե ոչինչ, որովհետև թուջից արարածներ չկան` առավել ևս մտածող, կան միայն թուջե իրեր: Իսկ ի՞նչ են մտածում ջրից արարածները ջրի մասին… ամենահրաշալին այն է, որ դու հենց հիմա մտածում ես:
Հացի մասին
Հաց ուտել, նշանակում է ուտել ընդհանրապես, բայց ուտել չի նշանակում անպայմանորեն հաց ուտել: Հաց ուտել, նշանակում է ուտել ուրիշ մարդկանց հետ և դա նրանց սիրելու մի ձև է: Հաց վաստակելն այն նվազագույնն է, ինչին դու պարտավոր ես հասնել քո կյանքում, բայց հիշիր, որ դա ամենևին էլ փոխաբերություն չէ: Կա տեսակետ, որ քո հացի իրավունքից առավել ունեցած ամեն ինչ ուրիշի հացի իրավունքի խախտումն է, իմ կողմից ավելցնեմ` ունեցածդ հացը ուտելու համար մասնատելիս` միշտ քեզ պահիր միայն այն կտորը, որը կուտես առանց մնացորդի. դրանից առավել ոչինչ քոնը չէ, քեզ մի պահիր ավելորդը:
Միսաք Մեծարենցի մասին
Մի անգամ գյուղում, ոչ այնքան լավ տեսախցիկով, լրիվ պատահականորեն, պարապությունը ցրելու համար` մայրամուտ նկարեցի: Երբ նկարը տպեցի, այդ մայրամուտից շատ օրեր էին անցել: Նայում էի ու չէի հավատում, որ այդքան գեղեցիկ մայրամուտ է եղել, բայց ինպես այն չեմ նկատել, ինչպես եմ բաց թողել այդ հրաշալի վայրկյանները, որոնք երբեք այլևս չեն կրկնվելու: Ինձ մայրամուտի նկարն է մխիթարում… Մեծարենցը հայ գրականության ամենափառահեղ մայրամուտներից մեկն էր և ինչ հրաշալի է, որ այն գրառվել է:
Վահան Տերյանի մասին
Վահան Տերյանին կարդալուց հետո քո կյանքի բոլոր աշուններին դու անպայման հիշելու ես իրեն: Թեկուզ այդ աշնանն ահավոր զբաղված լինես քննություններով կամ աշխատանքով, թեկուզ ծառերը չգունավորվեն, տերևաթափ չլինի, անձրևներ չտեղան ու բոլորովին էլ սիրահարված չլինես, ես քեզ խոստանում եմ, որ քո կյանքի բոլոր աշուններում դու անպայման հիշելու ես Վահան Տերյանին` կարդալուց հետո, որովհետև նա գրել է այն ամենն ինչ դու գիտես աշնան մասին, բայց անկարող ես առանց իրեն դիմելու բացատրել: Դա երբեմն ծիծաղելիության չափ ակնհայտ է:
Հայոց լեզվի մասին
Հայոց լեզուն հայերի լեզուն է, բայց բոլոր հայերի լեզուն չէ, որ կարելի է անվանել հայերեն: Իսկ ինչո՞ւ է կարևոր, որ մեր լեզուն հայոց լեզուն լինի: Շատ պարզ պատճառով` կան շվիի համար նախատեսված մեղեդիներ, որոնք պարզապես անհնար է նվագել շեփորով: Այսինքն, եթե դու շվի ես և ոչ թե շեփոր, ապա բարի եղիր շվիի համար նախատեսված մեղեդիներ նվագել, որ իրական հնչես: Միայն քոնը սերտելուց հետո կարող ես փորձարկել նաև հնչողությունդ որպես շեփոր կամ սաքսոֆոն. կարծում եմ հետաքրքիր փորձարարություն կլինի:
Խելքի մասին
Շատ էական տարբերություն կա այն ամենի միջև ինչ դու գիտես և այն ամենի` ինչ կարող ես: Հավանաբար խելքն այն է, ինչ դու գիտես և կարող ես միաժամանակ:
Հովհաննես Թումանյանի մասին
Աշխարհը լիքն է գաղտնիքներով և ամեն մի բացահայտված գաղտնիք իր հետ բազմաթիվ նոր գաղտնիքներ է բերում: Կախված նրանից, թե դու որ աստիճանի բարդության գաղտնիքներն ես բացահայտել` այնքան խորն է քո` աշխարհի, մարդկանց և ինքդ քո ընկալումը: Կան մարդիկ, որոնք անհավանական խորունկ տեղեր են հասել իրենց բացահայտումներում, այնքան հեռու տեղեր, ուր մենք երբեք չենք լինելու և մի առանձին հաճույք է նրանց բացահայտումներին հետևելը, որովհետև նրանց մեկնած գաղտնիքները միայն ու միայն հեշտացնում են կյանքը: Հովհաննես Թումանյանն իմ ճանաչած այն մարդկանցից մեկն է, ով հասկացել է կյանքի ու մարդկանց մասին շատ կարևոր ճշմարտություններ, որոնք կարող են լապտերի պես լուսավորել ճանապարհդ, երբ մոլորվել ես ու չգիտես ինչ անել:
Հայրենասիրության մասին
Հայրենիքի մասին դուք շատ հաճախ կլսեք հենց հայրենասերներից, այո կան այդպիսի մարդիկ, որոնք ուզում են ի լուր աշխարհի հայտարարել, որ իրենք ունեն հայրենիք և որ խելքից դուրս սիրում են այն: Իսկ դուք երբևէ հպարտացե՞լ եք ընկերների մոտ, որ ունեք քիթ և ավելին, որ դուք խելքից դուրս սիրում եք ձեր քիթը` մի առանձնահատուկ նուրբ սիրով` իհարկե ոչ: Նույնիսկ երբ գիտակցում եք, որ առանց իրեն անհնար կլիներ շնչելը, նույնիսկ երբ ֆուտբոլի գնդակի հարվածից այն արնահոսում է և հայտնվում բոլորի հոգատար ուշադրության կենտրոնում` անիմաստ է նրա հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքի մասին հայտարարել ի լուր աշխարհի: Թերևս դա կարելի է անել միայն մեկ դեպքում` եթե մասնակցելու եք տարվա լավագույն հայկական քիթ մրցույթին և կարիք ունեք ձեր քթի ազգագրական նրբագեղությամբ հիացողների հնարավորինս շատ հետևորդներ հավաքելու:
Մայրիկի մասին
Մեր կյանքում կա մի հրաշալի ժամանակ, երբ մենք մենակ չենք` մայրիկի հետ լինելու ժամանակն է: Սրտի դողով վայելեք այն, որովհետև չկա ավելի անհուն տխրություն, քան ժամանակի մնացորդն առանց մայրիկի:
Կարդացեք նաև`
Ասույթներ դպրոցական ծրագրի համար (2-րդ թողարկում)
Լավն են