Կապով

Քեզ պատմեմ ցավերս
ողնաշարիս ողջ երկայնքով,
կող առ կող, ող առ ող,
անոթներիս թունելների միջով
նյարդաթելերիս կծիկների՝
մանրամասն պատմեմ –
դու քո ցավերը հերթական համարես,
քմծիծաղով ուռես մեջդ,
անդարդ զգաս։
Քեզ պատմեմ ուրախություններս
օրերիս երկայնքով ծաղկող
պահերը ջանջալացնեմ՝
սարքեմ չաղ վեպեր,
կենցաղը արկածներ դարձնեմ
ճամփորդությունների
սովորականության աննշմար սահքը՝
բոմբասծիկ անեկդոտներ
սովորականությունդ թթվի վրադ՝
թվա անտանելի սև գրանիտ,
բանտարկված հրեշ դառնա օրդ –
ապրելու կիրք ու կրակ փնչա։
Քեզ պատմեմ քո չեղած տեղերի մասին․
իբր դռներ կան փակ անդրաշխարհում
ու բանալի կա կենտ ընտրյալների համար,
իբր աստված պիտի քեզ փորձության տանի,
իսկ սատանան պիտի առաջարկի հետո,
արյուն խառնել իր հետ այդ բանալու դիմաց։
Հետո ներսում եղած մեկի վստահությամբ
պատմեմ մռայլ ու մեծ, պատմեմ խորը ու նուրբ,
պատմեմ անդնդախոր, պատմեմ սիրուն,
ինսայթների լեզվով, արտահոսքի,
որ համ արյուն պզզա տողատակից
համ էլ բուրի հանց խունկ երանավետ,
էնքան դավիտ անեմ քո փոքրության վրա
էնքան լխճեմ չիմացության դախությունդ,
որ դու մեկ էլ ասես՝
հա լավ այ ախպեր, ինչ էլ հավես ունեք
դե ես հելա, հելնեմ, կապով, կապով կլենք
ու հեռանաս քո էդ աննանուն բաների ծովը
խայծից պոկված կարասիկի նման։
Հավայի խայտող ձանձրասծիկի նման։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *