Արտիստը պետք է լինի արմատական ընդդիմադիր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գրող Կարեն Անտաշյանը:

– Կարեն, որտե՞ղ են այս օրերին մեր ժամանակակից գրողները: Ինչո՞ւ չենք տեսնում հրապարակներում՝ հասարակության կողքին:

– Այսպես ընդհանրական՝ բոլոր գրողների անունից պատասխան եք պահանջում ինձնից, մինչդեռ, ասենք, իմ ընկերներ՝ արձակագիր Սարգիս Հովսեփյանն ու բանաստեղծ Հայգը կվիրավորվեին այդ հարցից, քանի որ վերջին ամսում օր չի եղել, որ կոնկրետ Ազատության հրապարակ չգնան: Վիոլետ Գրիգորյանը նույնիսկ հացադուլի է նստել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, Մարինե Պետրոսյանին ու Վահրամ Մարտիրոսյանին էլ պարբերաբար կհանդիպեք մեդիա-հրապարակներում՝ ընթացիկ քաղաքական գործընթացների մեկնաբանություններով և իշխանական ռեժիմի սուր քննադատությամբ: Ունեմ նաև գրող ընկերներ, ովքեր լրագրությամբ են զբաղվում ու գործընթացին մասնակցում են որպես լրագրողներ: Կան նաև գրողի սոցիալական կարգավիճակ ունեցող դեմքեր, որ պարբերաբար ակնհայտ պատվիրված իշխանահաճո հայտարարություններ ու ձեռնարկներ են կատարում: Ուրեմն սկսենք այդտեղից, որ գրողները համասեռ զանգված չեն՝ համակարծիք ու համամիտ, որ համախառն այստեղ կամ այնտեղ լինեն:

Իսկ իմ անունից պատասխանեմ՝ հրապարակը քաղաքացու տեղն է, ոչ թե գրողի, և իմ ընկերներն էլ այնտեղ են գնում որպես քաղաքացիներ: Չնայած, էլի կան գրողներ, ովքեր իրենց գրողական ռակուրսն ու քաղաքական/քաղաքացիականը որևէ կերպ իրարից չեն տարբերակում: Այդ սկզբունքին է դավանում, օրինակ, «Գրողուցավ» գրական ձեռնարկը, որ այստեղի և հիմայի օպերատիվությամբ հանրային կարիք ունեցող հարցերի շուրջ գրականություն է թողարկում: Իսկ իմ համոզմամբ՝ երկիրս քաղաքական մեկնաբանների, փորձագետների ու վերլուծաբանների պակաս չունի: Սրանք այնպես եռանդուն են լրահոսը լցնում քաղաքական տեքստով, որ գրականության՝ սրան խառնվելն առանձնապես շատ բան չի փոխի: Այսօր մենք ունենք փայլուն ժամանակակից հայ գրականություն, որի քննության նյութը մեր երկրի կայացման վերջին տարիների ամենացավոտ ու ծանր հարցերն են, բայց այդ գրականության առանցքում մարդն է ու մարդկայինը, դրանով իսկ անկողմնակալ է, ազատ ու մեծ հաշվով՝ ոչ մի խմբի ջրաղացին ջուր չի լցնում՝ ընդդեմ մյուսի: Իսկ թե ինչու գրողն ու գրականությունը հրապարակներում չեն, մեծ հաշվով, կարծում եմ, դա հասարակական պահանջի ու պատվերի խնդիր է. մեր ժողովուրդը դրա կարիքը պարզապես չունի, որովհետև գրականություն սպառող չէ:

Որքանո՞վ է այսօր ժամանակակից գրողը հաղթահարել իր վախերը: Կարծես թե այս ընտրություններին և հետընտրական զարգացումներին հասարակությունը ապացուցեց իր հաղթահարած վախերի մասին:

– Ինչպես մաթեմատիկան՝ կիրառական մեխանիկայից, այնպես էլ գրականությունը՝ հասարակական արդի խմորումներից ու ազատականության մակարդակից մի կես դարով միշտ առաջ է: Այսինքն՝ ձեր ասած այդ վախերը կամ նախապաշարումները հասարակության և գրականության համար այնքան էլ համաժամանակյա չեն:

Իսկ եթե գրողից նույն խանդավառությամբ, որքան քաղաքական մեկնաբանություններ եք պահանջում, գրականության հարցերի շուրջ զրույց-դիսկուրս բացեիք և խրախուսեիք գրականության ընթերցումը, և՛ հասարակության մտավոր արդիականացումը, և՛ ազատականացումը շատ ավելի արագ կլինեին: Մի մոռացեք, որ անկախության շարժումը կարդացած մարդիկ են արել, որոնք թեկուզ տոտալիտար ռեժիմում, բայց ներքին ազատության մի մակարդակ են ունեցել, որը սերիալ նայող ու քաղաքականությունից «հասկացող» հասարակությանը հասու չէ: Որքան էլ շատ շրջանառության մեջ դնեք հեղափոխություն բառը, մեր ժողովուրդը հեղափոխական չի դառնա: Իսկ ժամանակակից հայ գրողը միայն մի վախ ունի՝ ապրուստի այլընտրանքային միջոցների փնտրտուքում ստիպված չլինի կտրվել իր հիմնական կոչումից՝ գրելուց:

– Ինչո՞ւ չեք միանում հասարակության՝ փոփոխության պահանջներին:

– Կարծում եմ՝ այնքան էլ արդարացի հարցադրում չէ: Նախ՝ գլխավոր փոփոխությունն այն է, որ տեղի է ունենում քեզ հետ, իսկ քեզ հետ տեղի ունեցող փոփոխությունն ուրիշից չես պահանջի: Որպես գրող՝ իմ խնդիրը խորքային փոփոխության առիթ հանդիսանալն է այն մարդու համար, ով կկարդա իմ գրականությունը, իսկ որպես քաղաքացի՝ ես արմատական համակարգային արդիականացման ջատագով եմ ու այդ դիտանկյունից իմ գաղափարները պարբերաբար հրապարակում եմ «Ֆեյսբուքի» ստատուսներից մինչև հարցազրույցներ ու ակնարկներ: Ես ու ընկերներս «Գրանիշ» ակումբով ինքներս դարձանք Հայաստանում այդպիսի մի արդիականացման գաղափարախոսներ ու հիմնական մասնակիցներ: Խոսքը գրական շուկայի վրա հիմնված գրաշրջանառության նոր համակարգի մասին է: Ու մեր սկսած գրական այդ շարժման արդյունքում այսօր ունենք սաղմնավորվող գրական շուկա, վաճառքի որոշակի ցուցանիշներ, ընթերցող որոշակի լսարան, որը հազիվ ենք քերել համատարած հանրային անտարբերությունից:

Կարեն, որպես գրող՝ ո՞րն եք համարում երկրի գլխավոր խնդիրը:

Շատերը համարում են օլիգարխիան, գրողը՝ որպես «բժիշկ», արդյոք չպե՞տք է տա ախտորոշում:

– Խնդրեմ, նոր Հայաստանի իմ տեսլականը՝ ո՛չ ժողովրդին, այո՛ քաղաքացուն: Ո՛չ կրծքանշանավորին, այո՛ մասնագետին: Ո՛չ հանքարդյունաբերությանը, այո՛ տուրիզմին: Ո՛չ ջիպին, այո՛ հեծանիվին: Ո՛չ բազկամարտին, այո՛ ֆիզիկային: Ո՛չ օլիգարխին, այո՛ ազատ մրցակցությանը: Ո՛չ օտարալիզությանը, այո՛ հայերենին: Ո՛չ գողականին, այո՛ օրինապահին: Ո՛չ ծխախոտին, այո՛ մարմնակրթությանը: Ո՛չ հովանավորչությանը, այո՛ գիտելիքին: Ո՛չ ներմուծմանը, այո՛ մրցունակ արտադրությանը: Ո՛չ նոր-ազգայնականությանը, այո՛ կենդանի ազգային ինքնությանը: Ո՛չ օբյեկտին, այո՛ այգուն: Ո՛չ մենաքաղաքին, այո՛ բարեկեցիկ գյուղին:

– Գրողները նշում են, որ գրեթե 90 տոկոսով ընթերցանության թիվը նվազել է, հնարավո՞ր է, որ պատճառը հասարակությունից, հասարակական պրոցեսներից կտրված լինելն է:

– Ոչ, քանի որ այսօր մեր գրականությունը, առավել քան երբևէ, մեր ապրած ժամանակի մասին է: Գրականության շուրջ հետաքրքրությունը մեռել է դանդաղ ու շատ ցավոտ մահով՝ սովետի փլուզումից անմիջապես հետո: Եթե գիտելիքահենք տնտեսություն չունես, տեխնիկական մտավորականություն չունես, գիտելիքը կարիերայի առաջնահերթություն համարող համակարգ չունես, ինտելեկտը՝ որպես հանրային գերակա արժեք, հռչակված չունես, եթե խելացի հեռուստատեսություն չունես, ապա ի՞նչ ընթերցանության մասին կարող է խոսք լինել: Բարեբախտաբար, վերջին տարիներին մասնավոր հատվածի և ջատագովների համեստ ջանքերով իրավիճակ է փոխվել երկրում, մենք արդեն մեր հնարավորությունների շեմին ենք հասել, հիմա արդեն հերթը պետական ճիշտ քաղաքականությանն է հասել, որ զանգվածային առումով որակ փոխվի:

– Գրողի միակ պարտականությունը Դուք համարում եք լավ գրականություն ստեղծելը: Իսկ որքանո՞վ կարող է գրողը լավ գրականություն ստեղծել, եթե այսօր իրեն հասարակական, քաղաքական, քաղաքացիական խնդիրներից առանձնացնում է: Բացառությամբ մի քանի գրողների՝ պատկերը այդպիսին է, ինչո՞ւ:

– Գրականությունն իրականում շատ ավելի համակողմանի ու խորքային է ներկայացնում այդ նույն հասարակական-քաղաքական խնդիրները, սակայն ամեն պտուղ իր հասնելու ժամանակն ունի, գրականությունը լրագրություն չէ: «Գրանիշ» գրական հանդեսի առաջիկա համարը՝ Գրանիշ քաղաքացի պայմանական անունով, նվիրված է լինելու հենց գրողի ու քաղաքացու միջև եղած բարդ հարաբերությունների ներկայացմանը: Եվ ի վերջո՝ լավ գրականության ընթերցումից ստացված հաճույքը հասարակական-քաղաքական սևեռումներ ունենալը չէ, լավ գրականության հաճույքը նախ և առաջ մարդկայնորեն հուզվելու հաճույքն է: Ինձ համար միայն մի բան է հստակ՝ չի կարող լինել իշխանամետ առողջ արտիստ: Արտիստը պետք է լինի արմատական ընդդիմադիր՝ անկախ բնակավայրից, ռեժիմից ու քաղաքականության փաթեթավորումից, որովհետև ցանկացած կառավարման համակարգ անմարդկային է, իսկ գրականության խնդիրը խորքում մարդուն ու մարդկայինը պաշտպանելն է, քանի որ մարդն, ըստ էության, մենակ է:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *