Հեղինակի ձայնը

Չգիտեմ ուրիշ գրող ընկերների մոտ ոնց է, բայց Էսքան տարի անց ընդամենը երեկ եմ հասկացել, որ գլխումս անընդհատ հնչում է այսպես ասած՝ հեղինակի ձայնը, ոչ միայն արթուն ժամանակ, այլ նաև երազում։ Առաջ էլ էի լսում ամեն ինչ սպորտային մեկնաբանի զրնգուն հանդիսովորությամբ նախշող այդ ձայնը, բայց, կարծում էի, թե դա հենց ես եմ, ու երեկ հստակ հասկացա, որ ես եթե այդ ձայնի տակ ուղղակի անբան ու անհաղորդ լռվեմ անգամ՝ այն կա, արդեն ինքնաշխատ է, երևի միշտ էլ այդպես է եղել։ Օրինակ եթե պատահաբար հանդիպեմ մի ծանոթ կնոջ ու ձևական մի քանի բառ փոխանակելու լինեմ, այդ ձայնը ֆոնային այսպես ա գնում՝ բավականին հմայիչ տեսքի և ակնհայտորեն չգնահատված հետույքի հետ այդ կինն ուներ պետական փաստաթղթաշրջանառության անհաղորդությանը բնորոշ խոսվածք, ու նույնպիսի անկրակ աչքեր՝ զուրկ սեռականության որևէ հյութից։ Հետո հստակ տեսա, որ ես ինձ ինչ հիշում եմ՝ այս ձայնը կա գլխումս, քանի որ տարիներ առաջ, երբ մի անհաջող գործի էի, մտա տնօրենի մոտ ու ասի՝ շեֆ վաղը քննության եմ, կլինի շուտ գնամ էսօր, ասեց՝ գնա, բայց գոնե բուկլետ վերցրու հետդ՝ ցրի ճամփին: Լավ չեմ հիշում հիմա, բայց այդ ձայնը կհնչեր՝ ու եթե անգամ նա զանգեր գործի ու ասեր՝ շեֆ վաղը գործի չեմ կարող գալ, քանի որ մահացել եմ, շեֆը կասեր՝ գոնե բուկլետ վերցրու հետդ՝ էն աշխարհում բարձրացրու մեր բռենդի ճանաչելիությունը, էդ մեռելները հաստատ երազ են գալիս կենտրոնաբնակ իրենց բարեկամներին։ Հիշում եմ, մի անգամ մոկա գեյզերային սրճեփ էի առնում, կար՝ սրճեփ երկու բաժակ սուրճի համար, հեղինակի ձայնը մեկ էլ ասեց՝ երկու բաժականոց սրճեփ առնելը երկու հոգու համար անկողին առնելու ռոմանտիկ ինտրիգն ունի իր մեջ։ Օքեյ )) Լինում է նաև, երբ ձմերուկ կտրելիս դանակը մոտեցնում եմ կտրելու, այդ ձայնն ասում է՝ բայց հանկարծ ձմերուկն ասեց՝ բեր, բեր սիրտս խրի, այ անզգամ, ու սկսում եմ բարձրաձայն ծիծաղել )) Մեքենայով քաղաքից դուրս վարելիս անշուշտ հնչում են երկար-բարակ բնապատկերային նկարագրություններ՝ ժայռոտ կիրճը անհաջող սպիացած հին վերքի պես պատռում էր դաշտավայրերի կոր սահունությունը, կամ կլորիկ ու լերկ բլուրների փոքր ձորակներում մասուրի ու մամուխի նրբիկ ու ոլորուն թփուտներ էին ծվարել, ասես այս ամենի արարիչը բիկինի-էպիլյացիայի պես մի բան էր նկատի ունեցել այն ստեղծելիս )) Եվ այսպես շարունակ, անվերջ։ Բացարձակ չեմ պատկերացնում, թե չգրող ընկերների ուղեղում ինչ հնչողություն ունի այդ մշտառկա ձայնը, բայց երեկ գիտակցեցի, որ սա գրող լինելու խորքային մոտիվացիան հասկանալու բանալին է, քանի որ գրական-գեղարվեստական վերապատմությամբ, այդ ձայնը խորը խզվածք է առաջացնում քո ռեակտիվ եսի ու իրականության շփման գծում, այդպիսով փրկելով, պաշտպանելով, օտարելով քեզ նրանից, որ դու գոյություն ունենաս միշտ իբրև դիտարկու, կողի հայաց, որը ոչ մի դեպքում ինքն իրեն չի նույնականացնում լեզվական միֆականությամբ լեցուն իրականության հոսքի հետ, իրականության տառապանքի հետ, այլ զբաղված է այն հետաքրքրցնող, ծաղկացնող հորինվածքով

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *