Ալգոռիթմ

դիտարկել այրվող անտառը,
տագնապել՝ հետևել լայքերին,
նկարել Բուռչոյի մոտ շաուրման,
ծաղրել՝ հետևել լայքերին,
վերապրել էպիկ մայրամուտը,
պապանձվել՝ հետևել լայքերին,
ընթերցել մահացու ելքերը –
պատվաստում, հրազեն, չաքուչ,
գաղափար, քլունգ, շահեր, քաղց,
Տույի վախճանը տույաների տակ
վերլուծել՝ հետևել լայքերին,
վիճարկել ինքնության սահմանները,
խիզախել՝ հետևել լայքերին,
էսինչը էնինչին էնինչտեղը էն որ,
բամբասել՝ հետևել լայքերին,
սազացնել, մոտարկել, բզբզալ,
ձանձրանալ՝ հետևել լայքերին,
անցնել Ռուբիկոնը, Բիլին սպանել,
կարոտել Կարսը՝ հետևել լայքերին,
մուլտիկում անկապ նկատել
չարագործ սևավոր թագուհու
քայլելուց թրթռացող կուրծքը,
բոցվել՝ հետևել լայքերին,
սպառել, սպառել, սպառել,
ռեվյու թողնել՝ հետևել լայքերին,
հրահրել ֆոտոքուլ վիճակներ,
երևալ՝ հետևել լայքերին,
մտմտալ, կաթնոտել, դղրդալ,
ակնարկել՝ հետևել լայքերին,
ենթադրել Ջոյս, շվշվալ Բախ,
մեջբերել՝ հետևել լայքերին,
ելնել լյառը Մասիս, թռնել Հռոմ,
պատվիրել լոբստեռ, գինի՝
հևիհև հետևել լայքերին,
ջուրը քաշել՝ հետևել լայքերին,
հետ դառնալ՝ նորից քաշել,
ու մի օր էլ պաղ հանգած մի օր
գիշերվա անսամթ մթնում հանկարծ,
երբ մենությունն է սիրտդ քերում,
մենությունն անհատնում, անանց,
սարսափով արթնանալ,
անհապաղ կոտրվել հուսահատ
ու թմրել, թմրել լայքերում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *