Վերջակետ

Թե մի ամածյուռ հրաշագործ մոտենա ու ասի՝
ի՞նչ ա սիրտդ էս պահին ուզում․ Կարըս,
հուսալով, որ էս ա կքաղցրացնի երեկոս
մտածելով, որ էս ա կասեմ՝
նապոլեոն (շերտերով թխվածքը)
կամ սերկեվիլ, բրդոտ արևգույն
քաչալս լքած դասալիք մազերին
միգուցե դեր՝ մետրոպոլիտեն բալետում
պայծառատեսություն՝ երկու տարի անց
էդ անտեր բիթքոյնի կուրսը տեսնելու
ի վերջո՝ հայրենանվեր բան՝ կարգավորել
հարաբերությունները հայ-թուրքական,
կարդացած լինել մի հազար անուն գիրք,
որոնք կարդացած չլինելը պոետական ամոթ է
իսկ կարդալը՝ զուտ մարդկային անմտություն
կասեմ չէ, չէ, ոչ, նյետ, սպասիր,
գիտես ինչ եմ ուզում հիմա, ազիզ,
ուզում եմ մի ցուրտ ու մռայլ ծովում
սառցե բեկորի վրա մենակ կանգնած լինել
քամի չլինի, լինեն աննշմար ալիքներ
վերևներից հնչի մի ապոկալիպտիկ-սիրերգոտ բան
ասենք Վագների Տրիստան և Իզոլդայի նախերգանքը
ես դանդաղ շնչեմ և արտաշնչեմ
հյուսիսի ծավալուն լերդացած օդը
գրպանիցս հանեմ Նոյեմբերյանի կառալյոկը
մի հատ կծեմ, հետո․․․ այ հետոն ա կարևոր
ծովի կապտասև անդունդից մի երկնագույն կետ
դանդաղ, ոնցոր սլոու-մոուշն լողա դեպի ինձ
դիպչեմ էդ դանդալոշի սառը ու անզգամ մռութին
ինքը էսքան մեծ իմ տրտմության չափ
ու ես էսքան փոքր, ապահով ու անկապ փոքր
բայց մի տեսակ զգանք, որ ախպերներ ենք
այ էդ պահն ա շատ կարևոր, սերը կիսելու
կառալյոկիս կեսը տամ իրեն
ու ինքը, ազնիվ կաթնասունին վայել
երախտագիտությամբ վեր ցատկի ու չլոմփա
ուղիղ դիմացս, էսպես մի քանի մետրի վրա
սառն ու աղի ջրաշիթը դեմքիս ցայելով․․․
ահա թե ինչ է հիմա սիրտս ուզում, հրաշագործ,
ահա թե ինչ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *