«Ապրումակցում & Co» բարբըրշոփ

Էս պատմությունը լավ վարսավիրի մասին չի, քանի որ բոլոր լավ, պռադվինուտի վարսավիրները հիմա իրենց անվանում են բարբըր, վարսավիրանոցներն էլ` բարբըր շոփ։ Հանուն անկեղծության պետք է ասեմ, որ երբեք իրեն բարբըր համարող վարսավիրի մոտ չեմ եղել, նախ որովհետև հանուն թրենդային համապատասխանության պատրաստ չեմ 200% գերավճար անել նույն ծառայության դիմաց, հետո էն սերնդից եմ, ում համար ակնհայտ խնամվածությունն ու տղամարդկությունը չգիտես ինչի հականիշներ են (էս կարծրատիպը հիմա չի գործում, քանի որ Սաքոն էն օրն ասում էր, որ տղամարդկանց մորուքի յուղերի բիզնես է մտածել ու համոզված է, որ Հայստանում կաշխատի, շշմելու բան), մյուս պատճառը՝ անխուսափելի ու կենցաղային համարվող հոգսերի պլանավորման հարցը միշտ թերագնահատել եմ՝ չհասկանալով, որ կյանքն իրականում էդպիսի հոգսերի անվերջանալի շարք է։ Այսպես՝ տարիքիս անցյալ տասնամյակում գնում էի մի 70-ն անց վարսավիրի մոտ, ով իր հաստ ակնոցների տակից դեմքս էր հազիվ տարբերում, ուր մնաց կանտովկիս գիծը ուղիղ հաջողացներ․ ինքը նույն սովորույթի ուժով գալիս էր գործի, հիմնականում շաշկի խաղալու, ես էլ նույն սովորույթի ուժով ի զարմանս երկուսիս գնում էի իր մոտ, որովհետև միշտ անխուսափելիից կես ժամ առաջ էի հիշում, որ մազերս պետք է կտրվեն։ Բայց էս պատմությունն անգամ թոշակառուների զբաղվածության կամ փակ ցիկլերի մեջ ընկնելու մեր հակվածության մասին չէ։ Էսօր, երբ արթնացել եմ հնդկաձավարի կճեպով լի բարձի հետ որերորդ գիշերն անցկացնելուց վերջնականապես ծռված ու դավադրատեսական հոռետես միտքս նենգորեն ակտիվ է աշխատում, որոշեցի առավոտյան սուրճի հետ պատմել ձեզ էս պատմությունը իմ վերջին հնգամյակի վարսավիրի մասին ու էս պատմությունն իրականում․․․ ինչ գրողի տարած հնդկաձավարի կճեպով բարձ, կհարցնեք դուք, ահա, ես էլ հարցրեցի էն օրը, երբ վարսավիրս, ում հետ սերնդակից լինելով մենք նույն ցավերն ենք կիսում էս կյանքում՝ նույն ողնաշարի պարանոցային հատվածի օստրիոխոնդրոզը, նույն տարիքային ապատիան, նույն մարսողական խնդիրները, նույն ճամփորդական նախընտրությունները և այսպես շարունակ, մի սրտամոտ ու մարմնակից անձնավորություն, ում հետ իր մասին խոսելով ինքս իմ մասին խոսելու հաճելի առիթ կա էն կես ժամի ընթացքում, երբ ես իր տիրապետության տակ եմ ու անգամ․․․ անվանակիցներ ենք։ Վերջը, էս տիպը էն օրն ասեց, որ իր վզի ցավերը վերջանականապես անհետացել են էդ տարօրնակ լցոնումով բարձի հետ ու ինձ լավության կարգով հուշեց անմիջապես ներմուծողի համարը, ով իր անունից դիմելու դեպքում զեղչ էր անելու։ Առանց մտածելու առա, երկու հատ, քանի որ զեղչ ունեի։ Վարսավիրս զգուշացրել էր, որ առաջիկա օրերին ահավոր անհարմար ու ցավոտ կարող է լինել, բայց արդեն լրացավ անհարմարության անտանելի շաբաթը ու ես սկսեցի մանրից խելագարվել կիսաքուն գիշերներից։ Իսկ մի հին ընկերոջ հետ պատահական հանդիպումը ամբողջացրերց պետկերը։ Վաղուց չտեսնված ընկերս ի թիվս իր կյանքի կարևոր փոփոխությունների պատմեց, որ էսինչ տեղը աշխատող մի շատ պարկեշտ վարսավիրի խորհրդով գնել է չորս հատ չորս տարբեր մետաղաներից պատրատված մոգական թևնոցներ և ոտնոցներ, որոնք իոնային դաշտի ռեզոնանսով կարգաբերում են օրգանիզմի հիմնաթթվային բալանսը և դրա արդյունքում սկսվում է հալվել որովայնային հին հայակական ճարպաշերտը ու ցույց տվեց իր հինգ ամսվա հղիության չափ փորը, որը իբր սկսել էր մաշվել։ Մանթռաժն ինձ կերավ մանրից, կամ ինչպես էն հայտնի յոգն է ասում՝ առերեսվեցի իրականության գիտակցման հետ։ Հիշեցի, որ էդպես վարսավիրիս անձնական փորձից ոգեշնչված էն տարի գնացինք հանգստանալու Եղիպատրուշ գյուղ Մոնտենեգրոյի փոխարեն, գնեցի 300 կիլոգրամ կարտոֆիլ մի օրգանիկ ֆերմերից, ով իր պապական սերմնացուն էր աճեցնում ի տարբերություն շուկան հեղեղած գմո սերմնացուի, ներդրում արեցի էժանով վաճառվող բիթքոյնի մինի ֆերմայում, ի դեպ էլի իր ծանոթից մեկի մոտ, ով մահամերձ էր ու որոշել էր բիզնեսը սարքել սոցիալական ձեռնարկություն ու մեկնել Բութան։ Մազաթափությունը կանխարգելող յուղը տնջրուկի սերմից և մանուալ թերապիայի ինտենսիվ կուրսի 50%-անոց բոնուս քարտը էլ չեմ ասում։ Վերջը ընկերներ, էս պատմությունն իրականում նոր սերնդի սուպերմեդիումի մասին է, ում կոմերցիոն ապրումակցության վրա վարպետացած նեյրոնային ցանցը հալյուցենոգեն սնկի միցելիայի պես սերտաճել է էս քաղաքի, անգամ մոլորակի բոլոր վաճառքի ցանցերին ու ով գլուխդ տաք ջրով լվալուց մասաժ անելու հինգ րոպեների ընթացքում քեզ կարող է ներշնչել անգամ, որ էս կյանքը ինքնապատմվող հեքիաթ է՝ ծնված ինքն իր մեջ պարփակված սև խոռոչի հավերժական ձանձրույթից և դիմանալու համար, պետք է խմել Ծովագյուղում քաշած էս չիչխանի արաղը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *