Բալկոնում Կարեն Անտաշյանն է

Անուշ Քոչարյան

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում բանաստեղծ Կարեն Անտաշյանն է։

Կարեն Անտաշյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ներքին ձայնս ինձ հետ սովորաբար երկրորդ դեմքով է խոսում․ ասում է՝ դու այսպես, դու այնպես, դու կարող ես անել էս ինչ բանը, էս ինչ բանը քո «հագով» չի, տեսար՝ ինչ եղավ, ապեր, որ ասում էի, բայց այ երրորդ դեմքով երբեք չեմ խոսել ինքս ինձ հետ, չի պատահել այնպես, որ ասեմ՝ ինքը։ Տվյալ դեպքում փաստորեն արդեն խոսում ես էությանդ երրորդ, անգիտակցական հատույթի մասին։ Այն, ինչ ասում ես ես-ի եւ դու-ի անունից, ընդամենը աղոտ կանխազգացումն է այն ամենի, ինչ կա երրորդի՝ իր մեջ։ Այդ երրորդի վերաբերյալ կարծիք կա, որ մեր էության 95%-ը հենց ինքն է զբաղեցնում, եւ միայն 5%-ն է բաժին հասնում ինքնահռչակ ես-ին։

Հիմա մտածում եմ՝ արդյոք ես-ը մեր իրական մասն է եւ ինքնախաբեություն չէ ըստ էության․․․Երբ ասում ես՝ «ինքը», արդյոք այդ մի երրորդի վերծանումը չի ես-ի հավաստի ինքնաբացահայտման միջոցը։ Հաստատ այդ «ինքն» է «շեֆը», եւ դու՝ «ենթական»․․․Այդպես էլ կա․ այդ երրորդը «շեֆն» է, «ստրկատերը», «գլավորը» կամ «հիմնադիր տնօրենը», եւ դու կամակատարն ես փաստորեն։

Ի՞նքը, թե՞ այն․․․

Դու ես որոշում։

Ուրեմն՝այն։

Այն իսկականն է, դեռ քաղաքակրթությունից առաջ բնության կուտակած փորձառության իսկականությունը, այն կյանքն է, կենսական էներգիաների արտադրամասը, այն սովորովի ինքնության բացառումն է, կուտակովի ինքնության ու նրա մեկնաբանության բացառումը՝ նույնպես։

Այն բնությունն է, կենդանին է, որին անընդհատ դիմադրում եւ որից անընդհատ փորձում ենք սնվել։

Այն հավաստի է, հավակնոտ, այն ուզում է բազմանալ, շատանալ, տարածվել, ինչպես որ բնության մեջ ամեն մի կենդանի, կենդանիների խումբ, ամեն մի այն։ Ինձ թվում է՝ իմ բանաստեղծություններն էլ են այնտեղից գալիս։

Այնտեղից եկածն ուրեմն քո՞ բանաստեղծությունն է նաեւ։

Երեւի իր թելադրած, բայց իմ բանաստեղծությունն է, որովհետեւ գրում եմ հայերենով, իսկ հայերենը ես եմ, հայը ես եմ, տղամարդը ես եմ, հիշողության կրող մարդը ես եմ, բայց այն տիեզերքում ամենուր նույնական, ունիվերսալ, ճշգրիտ գիտելիքի կրողն է, մաքուր կյանքն է․․․

Իմ լավագույն տեքստերի մեծ մասն այնտեղից են եկած, պարզապես հեղինակային իրավունքն ինձ եմ վերապահում, որովհետեւ ես եմ գրի առնողը։ Լավագույն գործերս գրում եմ մի շնչով, մի էմոցիոնալ պոռթկումով ու համոզված եմ՝ դա այն պահն է, երբ այն-ի եւ ես-ի սահմանները այնքան են նրբանում, որ համարյա թե դադարում են գոյություն ունենալ։

Առաջ այդ պորտալները հիմնականում բանաստեղծության առիթով էին բացվում, բայց էս վերջերս հասկացա, որ կենսական էներգիաների էդ անվերջ պաշարը միայն տեքստի արտոնությունը չէ․ տեսականորեն այն ցանկացած պահի, առանց նախապայմանների հասանելի է անսպառ չափաբաժիններով։

Մեր աշխատամոլ ուղեղը մեզ այդ ուրախությունները միայն կոնկրետ արդյունքներ ապահովելու դեպքում է շռայլում, իմ դեպքում այդ արդյունքը գոյացրած տեքստի քանակն էր, բայց պետք է շրջանցել այդ հոգեբանական ծուղակը՝ ուրախություն աշխատանքի դիմաց։ Հիմա փորձում եմ զարգացնել այդ տեսական գիտելիքը նաեւ գործնականում՝ առանց գրելու նախապայմանի, ուղղակի կյանքի համար առօրյա հարակայուն ուրախություն սինթեզելու համար։

Այն-ի հետ հարաբերության հետաքրքիր առնչություն ես առաջ քաշում։

Ասում եմ՝ սա ինձ համար լրիվ նոր փորձառություն է՝ գիտակցել անգիտակցականը, ու հիմա, քո հանձնարարությամբ փորձում եմ պարզել իր հետ հարաբերություններս, մի տեսակ մեղանչելու, հոգեվերլուծության, թե բեմականացված մենախոսության ֆորմատով։ Ուրեմն կիսվեմ նաեւ այն-ի առաջ հիմնավորապես փակ ես-ի դարբասները բացելու հմայության գաղտնիքը․ ինձ թվում է՝ նախեւառաջ պետք է խոնարհաբար ընդունել ես-ի պարտության անխուսափելիությունը։

Ի դեպ նոր գիրք եմ մտմտում, եւ ենթավերնագիրը պիտի լինի՝ «հիմներ պարտության»։ Ուզում եմ խոստովանել, որ ես-ը՝ այն-ի այսինքն հավաստի կյանքը կրող մեր միջուկի հետ հարաբերություններում դատապարտված է անմնացորդ պարտության, եւ ներկան գիտակցված ուրախությամբ լցնելու թիվ մեկ նախապայմանն այդ պարտությունն ընդունելն է։

Կապիտալիզմը տալի՞ս է այդպիսի հնարավորություն։

Երբ դու չես գիտակցում քո այդ պարտության անշրջանցելիությունը եւ կապիտալիզմի բերած մրցակցելու, հաղթելու, փողով արտահայտված հաշվանքի համակարգերին հավատալու, հայտնի դառնալու, պարգեւատրության արժանանալու հարաբերությունների մեջ ես, մեկ է, վաղ թե ուշ երկարաժամետ հեռանկարում գալիս ես իրողությանը, որ գնահատված չես այնպես, ինչպես երեւակայել ես քեզ, իբրեւ արժանի ես, հասկանում ես, որ ամեն դեպքում երիտասարդությունդ իր հետ տանում է տարիքի ավյունը, սեփականություն ունենալու անվերջ ձգտումդ բավարարված չէ, չի հագենում, որովհետեւ, ըստ էության, անհնար է «ունենալը»։

Եթե ուզում ես կապիտալիստական չափումներով չափելի արդյունքներ ունենալ, այո, կարող ես մտնել այդ հարաբերությունների մեջ, փող էլ աշխատել, փառք էլ վաստակել, կենցաղային բարեկեցություն էլ, բայց չպետք է գլուխդ կորցնես՝ այդ հարաբերություններին պայմանական խաղի կանոններից ավել մի իմաստ վերագրելով։

Կապիտալիզմը, սոցիալիզմը, բոլոր իզմերն ու փիլիսոփայությունները քո կենսական միջուկի զորության ու հավաստիության դեմ փոշի են, որ քամիները հեշտությամբ դես ու դեն են տարածում։

Իսկ ինքդ քեզ սահմանելու խնդիր չի՞առաջանում, թե՞ այդ սահմանումն այնքան ուժեղ պիտի լինի, որ դառնաս «այն», ոչ թե ես, ինքը․․․

Մարդուն ի՞նչն է ամենից հեշտ տրվում՝ ինքն իր, իր միջավայրի, մնացած մարդկանց, անցյալի ու ապագայի մասին իր միֆական պատկերացումները հավաստիության, արժեքների փոխարկելն ու իբրեւ վարքի արդարացում հռչակելը։ Ես բացառություն չեմ, ես էլ եմ ինքս իմ մասին հորինած միֆերի արժանի կրողը․․․ Ախ, ինչքան մարդկային թուլություն ու հաճույք կա դրա մեջ․ մոտավորապես այնքան, որքան շաքարի վնասակարության ու համովության հարաբերությունն է։

Մեր զրույցը մեդիատեքստի է վերածվելու ես՝ որպես հեղինակ, պիտի ներկայացնեմ քեզ, որքան էլ դա պայմանական լինի, որովհետեւ կոնկրետ է, որ դու Կարեն Անտաշյանն ես, ով գրում է, հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում, ավագանի էր, եւ հիմա հրաժարվել է այդ պարտականությունից․․․ Այսպես շարունակ։

Քո կողմից իմ՝ իբրեւ արտեֆակտի ընտրությունը, կարծում եմ, որոշակի ֆիլտրերով է պայմանավորված, եւ  ես, ըստ երեւույթին, հենց իմ խոսույթով եւ իմ սոցիալական դերի վերարտադրությամբ փորձում եմ համապատասխանել քո ֆիլտրերին եւ արդարացնել քո կողմից իմ ընտրված լինելը։

Մյուս կողմից առկա է նաեւ ժանրի թելադրած թատրոնը։ Ընթերցողին մինչեւ վերջ չես կարող բացատրել այս ամենի պայմանականությունը (երեւի պետք էլ չէ), բայց միգուցե կարող ես նաեւ ընդգծել ու որոշակի էպոտաժ տալ այս զրույցին (բայց էլի ժանրի տիրույթում). սա էլ ուրիշ տեսակի թատրոն է… Թատրոնն անխուսափելի է բոլոր դեպքերում։

Մյուս կողմից էլ, երբ ես կիսվում եմ ապրելու իմ փորձառությամբ, մտքերով, կարող է հետաքրիր կամ զվարճալի լինել, հնարավոր է՝ նաեւ ոգեշնչի կամ ձանձրացնի, ու դրանով թեկուզ որեւէ գործողության դրդի, բայց ամեն դեպքում, ինքն իրենով մեկի կյանքի ապրումը, բացահայտածը կամ մեկնաբանածը չի կարող դառնալ կարդացողի կենսական փորձառությունը, կարդալու փորձառությունը՝ միգուցե, բայց ոչ երբեք ապրելունը։ Ուրեմն, ամեն դեպքում, մենք մեր թատրոնի տերն ենք։

Այնուամենայնիվ դու գրում ես, եւ ընթերցողը քեզ նաեւ որպես գրող գիտի։ Այդ տեքստերն ամրագրվում են եւ հետո հետաքրքիր տարածքներ բացում ընթերցողի համար։ Այսօր առավոտյան այդպիսի մի տեքստի  վրա էի կենտրոնացել։ Մեջբերեմ

Մի պատահական մայրաքաղաքի

պատահական հեղափոխության ֆոնին,

լրիվ պատահականորեն սկսված

գարնան անձրեւից փախչելիս,

պատահական շքամուտքում պատահական «սիրում եմ քեզից»

կտրվեց շունչը․․․

Հա․․․(ծիծաղում է)

«Անուշիկի պատերազմը» բանաստեղծության այս հատվածը «Անտաշատ» գրքիցդ է, որը լույս է տեսել 2009-ին։ Ի՞նչ «պատահական» հեղափոխության մասին է խոսքը։

2008 թվականին եմ գրել, ինձ թվում է՝ մարտի մեկի նախընթաց կամ հաջորդող իրադարձությունների ֆոնին, բայց շատ լավ ասոցացվում է ներկայի հետ։ «Պատահական մայրաքաղաքի, պատահական հեղափոխության ֆոնին»․․․ Հետաքրքիր էր՝ չէի մտածել ներկայի հետ ասոցացնելու մասին։ Հիմա ուղղակի հեղափոխություն բառով կազմված բոլոր նախադասություններից մենք խլշկոտում ենք․ հետահայաց էֆֆեկտը նաեւ դրանով է պայմանավորված։

2008-ին ուզու՞մ էիր հեղափոխություն անել, հեղափոխության մաս դառնալ։

Հիմա պիտի խոսեմ շատ հետաքրքիր զուգադիպությունների մասին։ 2008-ի իրադարձությունների նախօրեին ես ինքս ներքին հեղափոխություն ապրեցի, ահագին երկար տեւած դեպրեսիվ հոգեվիճակից զարթոնք ունեցա, եւ սա այն ժամանակն էր, երբ սկսեց գոյանալ «Անտաշատը»։

Ու նույն զուգադիպված «լեվել-ափը» տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունից առաջ (դրան նախորդող երկու-երեք տարիների ընթացքում մի տեսակ ապատիայի մեջ էի, որը ոչ այնքան «գաղջահայաստանի» ընդհանուր մթնոլորտին, որքան իմ ներքին (միգուցե տարիքի բերումով առաջացած) մռայլ եւ ամայի հոգեվիճակի հետ էր կապված)։ Եվ էլի հետաքրքրիր մի զուգադիպությամբ, երբ դեռ չէր սկսվել թավշյա իրարանցումը, նորից ոգիս զարթնեց էս թմբիրից, նորից սկսեցի վերանայել ինձ, շուրջս ու կյանքի համը անուշացավ մի տեսակ։

Հետաքրքի՞ր է չէ, մենք միշտ կարծում ենք, որ կան առանձին գործընթացներ եւ կան առանձին մարդիկ, որոնք իրենց որոշած կամ գիտակցած չափով են միայն այդ գործընթացները գոյացնում կամ մաս կազմում դրանց, մինչդեռ իրականում այնքան ամբողջական ու միասնական են բոլոր պրոցեսները, հարաբերություններն ու առնչությունները, որ մեր անձի ինքնիշխան ու որոշյալ լինելու միֆը պարբերաբար կոտրվում է։

Գրում ես «Անտաշատի յուրաքանչյուր բնակիչ նրա միակ բնակիչն է»։ Տպավորություն ունեմ, որ «եւ այդ մեկը դու՛ ես» կարգախոսը, որն արդեն տասնամյակից ավելի շրջանառության պատմություն ունի, վավերագրվել է այս տողով, որը մեջբերեցի։

Հա, գրել եմ 2008-ին։ Նախկին գրածներս հազվադեպ եմ վերընթերցում, մանավանդ գրքում տեղավորելուց հետո, որովհետեւ, այն, ինչ եղել է, արդեն հետաքրքիր չէ․․․ Բայց հիմա, երբ հղում ես անում այդ անցյալ տեքստերին, հասկանում եմ, որ այսօրվա խոսույթի հետ ակտիվ ասոցիացիաներ են առաջացնում։ Ի դեպ, բոլոր տեքստերի կամ արձանագրությունների ամենակարեւոր հատկությունը ներկայի հետ ռեակցիայի մեջ մտնելու, ներկային գրգռելու կարողությունն է։

Երբ հղում չես անում, չես անդրադառնում եղածին, տպավորություն է, որ ներկան այդ փորձառության շարունակությունն է, դու շեշտում ես, որ հիմա ես, այս պահի համար պիտի դիտարկվես։

Այո, ներկան միակ բանն է, որ գոյություն ունի եւ կարող է ապրվել, կյանքը ներկա շարունակական ֆենոմեն է, բայց մենք, իհարկե, հմտորեն սովորել ենք ներկային վերագրել անցյալի փորձառություններն ու ապագայի տեսլականը։

Ցանկացած անգամ, երբ մենք ապրում ենք ներկան իբրեւ ներկա, մենք կորզում ենք նրա մեջ առկա անսահման ուրախությունը, վախն ու չարդարացված հույսերը մեր անցյալի հիշողության ու ենթադրյալ ապագայի հոգսերն են, որով մենք ամեն ակնթարթ վրիպում ենք ներկայում ապրելու հնարավորությունը։ Կյանքի իրական ապրումը ներկայի մեջ անընդհատ հետազոտությունների ու անհավանական թվով բացահայտումների պոտենցիալ ունի։

«Հետազության» մասին առաջին ակնարկդ «Ծիլի-ծով գիրք հմայության» ժողովածուում կարելի է գտնելգիրքն անվանում ես «հմայական հետազոտության» արդյունք։ Հետազոտության «հմայականը» ո՞րն է։

Առհասարակ բանաստեղծությունն ու գրելու փորձառությունը հետազոտելու ամենահասանելի ձեւն է ինձ համար։ Ստացվում է՝ բանաստեղծությունը դարձել է հետազոտելու եւ միջոց, եւ արդյունք, իսկ «հմայականությունը» տեքստի, հեղինակի ու իրականության շատ հետաքրքիր հարաբերությունն է։

Հարց է ծագում՝ տեքստը, որ մենք գեներացնում ենք եւ գրում, դառնում է իրականությունը հրահրող հմայություն, թե կանխազգացումով է գրվում այդ տեքստը, որպեսզի մի օր համընկնի․․․ Ինչ էլ լինի, մոգական համընկնում է։

Նարեի հետ հարաբերությունները նոր էին սկսվել, նոր էինք սիրահարված, երբ գրեցի մի բանաստղծություն՝ «Բույն» անունով, ուր մեր ապագա տան՝ բնի հասցեն նկարագրում եմ իբրեւ «Գնացքների գերեզմանոց, նախկին Երեւան-Վան վագոն»։ Երբ տարիներ անց մեր առաջին տունը գնեցինք, ձմեռ էր, առանձնապես ուշադրություն չէինք դարձրել, չէինք նկատել, որ իրականում շենքը գտնվում է գնացքների վերջնականգառի հենց հարեւանությամբ․․․ Հետո բացահայտեցինք, որ շենքի՝ մեր լուսամուտից չերեւացող հատվածում իրոք գնացքների գերեզմանոց էր։

Այսպիսի շատ այլ մանր ու մեծ օրինակներ կան, որոնք հիմա չեմ մտաբերի։

Ես քեզ կհիշեցնեմ

«Գործ չունես նրանց հետ,

ովքեր իսկական բանաստեղծության փոխարեն

սպորտով ու քաղաքականությամբ են զբաղվում,

որովհետեւ նրանց հետ գցածն ու կուտակածը

սեւ օրերի համար են»։

Բանաստեղծություն, որի անվանումը «Բանաստեղծություն» է։

Մի քանի օր առաջ ֆեյսբուքիդ էջին գրառում հայտնվեց այն մասին, որ Երեւանու ավագանու լիազորություններդ դադարեցնում ես։ Այդ ինչպե՞ս սեփական զգուշացումը դարձավ կենսափորձ, ինչպե՞ս ստացվեց, որ «գործ չունես քաղաքականությամբ զբաղվող մարդկանց հետ» ամրագրողը, անմիջապես դարձավ այն մարդը, ում հետ պիտի որ ըստ քեզ գործ չունենայինք։

Սպորտը մրցակցելու ու հաղթելու միֆն է ամրապնդում, հաղթելու համար ուժեղ լինելու եւ դրա համար ամեն ինչ զոհաբերելու վարքը, քաղաքականությունը նույն բանն է, ուղղակի մարդկանց ավելի մեծ խմբերի միջեւ մրցակցային հարաբերությունները կարգավորելու մակարդակում (ի դեպ շատ ավելի լուրջ ու շատ ավելի անողոք)։ Դրա արդյունքում մարդկանց մի խումբը էական առավելություններ է ստանում մյուսի համեմատ. սա մրցակցության էությունն է։

Մրցակցության բերած բոլոր հարաբերությունները գոյատեւման ռեժիմի հարաբերություններ են, որտեղ մի մարդը պետք է հաղթի մյուսին, կամ մարդկանց մի խումբը՝ մյուս խմբին։ Երբ ասում եմ «սեւ օրեր», նկատի ունեմ հենց գոյատեւման ռեժիմի մեջ ապրելու վարքը։

Ես հավատում եմ, որ միակ հնարավոր հաղթանակը հաղթանակն է ինքդ քո հանդեպ ու միայն ինքդ քո հանդեպ տարած հաղթանակն է հանգեցնում ինքնատրանսֆորմացիայի ու ինքդ քո հանդեպ ունեցած աճի։ Սա բացառապես մենակ անցնելիք ճանապարհ է։

«Անտաշատը» տե՞ղ էր, որ չկար, բայց Կարեն Անտաշյանը կուզեր, որ լիներ։ Այդ տեղի՞ց ես խոսել, թե՞ այդ տեղի մասին։

Հետաքրքիր հարց ես տալիս․ ինձ թվում է՝ տեղ սահմանելը հենց գոյատեւման ռեժիմից է գալիս, գոյատեւման վարք է, որովհետեւ դու ուզում ես սահմանել քեզ, ասել, որ այստեղից այն կողմ այլեւս դու չես։

Ըստ էության «Անտաշատը» ինքնություն սահմանելու փորձ է, բայց, բարեբախտաբար, կան նաեւ այնպիսի հատվածներ, որոնց միջոցով փորձ է կատարվում հաղթահարելու այդ ինքնության հիշողությունը․ ամեն ձմեռ կենդանիները մեռնում են եւ ամեն գարուն նորից են ծնվում՝ չհիշելով լինելիության նախորդ փորձը․․․ Սրա միջոցով է, որ «Անտաշատը» «գոյատեւման» ինքնությունից դառնում է «վերափոխվող» ինքնություն։

Ըստ էության սովորական մարդկային կեցության համար պետք է սահմանել միֆի պայմանականությունը, սահմանել իրողություններ, երեւույթներ, որոնց հավատում ենք մենք, մեր ընկերները, մեր կուսակցությունը, մեր երկիրը․․․Այսպես եկանք, հասանք հեղափոխության թեմային։

Շարունակիր այդ ուղղությամբ։

Տես՝ հեղափոխության ժամանակ հալվում են կաղապարները, եւ էներգիայի այնպիսի կոնցենտրացիա է ձեւավորվում, որ որեւէ սահման այլեւս գոյություն ունենալ չի կարող․ ճիշտ խեցգետնի օրինակի պես, երբ մեծանալու համար խեցգետնի արտաքին պատյանը քանդվում է, որպեսզի նորը հայտնվի, ու այդ նորը փափուկ է ու խոցելի։

Հեղափոխության ընթացքն է փաստորեն կաղապարներից ազատում, իսկ հետոն արդեն նոր կաղապարների հի՞մք է։ Ստացվում է, որ «վերափոխում» չեղավ, այլ ինքնապահպանման մի վիճակից անցում եղավ մյուս վիճակին։

Դու ինքդ քո «Հեղափոխության օրագրում» գրում ես «Սերժատյացությունը նիկոլամոլությամբ փոխարինողները չեն ըմբռնել հեղափոխության էությունը»․․․

Երբ կաղապարները սկսում են նորից ձեւավորվել, ուրեմն հեղափոխությունը վերջացավ։

Լինի մեծ համազգային հեղափոխություն, լինի նեղ անձնական փոքրիկ հեղափոխություն, մեկ է, աճի համար հին կաղապարը պիտի քանդվի․․․Բայց անխուսափելիորեն առաջանում են նոր կաղապարներ, որովհետեւ չես կարող քեզ մշտապես պահել էներգիայի գերկոնցենտրացված այդ վիճակում․ այլ կերպ ասած՝ մշտապես չես կարող հեղափոփոխական վիճակում լինել։

Երկիրը պետք է կայունանա հեղափոխությունից հետո, եւ մարդիկ պետք է հետ գան որոշակի առօրեականության, նորմալ կյանքի հունի։ Մարդն էլ իր հեղափոխությունից պետք է հետ գա կայուն կենսակերպին․ ամեն մեկին տրված չէ այդ բարձր հոգեւոր փորձառության վիճակում տեւականորեն գտնվելու կարողությունը։

Երկրի իմաստով հատկապես անհնար է բացառել մի կաղապարից անցումը մյուսին, որովհետեւ երկրի կայունությունը պայմանավորված է ինքնության սահմանումներով, պայմանականություններով, պետական ապարատի, ենթակառուցվածքների կազմավորումով։ Այսինքն բոլոր դեպքերում, երբ ասում ենք «հաջող հեղափոխություն», նկատի ունենք արդյունավետության ավելի բարձր մակարդակի անցում՝ թե անձնական, թե պետական մակարդակներում։

Թավշյա հեղափոխության ընթացքում էլ մենք հանկարծ տեսանք՝ ինչպես է բյուրոկրատական շղարշը աչքներիս առաջ քանդվում, եւ այդ ընթացքում ամեն բան հնարավոր թվաց։ Ինքդ ես տեսել, թե ինչպես մեր կողքին գտնվող շարքային հեղափոխականը հանկարծ պաշտոնյա դարձավ։ Սա հենց սահմանների փափկության, թուլության ու հետո կաղապարման օրինակ էր, մի իրավիճակի, երբ ամեն բան հնարավոր էր, ու շատ բան եղավ։ Երբ էության ու պայմանականության սահմանները նորից սկսեցին քարանալ, կաղապարներն էլ իրենց հերթին շարունակվեցին ձեւավորվել։

Կարո՞ղ եմ ենթադրել, որ ավագանու լիազորություններ դադարեցնելը հենց այս ամենի հետ է կապված, ոչ թե ուղղակի ժամանակի, հասարակական գործունեության ու աշխատանքի հետ, ինչպես գրառմանդ մեջ էիր նշում։

Տարբեր մեկնաբանություններ կարող եմ տալ ավագանու լիազորություններից հրաժարվելու մասին, բայց քանի որ խոսակցությունն այս ուղղությամբ գնաց, հիմնական առանցքային պատճառին կանդրադառնամ։

Այո, ես զգացի, որ կաղապարը քարանում է, եւ ես էլ մաս եմ դառնում նոր պնդացող համակարգի, հասկացա, որ սա չի ապրելու իմ ուղղությունը։ Հա, ես հեղափոխության «ամեն ինչ հնարավորի» ալիքի վրա եկա, մասնակցեցի, ընտրությունների միջով անցա ու տեսա նաեւ՝ ինչպես է սահմանվում նոր համակարգը, ինչպես է ամեն ինչ հստականում եւ հասկացա՝ պատրաստ չեմ այդ կաղապարի հերթական ատամնանիվը լինել։

Ուզու՞մ ես ասել՝ համակարգի մաս լինել չես կարող։

Համակարգին անընդհատ քննադատաբար եմ մոտենում եւ ընկալում այդ գործողությունը որպես ազատագրման փորձ․ եթե այդպես չլինի, բանաստեղծություն գրել չեմ կարող, որովհետեւ բանաստեղծությունը ծնվում է փափկելու պահին, իսկ ես արդեն քարանում էի։

Եվ նորից «գործ չունես նրանց հետ, ովքեր սպորտով ու քաղաքականությամբ են զբաղվում» ամրագրումը դառնում է իրականությանդ մասը։

Փաստորեն։

Հեղափոխությունից հետո քո ընկերներից, մտերիմներից շատերը պաշտոն ստանձնեցին, դարձան այդ համակարգի մասը։  

Նախկին հեղափոխականի գլխին անձրեւանոց պահելը շատերի համար իշխանության ուզուրպացման (գրավման) ընկալում է դառնում․ ասում են՝ ըհըն, սա էլ սենց էղավ․․․ Երբ դու հիերարխիկ հարաբերությունների մեջ ես, որտեղ կա սուբորդինացիա, հարաբերություններ՝ ասողի եւ անողի, վերեւի եւ ներքեւի միջեւ, խզումն անխուսափելի է դառում․ ես սրան նորմալ եմ վերաբերվում։

Ես չեմ հավատում, որ ի ծնե կան բարի եւ չար մարդիկ, կան ազատականներ եւ պահպանողականներ․ ամեն ինչ համակարգի բերած հարաբերությունների արդյունքում է գոյանում։

Նիկոլ Փաշինյանին անվերապահորեն սատարում էիր։

Դեռ հեղափոխությունից առաջ ու ողջ ընթացքում համակրել եմ Նիկոլ Փաշինյանին եւ նույն հանգստությամբ հիմա էլ քննադատում եմ։ Նույնը կարող եմ ասել իմ ընկերների մասին, ովքեր կառավարությունում են կամ պետական այլ օղակներում։ Ինչպես Փաշինյանի, Միրզոյանի, մյուսների, այնպես էլ իմ ընկերների գործողությունները կարող են նաեւ քննադատության արժանանալ, եւ դա իրենցից տարանջատվելու, իրենց ձեւավորած քաղաքական համակարգի հետ չնույնականանալու ժեստ կարող է ընկալվել։

Միգուցե ասածս հիմա էգոցենտրիկ հնչի, բայց բանաստեղծի սոցիալական ստատուսը  հենց տարանջատվելն է, պայմանական, միֆական, մրցակցային համակարգերից ազատագրվելը, կաղապարներին խփելն է անընդհատ։ Այնպես չէ, որ անջատողական, ծայրահեղական դրսեւորումների մեջ եմ ընկնում։ Բնականաբար, բոլորի պես ես էլ եմ ուզում խիստ կանոնակարգված երկրում ապրել՝ գործող օրենքներով ու ինստիտուտներով, բայց միեւնույն ժամանակ ուզում եմ հիշել ու հիշեցնել, որ այդ թվում այդ ամենից ազատագրման կարիքը նույնպես մարդկային է ու երբեմն ավելի կարեւոր, քան այդ կանոնակարգվածությանը չդիմադրող մասնիկ դառնալը։

Այսպես, ոչ թե փախչում եմ պատասխանատվությունից, այլ հակառակը՝ ստանձնում իմ՝ բանաստեղծի պատասխանատվությունը։

Ճի՞շտ եմ հասկանում, որ հետհեղափոխական տեքստեր են հասունանում, որի մեջ կա հեղափոխականիդ փորձառությունը, եւ հիմա տեքստի համար «տեղ» ես բացում՝ հրաժարվելով համակարգի մաս լինելուց։

Իմ ցանկացած տեքստ այդ իմաստով հեղափոխութուն է, հակակաղապարային, տեքստի տիրոջը եւ հասցեատիրոջը ազատագրման փոքրիկ տարածք տրամադրելու փորձ։ Ցեղախմբում կան զինվորներ, բանվորներ, առաջնորդ, եւ կա քուրմը, որը վառ է պահում այնկողմնային գոյության հավանականությունը։ Սա քաղաքակրթության պրոգրեսի հիմքն է, սա է ամեն անգամ վերաճելու շանս տալիս։ Ես էլ մեծամտորեն ինձ վրա եմ վերցնում այդ դերը։

Մարտահրավերի պես  է հնչում։

Հասկանում եմ, որ ժամանակակից գրողի քուրմ լինելը մեծամտության պես է հնչում։ Հասկանում եմ, որ այն նաեւ իրատեսական չէ, որովհետեւ գրական տեքստն այդ աստիճանի սպառում, պահանջարկ եւ ազդեցություն չունի, բայց մյուս կողմից հավատում եմ իրականության վրա ներազդելու մոգական, «հմայական» հնարավորությանը։ Իմ փորձառությունն այդ է հուշում․ ինչքան մեծ էներգիա ես դու կենտրոնացնում, այնքան ուժեղ է աշխատում այդ էներգիան՝ անգամ եթե ուրիշների գիտակցության եւ հիշողության մեջ այն չկա իբրեւ արձանագրված փաստ։

Կարեն, զրույցն ամփոփենք մի հարցով, որը միշտ է հնչում Բալկոնում։ Ուզում եմ եզրափակենք քո ու Հայաստանի հարաբերություններով։

Հայաստանն իմ մարմնի շարունակությունն է, բայց ես եւ իմ մարմինը տարբեր բաներ ենք։

Դադար

Գիտես՝ այսքան երկար խոսելու փոխարեն մի նախադասություն կարելի էր ասել։

Ասա, վերջին նախադասությունն այդպես կլինի։

Այս համառոտ միտքն էր․ գրականությունը պետք է արթուն մնա՝ հետագա հեղափոխությունները հնարավոր դարձնելու համար։

Ամրագրեցինք։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *